Դիանա Համբարձումյանի թարգմանությամբ լույս է տեսել 20-րդ դարի ամերիկյան գրականության ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը: Վեպը հայերեն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, 500 տպաքանակով: Սա վեպի երկրորդ հրատարակությունն է ՝ 650 տպաքանակով: Հրատարակիչն է «Անտարես» հրատարակչությունը, որը ձեռք է բերել Ֆոլքների երկու վեպերի՝ «Սարթորիս»-ի և «Երբ պառկած մեռնում էի» հեղինակային իրավունքը՝ հայերեն թարգմանության և հրատարակման համար: Այս հրատարակությունը հարստացել է նոր ծանոթագրություններով:
«Սա հրաշալիորեն վկայում է, որ մենք՝ հայերս, Ֆոլքներ ընթերցող, թարգմանող, գնահատող ժողովուրդ ենք, առաջին հրատարակության հինգ հարյուր օրինակը սպառվեց մեկ տարում, մեկ տարի հետո ոչ մի գրախանութում չկար գրքից և մինչև հիմա շատերն են հարցնում, թե երբ է վերահրատարակվելու», – Analitik.am-ի հետ զրույցում նշեց Դիանա Համբարձումյանը:
Շուտով առաջին անգամ հայերեն լույս կտեսնի նաև Ֆոլքների «Երբ պառկած մեռնում էի» վեպը՝ Դիանա Համբարձումյանի թարգմանությամբ: Շնորհավորում ենք ընթերցողներին և թարգմանչին՝ այս լավագույն նվերի համար: