Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ալեքսանդր Մակեդոնացի

Զորավար, պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացին ծնվել է Պելլայում մ. թ.ա. 356 հուլիսի 21-ին։ Ալեքսանդր Մակեդոնացու (Մակեդոնիայի թագավոր մ.թ.ա. 336–323թթ.) ստեղծած տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:
 
Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց անձ, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: 
 
Մ.թ.ա. 334թ. հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333թ.-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել է: 332թ. գրավելով բոլոր նավահանգիստները` Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ.թ.ա. 332–331թթ. առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը: 331թ.-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել, Իրաք) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է պարսկական բանակը (Գավգամելայի ճակատամարտ): Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:
 
Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, որոնք պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվել են թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորք է ուղարկել` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը: Հայերը, սակայն, թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:
 
Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329թ. ներխուժել է Միջին Ասիա, 327թ.-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326թ. գրավել Փենջաբը: Հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը` դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324թ. վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: 
 
Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը:

Նույն շարքից