Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ֆրանց Կաֆկա

 

Ավստրիացի գրող, ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883թ.-ի հուլիսի 3-ին: Նա 1901թ. ավարտել է գիմնազիան, 1906թ.՝ Պրահայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1908–1922թթ. աշխատել է ապահովագրական գործակալությունում:

 

 

Կաֆկան գրել է գերմաներեն:  1913թ. լույս են տեսել «Հետազոտություն» պատմվածքների ժողովածուն, «Դատավճիռ», «Հնոցապան» պատմվածքները: 

 

Կաֆկան 1915թ. արժանացել է Գերմանիայում հեղինակավոր Ֆոնտանեի գրական մրցանակին: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–1918թթ.) հետո հրատարակել է «Ուղղիչ գաղութում» (1919թ.) պատմվածքը, «Գյուղական բժիշկ» (1919թ.), «Քաղցած մնալու վարպետը» (1924թ.) պատմվածքների ժողովածուները: Մահից առաջ Կաֆկան կտակել է այրել իր ձեռագրերը, բայց նրա մտերիմ ընկեր ու բարեկամ Մաքս Բրոդը 1925–1926 թթ.-ին հրատարակել է 3 անավարտ վեպերը («Ամերիկա», «Դատավարություն», «Ամրոց») և անտիպ պատմվածքները («Չինական պատի շինարարությունում», ժողովածու), որոնցով էլ նա համաշխարհային ճանաչման է արժանացել: Անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ, ինքնադատափետումը, շրջապատող աշխարհի հիվանդագին ընկալումը խոր հետք են թողել նրա ողջ ստեղծագործության վրա:

 

Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում արտացոլվել է XX դարի ամենահրատապ խնդիրներից մեկը՝ մարդու օտարումն աշխարհից: Նրա հերոսները միայնակ, փոքր ու խեղճ  մարդիկ են, որոնք ներկայանում են մղձավանջային կամ հեքիաթային-արկածային իրավիճակներում, և նրանց փրկություն չկա:

 

 

Կաֆկայի նկարագրած  աշխարհում մարդու փոխակերպումն անշրջելի է. մարդը միայնակ է, և ոչ ոք չի կարեկցում նրան: Գրեգորն ինքնասպան է լինում, որովհետև միայնությունն անհաղթահարելի ցավ է պատճառում նրան: 

 

 

Իսկ «Ամրոց» վեպը Վառնավա ընտանիքի անխուսափելի կործանման պատմությունն է: Այստեղ գրողի մտորումները մեղքի, խղճի խայթի, փրկության և հույսի, արդարության ուղիների մասին են:

 

Նույն շարքից