Ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ Իվան Լազարևը ծնվել է 1820թ.-ի հոկտեմբերի 17-ին: Ավարտել է Շուշիի գավառական ուսումնարանը: 1839 թվականին ծառայել է 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ: 1842 թվականին Կովկասյան պատերազմում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով:
1850 թվականին նշանակվում է Մեխթուլինյան խանության կառավարիչ, 1854 թվականին՝ Դարգինյան շրջանի կառավարիչ:
1860 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-մայորի կոչում: 1861 և 1863 թվականներին իր հեղինակության շնորհիվ հանդարտեցնում է Դաղստանի խռովությունները:
1865 թվականից հրամանատար է եղել, իսկ 1866-ից՝ 21-րդ հետևակային դիվիզիայի պետ: 1866 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում:
1868-1877 թվականներին պահեստային սպա է եղել Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության ներքո: 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ:
Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար:
Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով:
Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվել է ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերազմի ավարտից հետո նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար:
1879 թվականին Լազարևը նշանակվել է Ախալ-Թեքինյան էքսպեդիցիայի հրամանատար, սակայն իր զորաբանակին հասնելուն պես՝ օգոստոսի 14-ին, մահացել է Չաթ գյուղում: Թաղված է Թիֆլիսում: