Մշակույթ 

Օրվա ծնունդը. Վարդան Աճեմյան

Հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանը (սեպտեմբերի 15, 1905, Վան - հունվարի 24, 1977, Երևան) 1915թ.-ի գաղթի ժամանակ Վանից եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:
 
1924թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան), 1926թ.՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան:
 
Բեմական գործունեությունն սկսել է 1927թ., կազմակերպել ու ղեկավարել է Թիֆլիսի հայկական դրամատիկական ստուդիան, ապա եղել Լենինականի դրամատիկական թատրոնի դերասան, գեղարվեստական ղեկավար, 1939թ.-ից` Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, 1953-ից` գլխավոր ռեժիսոր:
 
1944թ.-ից դասավանդել է գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1947–50թթ. եղել  երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: Աճեմյանի գործունեության սկիզբը համընկել է թատրոնի զարգացման այն շրջափուլին, երբ նորարարական ոգին գերիշխում էր ավանդույթներին, իսկ երևույթները ժամանակակից ըմբռնումներով ներկայացնելը պահանջում էր բեմական նոր արտահայտչաձևեր: Այդ հոսանքի առաջատարներից էր նաև Աճեմյանը:
 
Նրա ստեղծագործության ակունքն անվանի ռեժիսոր Եվգենի Վախթանգովի արվեստն էր. պատահական չէր, որ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի Աճեմյանի բեմադրությունը համեմատել են Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Աճեմյանը ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» և այլն: 
 
Մի շարք պիեսներ է բեմադրել Երևանի երաժշտական կոմեդիայի (Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Տիգրան Չուխաճյանի «Կարինե» և այլն), օպերայի և բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ» և այլն)  թատրոններում: Հայ թատրոնում Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի Աճեմյանի բեմադրությունը հասել է կատարելության: Նրա բոլոր ներկայացումները ստեղծվել են պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով, ինքնատիպ մտածողությամբ: Աճեմյանի ռեժիսորական ուշագրավ աշխատանքներից են նաև Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել», Վրթանես Փափազյանի «Ժայռ», Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլ ներկայացումներ: Նա նաև նկարում էր («Ժպիտներ, ընկերական շարժերի ալբոմ», 1968թ.), այդ պատճառով էլ մեծ նշանակություն էր տալիս ներկայացումների նկարչական ձևավորմանը: 
 
Աճեմյանի արվեստը բարձր են գնահատել ժամանակի արվեստագետները, քննադատները, նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր: 
 
Աճեմյանի անունով են կոչվել Գյումրիի դրամատիկական թատրոնը և Լոս Անջելեսի հայկական թատրոններից մեկը:

Նույն շարքից