Դանիացի ֆիզիկոս Նիլս Բորն ատոմի կառույցի քվազիդասական տեսության հեղինակն է: Նիլս Բորն առաջարկել է ատոմի կառույցի արդի մոդելը:
Բորը, 1907թ. ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում: Կատարված հետազոտությունների հիման վրա 1913 թ. նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը:
1916թ. նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1920թ.-ից մինչև կյանքի վերջը` իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը:
Մինչև Բորի` ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը, դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում:
Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե´ նրա կառուցվածքը, թե´ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն կապված են քվանտի գոյության հետ: Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է:
Այդպես, Բորն առաջինն ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա:
XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922թ. Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ: Իսկ մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան:
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը: Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները: Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո´չ տարիք, ո´չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են:
Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ: Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով` մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից: Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա կոչ էր անում արգելել միջուկային զենքը: