Առողջապահություն 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՈՒՄ

analitik.am
Արդեն 25 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում նոր կազմակերպություններ, խմբեր և առանձին անհատներ ներգրավելու նպատակով: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առիթ է խոսելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրների, մեր երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքների, ձեռքբերումների և առկա խնդիրների մասին:
Շուրջ 32 տարի առաջ իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն այսօր դարձել է հազարամյակի` մարդկության զարգացմանը խոչընդոտող մարտահրավեր, իսկ ՄԻԱՎ համաճարակը ստացել է համավարակի բնույթ, որից չի խուսափել աշխարհի և ոչ մի երկիր: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500: 

Սկսած 2002 թվականից, երբ Կառավարությունը հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման առաջին ազգային ծրագիրը` Հայաստանը գրանցել է զգալի նվաճումներ համաճարակին հակազդման գործում, ինչի մասին բազմիցս փաստել են տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի տարբեր պաշտոնյաներ և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի քարտուղարությունը: Կարևոր ձեռքբերումներից են՝
•հակառետրովիրուսային բուժման հասանելիությունը, ինչի շնորհիվ ՄԻԱՎ վարակ ունեցող 500-ից ավելի անձանց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրա¬պետական կենտրոնում (ՁԻԱՀ-ի ԿՀԿ) տրամադրվում է անվճար բուժում՝ տալով նրանց լիարժեք կյանքով ապրելու, աշխատելու և իրենց ընտանիքների մասին հոգալու հնարավորություն,
•ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը, ինչի շնորհիվ 2007 թվականից այդպիսի կանխարգելում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որևէ դեպք չի արձանագրվել,
•դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք հանրապետությունում չի արձանագրվել 2001 թվականից ի վեր,
•համաձայն Գլոբալ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի երկրորդ փուլի (2012թ. հոկտեմբեր–2013թ. մարտ) կատարողականի պաշտոնական գնահատման արդյունքների` «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է գերազանց` արժանանալով А1 գնահատականի, ինչը նշանակում է 100%-ից բարձր կատարողական:
ՀՀ կառավարությունը, կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման խնդիրն ու հետևողական լինելով տարբեր հռչակագրերով ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2013-2016թթ. Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման երրորդ ազգային ծրագիրը, որի շրջանակներում երկրում շարունակում են իրականացվել կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կան-խարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետա¬զո-տություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտութ¬յուններ և այլն: 
Հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում են կան¬խար-գելիչ ծրագրեր և միջոցառումներ ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող և խոցելի խմբերի շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հարակից թեմաների վերաբերյալ գիտելիքներ են ուսուցանվում ավագ դպրոցում «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում: 
Ընդհանրապես ՄԻԱՎ-ին արդյունավետ հակազդումը ենթադրում է համալիր միջոցառումներ հետևյալ ուղղություններով` կանխարգելում, բուժում, խնամք և աջակցություն: 
Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ կարծրատիպերից զերծ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Այդ ուղղությամբ բնակչության տարբեր խմբերում անցկացվում են տեղեկատվական-կրթական աշխատանքներ` հաշվի առնելով այդ խմբերին բնորոշ վարքագծային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ՄԻԱՎ-ով վարակմանը: Տեղեկատվական-կրթական աշխատանքները նպատակաուղղված են նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակից խուսափելու միջոցների մասին:
Կանխարգելման կարևոր բաղադրիչը ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվությունն ու հետազոտությունն է (ԽՀ), որը կարող է լինել պարտադիր, այցելուի նախաձեռնությամբ և բուժաշխատողի նախաձեռնությամբ: Ըստ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի` պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության ենթակա են միայն արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների, օրգանների դոնորները և ՄԻԱՎ ունեցող մայրերից ծնված երեխաները: Բուժաշխատողների նախաձեռնությամբ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և խորհրդատ¬վություն պետք է տրամադրվի կլինիկական ցուցումներով այցելուներին, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդիկ), ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին (քրեակատարողական հիմնարկ¬ներում գտնվողներ, միգրանտներ և նրանց զուգընկերներ), հղիներին: Բնակչության բոլոր խմբերն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ստանալու ՄԻԱՎ-ի վերա¬բերյալ ԽՀ: 2012թ. ՄԻԱՎ-ի վերաբերյալ ԽՀ անցած մարդկանց թիվը 2004թ. համեմատ աճել է 5.5 անգամ: Վերջին տարիներին կտրուկ աճել է հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա¬զոտութ¬յունների թիվը, ինչը պայմանավորված է հետազոտությունների հասա¬նելիության մեծացմամբ: Այսպես, եթե 2004թ. հետազոտվել է ընդամենը 3219 հղի, ապա 2012թ.՝ 43734 հղի, տարեկան հղիությունն ավարտած 45017 կանանց պարագայում: Հետազոտությունների քանակի մեծացման հետ մեկտեղ բարելավվել է ՄԻԱՎ-ի հայտնաբերումը հղիների շրջանում, ինչը հնարավորություն է տվել իրականացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման արդյունավետ կանխար¬գելում:
 Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ-ի ախտորոշումն ու հայտնաբերումը, բարձրացել է համաճարակաբանական հսկման համակարգի արդյունավետությունը: Դա պայմանավորված է լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացմամբ, ինչի արդյունքում աճել է հետազոտությունների և արձանագրվող դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման բարելավումը պայմանավորված է նաև բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակի աճով, որոնք ավելի հաճախ են կլինիկական ցուցումներ ունեցող հիվանդներին ուղեգրում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու համար: Բուժաշխատողների շրջանում գիտելիքների մակարդակի աճին զգալիորեն նպաստել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացի անցկացումը ՁԻԱՀ ԿՀԿ-ում: ՄԻԱՎ վարակի արձանագրվող դեպքերի թիվն աճել է նաև այն պատճառով, որ վերջին տարիներին ավելացել է արդեն իսկ ՄԻԱՎ ախտորոշումով և հիվանդության կլինիկական ախտանշաններով մեր քաղաքացիների հետհոսքն ԱՊՀ երկրներից: Վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների կեսից ավելին հավանաբար վարակվել է արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում: Միայն 2012թ. ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 62%-ը կազմել են արտերկրում վարակվածները, մոտ 20%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 82% դեպքում առկա էր միգրացիայի գործոնը: Ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում գրանցված ՄԻԱՎ-ով հիվանդների 52%-ը արտերկրում վարակվածներն են, մոտ 23%-ը՝ նրանց զուգընկերները, այսինքն՝ 75% դեպքում կրկին առկա է միգրացիայի գործոնը: Ահա թե ինչու այսօր չափազանց կարևորվում է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ-ի կանխարգելման աշխատանքների ընդլայնումը: 2013 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում իրականացվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրեր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում: 
ՄԻԱՎ-ը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել, սակայն այսօր իրավիճակը փոխվել է այն առումով, որ հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման շնորհիվ` վարակն այսօր դիտվում է որպես երկարատև ընթացքով քրոնիկ հիվանդություն և այլևս չի նշվում հիվանդի կյանքի վերին սահման: ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ-ի զարգացման ընթացքը, ոչ միայն երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքը, այլև բարելավել դրա որակը, զգալիորեն նվազեցնել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը և հիվանդների շրջանում մահացությունը: 
Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը, քանի որ բուժման արդյունքում վիրուսային ծանրաբեռնվածությունը, այսինքն` արյան մեջ շրջանառվող վիրուսների քանակն էապես նվազում է: Վերջին հետազոտությունների համաձայն` ՀՌՎ բուժումը կարող է 96%-ով կանխարգելել զույգերի շրջանում ՄԻԱՎ-ի փոխանցումը: Առկա տվյալները թույլ են տալիս նաև ենթադրելու, որ ՀՌՎ բուժման շնորհիվ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհում այսօր 30-50%-ով ավելի քիչ է, քան կարող էր լինել այդ բուժման բացակայության դեպքում, այսինքն` բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն: 2005 թվականից ՁԻԱՀ ԿՀԿ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներին անվճար տրամադրվում է ՀՌՎ բուժում, որը հասանելի է բոլոր հիվանդներին, որոնք ունեն բուժման ցուցում: 2013թ. նոյեմբերի 29-ի դրությամբ բուժում է ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով 573 հիվանդ: 
Հարկ է նշել, որ բուժման արդյունավետությունը մեծապես կախված է ժամանակին սկսելուց: Այսօր մեծ տոկոս են կազմում արդեն հիվանդության ախտանշանների դրսևորման փուլում ախտորոշում ստացող հիվանդները: Այսպես, վերջին 6 տարվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի դեպքերի մոտ 63%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազո-տութ¬յունների արդ¬յուն¬քում՝ հիվանդության ուշ փուլերում, 22%-ը վերադարձել են Ռուսաստանից` արդեն իսկ ախտորոշումով: Նույն միտումը նկատվում է նաև այս տարի: Անցած 11 ամսվա ընթացքում արձանագրված ՄԻԱՎ-ի 205 դեպքի գրեթե 70%-ը նույնպես հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրակա¬նացված հետազոտութ¬յունների արդյունքում: Նշված իրավիճակն անդրադառնում է ՄԻԱՎ-ից մահացության ցուցանիշի վրա: Մտահոգիչ է, որ ՀՌՎ բուժման հասանելիության պայմաններում ՄԻԱՎ-ից մահացությունը մեծապես պայմանավորված է վարակի ուշ հայտնաբերմամբ, և, հետևաբար, անհրաժեշտ բուժումն ուշ սկսելով: Հիվանդության ուշացած ախտորոշման պատճառների թվում են ռիսկային վարքագծի հետևանքների չգիտակցումը կամ անտեսումը, սեփական և զուգընկերոջ առողջության հանդեպ պատասխանատվության բացակայությունը, նախքան հիվանդության ախտանշանների դրսևորումը հետազոտություն անցնելու մշակույթի բացակայությունը: Հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը նախքան հիվանդության կլինիկական դրսևորումների ի հայտ գալը: Հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին բուժում, խնամք, աջակցություն տրամադրող ծառայություններ դիմելու, այլև նպաստում է ՄԻԱՎ-ի հետագա տարածման կանխմանը: Հիվանդության վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է հղիների կամ հղիություն ծրագրող կանանց համար, քանի որ ժամանակին իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՄԻԱՎ ունեցող կինը կարող է 98-99% դեպքերում ունենալ վարակից զերծ երեխա: Ուստի, խրախուսվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը` պարզելու կարգավիճակը:
 
Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: Բուժումը պետք է տրամադրվի հիվանդին ողջ կյանքի ընթացքում, իսկ ցուցում ունեցող բոլոր հիվանդներին բուժման հասանելիությունն ապահովելու համար պետք է ոչ միայն պահպանել դրա ներկայիս ծավալները, այլև տարեցտարի ընդլայնել: ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները չեն կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Կարիք կա մեծացնելու իրականացվող ծրագրերի աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը, ինչպես նաև ընդլայնելու տրամադրվող ծառայությունների շրջանակն ու բարձրացնելու դրանց արդյունավետությունը: Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապա-հովելու համար անհրաժեշտ են համապա¬տասխան միջոցներ, որոնց հայթայթման ուղ-ղությամբ երկրում կատարվում են որո¬շակի քայլեր: Այս առումով անգնահատելի է միջազ¬գային կազմակերպութ¬յունների կողմից տրամադրվող աջակցությունը:
ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը: Ընդունելով այդ մարտահրավերը` ՀՀ առողջապահության նախարարությունը, հանձին իր ենթակայության մասնագի-տացված կառույցի՝ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի, շարու¬նա-կելու է իրականացնել նպատակաուղղված գործունեություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում ազգային ռազմավարությունները կյանքի կոչելու և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդելու ուղղությամբ: 

ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից