Թուրքիայում հայերենից թուրքերեն է թարգմանվել Հայաստանի պատմական մայրաքաղաք, 1001 եկեղեցիների քաղաք Անիի հազարամյա պատմությունը ներկայացնող «Անիի ավերակները» գիրքը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի համաձայն՝ վանահայր Գրիգոր Բալաքյանի` 1910թ. հրատարակված գիրքը թարգմանել են Սաթենիկ Ուստան և Անահիտ Հազարյանը: Գրքի թարգմանված տարբերակը «Անցյալի հոգնատանջ վկաները՝ Անիի ավերակներ» վերնագրի ներքո լույս է ընծայել Ստամբուլի «Փարոս» հրատարակչությունը:
Դեկտեմբերի 14-ին Ստամբուլում Հունաստանի դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են Գերապայծառ Լևոն Զեքիյանը, գրքի հովանավոր Պետրոս Շիրինօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանը և Յենիքյոյի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Լաքի Վինգասը:
Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ գրքի համաթարգմանիչ Սաթենիկը նշել է, որ գիրքը թուրքերեն թարգմանելու միտքն ծնվել է Ամերիկացի գրող Փիթեր Բալաքյանի հետ զրույցների արդյունքում: Վերջինս իր հերթին «Անիի ավերակները» թարգմանել է անգլերեն:
Իսկ Անիում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ճարտարապետ Իսմաիլ Յավուզ Օզքայան կարևորել է Նիկողայոս Մառի և նրա թիմի անգնահատելի ներդրումը Անիի վերաբերյալ պատմահնագիտական աշխատանքներում: Մառը մինչև 1917թ. զբաղվել է Անիի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններով և հայոց պատմական մայրաքաղաքի պեղումներով: