ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ | Հաճոյանալով ստվերին
Երբ գրողը դիմում է օտար լեզվի, նա անում է դա կամ անհրաժեշտությունից դրդված, ինչպես Կոնրադը, կամ այրող փառասիրությունից, ինչպես Նաբոկովը, կամ էլ հանուն ավելի մեծ օտարացման, ինչպես Բեքքեթը: Պատկանելով այլ լիգայի` 1977 թվականի ամռանը Նյու Յորքում, ապրելով այդ երկրում հինգ տարի, Վեցերորդ պողոտայում գտնվող գրամեքենաների փոքր խանութում ձեռք բերեցի “Lettera 22” և սկսեցի գրել անգլերեն (էսսեներ, թարգմանություններ, երբեմն` բանաստեղծություններ) նկատառումներից, որոնք քիչ ընդհանրություն ունեին վերը նշվածների հետ: Իմ միակ ձգտումն այն ժամանակ, ինչպես և հիմա, Ուինստան Հյու Օդենին մոտ գտնվելու հնարավորություն ունենալն էր. նրան ես համարում էի 20-րդ դարի մեծագույն ինտելեկտներից:
Իհարկե, ես շատ պարզ գիտակցում էի իմ ձեռնարկման ապարդյունությունը, ոչ այնքան նրա համար, որ ծնվել էի Ռուսաստանում և ռուսաց լեզվում (որից չեմ պատրաստվում հրաժարվել և հուսով եմ` vice versa ), որքան այդ պոետի ինտելեկտի պատճառով, որն իմ կարծիքով չունի իր հավասարը: Այդ ջանքերի ապարդյունությունը ես գիտակցում էի նաև այն պատճառով, որ արդեն չորս տարի էր, ինչ Օդենը մահացել էր: Այնուամենայնիվ, կարծում եմ, անգլերեն գրելը նրան մոտենալու լավագույն միջոցն էր, նրա պայմաններում աշխատելը, եթե ոչ նրա ինտելեկտուալ խղճի օրենսգրքով դատվելը, ապա նրանով, ինչը հնարավոր էր դարձրել խղճի այդ օրենսգրքի գոյությունն անգլերենում:
Նրա համար, ով կարդացել էր Օդենից թեկուզ մի պարբերություն կամ քառատող, այդ բառերը, նախադասությունների կառուցվածքն ինքնին վկայում էին իմ լրիվ ձախողման մասին: Ինձ համար, չնայած, իր չափանիշներով ձախողումը գերադասելի է հաջողությունից` ուրիշների չափանիշներով: Բացի դրանից` հենց ամենասկզբից ես գիտեի, որ դատապարտված եմ անհաջողության. արդյոք այդ կարգի սթափությունն իմ սեփակա՞նն էր, թե՞ փոխառնված էր նրա գրվածքներից, ես արդեն հանձն չեմ առնում դատել: Այն ամենը, ինչի հույսը ես ունեմ, իր լեզվով բացատրվելով, որ չեմ իջեցնի նրա մտածողության մակարդակը, դիտման հարթությունը: Դա ամենաշատն է, ինչ հնարավոր է անել նրա համար, ով մեզնից լավն է` շարունակել նրա ոգով, և դրանում է, կարծում եմ, բոլոր քաղաքակրթությունների իմաստը:
Ես գիտեի, որ խառնվածքով և մյուս առումներով ես ուրիշ մարդ եմ, և որ լավագույն դեպքում ես կհամարվեմ նրան նմանակող: Սակայն ինձ համար դա կլիներ հաճոյախոսություն: Եվ հետո` իմ տրամադրության տակ կար պաշտպանության երկրորդ գիծը. ես միշտ կարող էի հետ նահանջել դեպի իմ ռուսերենը, որտեղ ես ինձ բավական վստահ էի զգում, և որը եթե նա իմանար` գուցե դուր գար նրան: Անգլերեն գրելու իմ ցանկությունն ընդհանուր ոչինչ չուներ ինքնավստահության, բավարարվածության կամ հարմարավետության հետ. դա պարզապես ստվերին հաճոյանալու ցանկություն էր: Իհարկե, այնտեղ, որտեղ նա այն ժամանակ գտնվում էր, լեզվական պատնեշները հազիվ թե նշանակություն ունենային, բայց չգիտես ինչու ես մտածում էի` նրան ավելի դուր կգար, եթե ես բացատրվեի նրա հետ անգլերեն: (Չնայած, երբ ես փորձեցի դա անել Կիրխշտետտենում հիմա արդեն տասնմեկ տարի առաջ, ոչինչ չստացվեց. իմ անգլերենն այդ ժամանակ ավելի հարմար էր կարդալու և լսելու, քան խոսելու համար: Միգուցե դա ավելի լավ էր):
Այլ կերպ ասած, ընդունակ չլինելով վերադարձնել ողջ գումարը նրա, ինչ տրվել է, մենք աշխատում ենք գոնե նույն դրամով հատուցել: Վերջին հաշվով նա այդպես էլ վարվեց` փոխառելով “Դոն Ժուան”-ի տունն իր “Նամակ լորդ Բայրոնին”-ի կամ վեցաչափերն “Աքիլլեսի վահանը”-ի համար: Հաճոյանալը միշտ էլ պահանջում է ինչ-որ աստիճանի ինքնազոհաբերում և նմանեցում, հատկապես եթե հաճոյանում ես մաքուր հոգուն: Լինելով մարմնավոր արարած` այդ մարդն այնքան բան է արել, որ հավատը նրա հոգու անմահության հարցում կարծես անխուսափելի է դառնում: Այն, ինչի հետ նա մեզ թողեց, հավասարազոր է Ավետարանին` կյանքի կոչված և լցված սիրով, որն ինչպիսին ասես չի, բայց ոչ վերջավոր, սեր, որը ոչ մի կերպ ամբողջությամբ չի տեղավորվում մարդկային մարմնի մեջ և այդ պատճառով կարիք ունի բառերի: Եթե չլինեին եկեղեցիներ, մենք հեշտությամբ կարող էինք այս պոետի ստեղծածի վրա եկեղեցի կառուցել և նրա գլխավոր պատվիրանը կհնչեր մոտավորապես այսպես.
Եթե հավասար սեր հնարավոր չէ,
Թող ավել սիրողը ես լինեմ:
Անգլերենից թարգմանեց Սեդա Շեկոյանը