Մշակույթ 

Հայկական ճարտարապետության գլուխգործոցներ. Հաղպատի եկեղեցական համալիր

Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես 12-րդ դարի 2-րդ կեսից - 14-րդ դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր (Հաղպատի մատենադարանՀաղպատի դպրոցՀաղպատի Ավետարան)։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել ԱնեցիՄխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ 11-րդ դարի կեսերին ավերել ու կողոպուտի են ենթարկել սելջուկները, 1105-ին՝ Ղըզըլ Ամիրի հրոսակախմբերը, 18-րդ դարում տուժել է լեզգիների հարձակումներից, 1795-ին ասպատակել է Աղա Մահմեդ խանը։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր (ԿայանԱթոռիկ), շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան։

Հաղպատի վանքը հիմնադրվել է 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Տեղադրված է կիրճերով եզերված սարահարթի վրա, որի մատույցները վերահսկել է 13-րդ դարին հատկապես այդ նպատակով կառուցված Կայանբերդը։ Վանքըմիջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր գործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211 թվականի «Հաղպատի Ավետարանը»։ Համալիրի կազմում են Սուրբ Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

 

Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։ Հուշարձանների հիմնական խմբից դուրս են վանքի եռակամար, սրահավոր աղբյուրը (1258), Կուսանաց անապատը՝ վերձիգ համաչափություններ ունեցող ոչ մեծ՝ Տիրամոր եկեղեցով (13-րդ դար) և գեղաքանդակխաչքարերով, Սուրբ Աստվածածին (Ջգրաշեն), Սուրբ Սիոն (Առաջադեմ), Զորավարք (Սուրբ Գևորգ) եկեղեցիները (12-13-րդ դարեր), Կայանբերդ ամրոցը՝ Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցով (1233), Ջրաղացաձորի կամուրջը (13-րդ դար)՝ Շերեք գետի վրա ևն։ Գյուղի շրջակայքում կան հին գյուղատեղիներ։ Տարածքը եզերող ժայռերում փորված են բազմաթիվ մեծ ու փոքր այրեր, որոնցում թշնամական ասպատակությունների ժամանակ ոչ միայն պատսպարվել են բնակիչները, այլև թաքցրել են վանքի ձեռագրերը, մատյանները, հարստությունները։

 

 

Նույն շարքից