Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Ծնվել է 1799թ. հունիսի 6-ին: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները:
1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքին («Արզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:
Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812 թ-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817 թ.), «Գյուղը» (1817 թ.), «Չաադաևին» (1818 թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ (Եկատերինոսլավ, Կովկաս, Ղրիմ, Քիշնև, Օդեսա), որտեղ մնացել է 4 տարի (1820–24 թթ.): Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է. գրել է «հարավային պոեմները»՝ «Կովկասի գերին» (1820–21 թթ.), «Ավազակ եղբայրները» (1821–22 թթ.), «Բախչիսարայի շատրվանը» (1823 թ.), «Գնչուներ» (1824 թ.) և այլ գործեր, որոնց ուժեղ ու հպարտ հերոսները հակադրվում են իրականությանը, պայքարում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների համար:
1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:
Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):
1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքում («բոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է: Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:
Պետրոս I Մեծ ցարի կյանքին ու գործունեությանը, նրա մեծ բարեփոխումներին են նվիրված «Պոլտավա» (1828 թ.), «Պղնձե հեծյալը» (1833 թ.) պոեմները, «Պետրոս Մեծի սևամորթը» (1827 թ.) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835 թ.) աշխատասիրությունը: «Պղնձե հեծյալը» գրողի ամենաբարդ և խորիմաստ երկերից է. փառաբանելով Պետրոս Մեծի գործունեության պատմական նշանակությունը՝ Պուշկինը միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի ու «փոքր մարդու» իրավունքների հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը:
Պուշկինը բազմիցս անդրադարձել է ժողովրդական բանահյուսության սյուժեներին ու կերպարներին, մշակել դրանք՝ ստեղծելով կատարյալ գործեր:
Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836 թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:
Կյանքի վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել: