Մշակույթ 

Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Կոմիտասը դարակազմիկ երևույթ է, հայ երաժշտական մշակույթի այն բացառիկ երախտավորը, որի մասին գրվել և շարունակվում են գրվել աննախադեպ թվով հետազոտություններ, մենագրություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեծաքանա­կությունն արդեն պայմանավորել է կոմիտասագիտության սկզբնավորումն ու զար­գացումը:

 

Կոմիտասն իր ստեղծագործական ոչ երկարատև կյանքի ընթացքում ծավալել է բազմակողմանի ու արդյունաշատ գործունեություն՝ մեծապես կանխորոշելով հայ երաժշտական արվեստի զարգացման հետագա ուղիները: Նա հանդիսանում է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիրը և իր նախորդների նվա­ճումների և համաշխարհային հարուստ փորձի օգտագործման ճանապարհով ստեղ­ծել է հայ երաժշտության ազգային ոճը՝ խարսխված հայ ժողովրդական երգի վրա:

 

Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմա­կերպությունների արխիվներում և պահոցներում: Գերակշիռ մասը, ինչպես նաև ռոյալն այսօր գտնվում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Կոմիտասին վերաբերող հսկայածավալ նյութեր պահպանվում են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվում, բազմաթիվ հրատարակություններ, վավերագրական, գե­ղարվեստական ֆիլմեր, ձայնային և լուսանկարչական, տեսագրված նյութեր կան արխիվներում:

 

Վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով՝ 2013 թ. մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում: 

 

2014 թ. հուլիսի 24-ի ՀՀ կառավարությունը հաստատեց «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը: 

Թանգարան-ինստիտուտը կառուցվում է զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործ­ման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայ­կական հիմնադրամը՝  իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:


Ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Այն լինելու է ոչ միայն զուտ թանգարան, այլև ակտիվ, պարբերաբար անցկացվող միջոցառումներով թանգարան-մշակութային կենտրոն, որտեղ հնարավո­րություն կլինի ծանոթանալ Կոմիտասի ժառանգությանը, հաղորդակից լինել հայ հոգևոր և ժողովրդական երաժշտարվեստի պատմությանն ու ձևավորման գործըն­թացին: Թանգարանը կզբաղվի հայ անվանի երգահանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրմամբ, տարածմամբ և կստանձնի նաև երիտասարդ երգահանների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործառույթը: 

 

Այս նախաձեռնությունը համարվում է մշակույթի ոլորտի 2014 թվականի գերակա ուղղություններից մեկը: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ 2014 թվականին լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և այս առիթով տարին հռչակվել է որպես Կոմիտասի տարի: Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այցելուների առջև իր դռները կբացի 2014 թվականի տարեվերջին: 


Նույն շարքից