Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ժորժ Սանդ

Ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունը` Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն) ծնվել է Փարիզում 1804թ.-ի հուլիսի 1-ին: 1808 թվականը դառնում է ճակատագրական Ժորժի համար` մի քանի օրում կարծես մի հզոր փոթորիկ է ներխուժում նրանց ընտանիք՝ իր ետևից թողնելով միայն ավերակներ: Մեկ շաբաթում նա կորցնում է փոքրիկ եղբորը, 10 օր անց մահանում է հայրը:

Ժորժը մայրիկի հետ տեղափոխվում է ապրելու տատիկի տանը` դեպի Փարիզի արվարձաններ:

 

 

 

Սակայն այս կանայք միմյանցից այնքան տարբեր էին, որ մեկ կտուրի տակ ապրում էին տարբեր կենսակերպերով՝ խուսափելով միմյանց հետ շփումից: Շատ շուտով նրանք սկսեցին վիճել նաև Ժորժին դաստիարակելու համար: Այս պայքարում հաղթեց տատիկը: Մայրը տեղափոխվեց ապրելու մեկ այլ բնակավայր՝ խոստանալով, որ մի օր Ժորժին անպայման կտանելի իր մոտ: Այս խոստումը նա այդպես էլ երբեք չկատարեց: Սա դարձավ սարսափելի ցավոտ մի վերք Ժորժի համար, որը բուժվեց միայն նրա մոր մահից հետո:

 

Պատանեկության տարիներին Ժորժը 2 տարի ապրում է մենաստանում իր տատիկի հետ: 1821թ., երբ մահանում է նրա տատիկը, Ժորժը օրեր շարունակ կրկնում է միայն մի նախադասություն` «Դու կորցրիր քո լավագույն ընկերոջը»:

 

Ժորժ Սանդը տատիկի մահը  այնքան ծանր էր ապրում, որ հետագայում ասում էր` «Իմ մի մասնիկը մահացավ նրա հետ միասին»: 1821թ. նա ամուսնանում է իրենից տարիքով շատ մեծ Քասիմիր Դուդեվանտի հետ: Սա մի ամուսնությունն էր, որը կառուցվեց ոչ թե սիրո, այլ սոցիալական հողի վրա: Ժորժը որոշում է օգտվել ընձեռnված հնարավորությունից` հասարակության մեջ բարձր դիրք ունենալու համար: Սակայն ամուսնանալով նա հայտարարում է. «Ես կարող եմ դեռ սիրել և ազատ կսիրեմ նրան, ում ուզում եմ»: Ամուսնությունից որոշ ժամանակ անց նա ունենում է առաջին երեխան` Մորիսին:

 

Ժորժը սիրահարվում է մի երիտասարդ ուսանողի` Ջուլես Սանդիաին: Վերջինս պատուհանով գաղտնի մտնում էր Ժորժի երրորդ հարկում գտնվող ննջարան:

 

Շուտով նրա ամուսնությունը սկսում է հիշեցնել քաոս` խաբեություն, հիասթափություն, ստորացում: Ամուսնությանը դրվում է վերջակետ 1836թ.: Սակայն մինչ այդ ծնվում է նրա աղջիկը` Սոլանժը:

 

1831թ.-ից նա սկսում է գրական գործունեությունը: Շուտով Ժորժ Սանդ անունը դառնում է հայտնի: «Լեյլա»` ահա նրա առաջին ստեղծագործությունը: 1836թ. նա գրում է «Վենետիկյան սիրո պատմությունը» ՝ նվիրելով այն Ալֆրեդ Մյուսեին և իրենց սիրո բուռն պատմությանը: 40 տարեկանում լույս է տեսնում «Կոնսուելո», «Անկախության հասունացումը», «Ինդիանա» ստեղծագործությունները:

 

Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում է նաև «Իմ կյանքի պատմությունը» (1855թ.), «Ինտիմ օրագիր» (1834թ.), «Միայնության ամրոցը» (1851թ.):

 

Ժորժը մահանում է 1876թ.-ի հունիսի 8-ին:



Հատվածներ  «Ինդիանա» գրքից՝


 

Սրտից բխող սիրո մեջ ավելի հանկարծակի առաջացած հզորություն կա, քան վաղանցիկ ցանկասիրության պոռթկումի մեջ…

 

 Զգայուն հոգում ծնված առաջին սերը միշտ մաքուր ու փխրուն է լինում:

 

Փառասիրություն բառը չեմ կապում ոչ նյութականի, ոչ էլ փառամոլության հետ:

 

 Թույլ մարդիկ միշտ վախով ու նախազգուշացումներով են ապրում:

 

 Եսասիրությունը մեզ մղում է մարդկանց լավություն անել, որպեսզի թույլ չտանք նրանք մեզ վատություն անեն: Բոլորին հայտնի է, ես եսասեր եմ: Վարժվել եմ այդ բառին, այլևս չեմ ամաչում, ուսումնասիրել եմ ամեն տեսակի առաքինություն և հանգել եմ այն եզրակացության, որ ամեն ինչի հիմքում ընկած է անձնական շահը: Սերն ու բարեպաշտությունը, որոնք արտաքուստ վեհ զգացմունքներ են, գուցե ամենից շատ են հիմնված շահի վրա, հայրենասիրությունը նրանցից հետ չի մնում, հավատացեք:


Նույն շարքից