Հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ. Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ վիպասանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ չի մնացել։
Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ վեց տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։
1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) մոտ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։
Նույն թվին Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը մի խումբ գիտնականների ուղեկցությամբ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին` որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, մասնակցելու այդ գիտական արշավախմբին։
1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։
Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը...») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները` ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհետացումն էր, որի ստույգ մանրամասները ցայսօր թաղված են թանձր խավարում։
Ա.Բակունցի կարծիքով Աբովյանը գնացել է 1848թ.` մասնակցելու Եվրոպական հեղափոխություններին։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ.Ավետյանը համոզված էր, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։
Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ.Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ: Նման վկայություն առկա էր նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։
1927թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ.Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը` իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։
Խ.Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում ուսումնառության տարիներին Աստրախանի իր ընկերոջից 1883թ. ստացել է մի նամակ, որում նշվում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն.Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է Խաչատուր Աբովյանին։