Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ջեյմս Կուկ

Անգլիացի խոշորագույն ծովագնաց Ջեյմս Կուկը ծնվել է 1728թ.-ի հոկտեմբերի 27-ին Մարտոնում (Անգլիայի Յորքշիրի կոմսություն), մահացել է 1779թ., փետրվարի 14-ին, (Հավայան կղզիներ):
 

Նրա անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։

Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունը սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգ աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։ Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752թ. դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։ Յոթնամյա պատերազմի ընթացքում 1756—1762թթ. նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել  Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ 1768 Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար։ 1772 թվականին նշանակվել է «Ֆրենդշիփ» նավի նավապետի օգնական։
 
Գլխավորել է համաշխարհային օվկիանոսի հետազոտման 3 արշավախումբ, որոնց ընթացքում կատարել է աշխարհագրական հայտնագործություններ։ Առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1768 — 1771թթ.) նա հետազոտել է Նոր Զելանդիան, նավարկել  Հյուսիսային և Հաևավային կղզիների շուրջը, ապացուցել, որ դրանք առանձին կղզիներ են, գծել է դրանց ճշգրիտ քարտեզը, ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը, դրանք հայտարարել անգլիական տիրապետության տարածքներ՝ Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք։
 
Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ (1772 — 1775թթ.) Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին։ Այդ ընթացքում նա թափանցել է նաև հարավային բևեռային շրջանը՝ հասել մինջև հարավային լայնության 71 աստիճան 10, սակայն չի հաջողվել գտնել Հարավային ցամաքը։
 
Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1776 — 1779թթ.) ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները (Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը, Բերինգի նեղուցը, Չուկոտյան ծովը), ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին. այստեղ էլ սպանվել է բնիկների կողմից։
 
Նրա կազմած քարտեզները անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Կուկը հայտնի էր բնիկների նկատմամբ համբերատարությամբ և մեղմ վերաբերմունքով, հեղաշրջում է կատարել ծովագնացության մեջ՝ հաջողությամբ պայքարելով ցինգա հիվանդության դեմ, բացառելով մահացության դեպքերը։ Նրա նավակություններին մասնակցել են այնպիսի նշանավոր ծովագնացներ, ինչպիսիք են՝ Ջորջ Դիքսոնը, Ջոզեֆ Բանկսը, Ջորջ Վանկուվերը, Վիլյամ Բլեյը, Յոհան Ռեյնհոլդը։ Կուկն ամուսնացել է 1762 թվականին, ունենցել է 6 երեխա։
 
Նա շատ ժամանակ էր հատկացնոմ ընթերցանությանը, ազատ ժամանակը նվիրում էր աշխարհագրության, մաթեմատիկայի, աստղագիտության, ծովագնացության ուսումնասիրմանը։ 1757 թվականին Կուկը նշանակվել է «Փեմբրոուք» նավի նավապետ։
 
1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեքում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու։ Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ Կուկը հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով անգլիացիների կողմից Քվեբեկի գրավմանը։ 1768 թվականին, Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ, Ջեյմս Կուկն «Ինդեվըր» նավով գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումը, որի նպատակն էր ուսումնասիրել Վեներայի անցումն Արեգակի առջևով, ինչպես նաև՝ կատարել աշխարհագրական ուսումնասիրություններ Խաղաղ օվկիանոսում։ 
 
Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը, ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ թե Հարավային մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս։ Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառույցով։

Նույն շարքից