Մշակույթ 

XVI-XX դարերի արևմտաեվրոպական գծանկարը`մեկ ցուցադրությունում

 Հուլիսի 18-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «XVI-XX դարերի արևմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 11-ը:


Ցուդադրության մեջ ներառված են XVI-XX դարերի եվրոպական վարպետների ավելի քան 100 ստեղծագործություն, եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցներ` Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:

Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել են նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաև` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ: 

Արվեստաբանության մեջ գործածվող «գծանկար» հասկացությունը միանշանակ չէ: Այն կարող է նշանակել և ձևին` գծանկարին, տիրապետելու նկարչի ունակությունը, և հատուկ տեխնիկա: Գծանկարի զարգացման ընթացքում շրջադարձային է եղել թղթի օգտագործումը, որը Եվրոպայում հայտնվել է XI-XII դարերում. լինելով տասն անգամ ավելի էժան, XIV դարում փոխարինել է նկարիչների կիրառած մագաղաթին:


Թուղթը նպաստել է փորձնական, օժանդակ նկարների ստեղծմանը: Նկարիչը հնարավորություն է ստացել աշխատելու ավելի ազատ, առավել ինքնատիպ, ինչն էլ նպաստել է սեփական ոճի ու արտահայտչական լեզվի ձևավորմանը: Աճել է նաև գծանկարների քանակը, այնուհետ, դրանք գնահատվում էին որպես ինքնուրույն արժեք: Ամենավաղ գծանկարներն այժմյան ըմբռնմամբ վերաբերվում են XV դարին:


Համաձայն ընդունված կարծիքի` եվրոպական գծանկարը ծնունդ է առել Իտալիայում, իսկ ձևավորվել ու ծաղկում է ապրել Վերածննդի ժամանակաշրջանում, երբ արվեստում տեղի ունեցան նոր փոփոխություններ` պայմանավորված ժամանակի նվաճումներով: Գծանկարը դարձավ արվեստի առանձին տեսակ և լիապես դրսևորվեց իր ողջ բազմազանությամբ:

Նույն շարքից