Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, Հայոց ցեղասպանության մասին իր ֆիլմը Թուրքիայում դեռևս չցուցադրած, արդեն սպառնալիքներ է ստանում: Թուրքական Evrensel պարբերականին տված իր հարցազրույցում, սակայն, նա նշել է, որ The Cut ֆիլմը ցեղասպանությանը չէ նվիրված, և ֆիլմը քաղաքական չէ:
Աքընը նշում է, որ ցեղասպանության թեման արծարծելու համար իրեն համարձակություն տվողը եղել է գրող, լրագրող, Հասան Ջեմալի՝ Ջեմալ փաշայի թոռան՝ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրքը:
«Եթե այդ ժամանակաշրջանի համար պատասխանատու փաշաներից մեկի թոռն օգտագործում է այդ բառը, ես ինչո՞ւ չօգտագործեմ: Այդ գիրքը վաճառվում է գրախանութներում, դրվում է ցուցափեղկերին»,-ասել է նա:
-Ֆիլմ նկարելու համար շատ դեպքեր կան: Անվիճելի է, որ Թուրքիայում ամենափակ թեման Հայոց ցեղասպանությունն է: Ֆիլմ նկարելու համար ինչո՞ւ այդ թեման ընտրեցիր:
-Ես այդ թեման չփնտրեցի, այն ինքն ինձ գտավ: Թուրքիայից եկած ընտանիքի երեխան լինելով՝ այն միշտ հետաքրքրել է, հատկապես, երբ այն տաբուի է վերածվել: Երբ ինչ- որ բան արգելվում է, հետաքրքրասեր և ուսումնասիրող եմ դառնում:
-Այդ հարցը Թուրքիայում դեռ տաբո՞ւ է:
-7 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը սպանվեց (պոլսահայ մտավորական-Tert.am), Ստամբուլի որևէ սրճարանում եթե ցեղասպանության մասին խոսեիր, սեղանակիցները դիմադրություն ցույց կտային: Այժմ գրեթե ամեն տեղ առանց փսփսալու կարող եք խոսել:
-Թուրք ժողովրդի տեսանկյունից ոչ մի բառ «ցեղասպանություն» բառի չափ քաղաքական չէ: Թուրքիայում այս բառն օգտագործո՞ւմ ես:
-Այո՛: Ինձ այդ հարցի համար ոգևորողը ճանաչված լրագրող Հասան Ջեմալի՝ 1915-Հայոց ցեղասպանության մասին գիրքը եղավ: Եթե այդ ժամանակաշրջանի պատասխանատուներից Ջեմալ փաշայի թոռն այդ բառն օգտագործում է, ես ինչո՞ւ չօգտագործեմ:
-Թուրքերի՝ իրենց պատմության այդ հատվածին առերեսվելն ինչո՞ւ է այդքան դժվար:
-Եթե մի ժողովուրդ պատմաբանների և քաղաքական գործիչների կողմից մշտապես խաբվել է.«Նման բան չի եղել, դա մի մեծ սուտ է» և այլ խոսքերով, ընտանիքներից, դասագրքերից, թերթերից այլ բան չի լսել, նրանց մեղադրել չեմ կարող:
Սակայն քաղաքական գործիչների հայտարարությունները, թե պատմությունը պետք է պատմաբաններին թողնել, սխալ է: Պատմությունը մեզ է պատկանում, մարդկանց, բոլորիս…
-Մինչ ֆիլմի նկարահանումը թեմային ինչպե՞ս ես պատրաստվել:
-Կարծում եմ՝ թեմային առնչվող մոտ 100 գիրք եմ կարդացել: Դրանց թվում Կուբա գաղթած մի հայի կենսագրականը, առանց ընտանիք մնացած երեխաների մասին նյութեր, անգամ՝ Հալեպի հասարակաց տների մասին պատմություններ կային:
Կյանքումս առաջին անգամ Հայաստան գնացի: Անշուշտ, եղա նաև Ցեղասպանության թանգարանում, ծանոթացա տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Նա ինձ պատմեց, որ շատ հայեր նախ Կուբա, հետո Ամերիկա են փախել: Դա անգամ հայերից շատերը չգիտեն: Ֆիլմումս դա էլ օգտագործեցի:
-Ֆիլմի հերոս Նազարեթը Մարդինում է բնակվում: Այդ քաղաքն ինչպե՞ս ընտրեցիր:
-Ֆրանսիացի պատմաբան Թերնոնի՝ Մարդինի հայերի մասին գրած գիրքն էի կարդացել: Մարդինը Սիրիայի սահմանից շատ հեռու չէ: Աշխարհագրական առումով և պատմության բերումով ցավալի այս պատմությունը պետք է այստեղից սկսվեր: Նազարեթի ուղևորությունը դեպի անապատ չպետք է երկար տևեր: Որոշեցի, որ Նազարեթը չպետք է լինի Դեր Զոր աքսորվածների թվում: Հակառակը, որոշեցի, որ Նազարեթին պետք է տանեն Ռաս ալ-Այնի փոքրիկ ճամբարը:
Այնտեղից Մարդին մի քանի օրում հնարավոր է հասնել: Ահա մեր հերոսն էլ քայլում է այդ ճանապարհով:
Ֆիլմը նկարահանելուց առաջ այդ ճանապարհորդությունը մենք էլ արեցինք: Սիրիայում պատերազմի սկզբից 6 ամիս առաջ էր:
-Գերմանիայի՝ ցեղասպանության հարցում ունեցած դերակատության մասին տեղյա՞կ էիր:Նրանք գիտեին օսմանցիների՝ հայերի առնչությամբ ունեցած պլաններից, սակայն ռազմավարական նկատառումներով որոշեցին չմիջամտել…
-Այո՛, Գերմանիան կոտորածների և այլ անմարդկային քայլերի մասին տեղյակ էր, սակայն չմիջամտեց:
Օսմանյան կայսրությանը չէր ցանկանում կորցնել՝ իբրև ռազմական դաշնակցի: Այդ պատճառով էլ չմիջամտեց, և թուրք պաշտոնյաներին չփորձեց կանխել:
-The Cut ֆիլմը ցեղասպանությա՞ն մասին է:
-Երկու դուստրերին գտնելու համար ողջ աշխարհը պտտած հոր պատմությունն եմ ներկայացնում: Հայրը ճանապարհորդում է դեպի արևմուտք՝ հասնելով մինչև Ամերիկա: Մի կողմից գաղթի, մյուս կողմից այլ երկրում տեղավորվելու պատմություն է:
Այդ պատմությունը ցեղասպանության հետնաբեմում է, սակայն այն ցեղասպանության մասին չէ: Քաղաքական գործիչ չեմ, և այդ պատճառով էլ ֆիլմում քաղաքականությամբ չեմ զբաղվել: Պատմության ցավալի և դեռ չքննարկված դեպքերի մասին մի պատմություն եմ պատմում:
The Cut ֆիլմում հայտնի չէ՝ ով է լավը, ով ոչ: Օրինակ՝ ֆիլմի հերոս Նազարեթը կարողանում է ողջ մնալ մի բարի թուրքի շնորհիվ: