Հայ նկարիչ Հարություն Կալենցը ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում 1910թ. օգոստոսի 18-ին։ Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։
Եղել է 1932թ.-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1939թ.-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942թ.-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։
1946թ.-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966թ.-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967թ.-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Լավագույն գործերից են` «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ.Պլիսեցկայայի, Ա.Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։