Մշակույթ 

Մատենադարանում ցուցադրվեցին Ցեղասպանությունից փրկված ձեռագրեր և «Քեմալական կոտորածներ» ֆիլմը

Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի մի մասն այսօր առաջին անգամ ցուցադրվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։
 



Այս ցուցադրության մեջ ներառված են բացառիկ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր։ Ցուցադրությունում առանձնակի տեղ է գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի գործունեությունը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր։

 



Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, իրենց նպատակն է ներկայացնել ոչ միայն կորսված ձեռագրերի ահռելի չափը, այլ նաև ներկայացնել մեր մշակույթի կենսական ուժը, զորությունը, փրկչական առաքելությունը։

 

 

«Փրկված ձեռագրական ժառանգությունն անգամ վկայում է մեր մեծ մշակույթի մասին, որ համաքրիստոնեական մշակույթի մեջ այն իր ուրույն տեղն ունի։ Մեր խնդիրն է՝ ցուցադրել մեր ձեռագրական գանձերը։ Սրանց մեջ կան ձեռագրեր, որոնք մտել են համաշխարհային մշակույթի գանձարան, որոնց մասին գրվել են հարյուրավոր աշխատություններ»,-ասաց նա։

 

 

Հրաչյա Թամրազյանը նշեց, որ այսօր ոչ միայն մատենադարանի 6 ցուցասրահներում են ներկայացված Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրեր, այլ նաև հիմնական ցուցադրությունն է համալրվել նմանօրինակ ձեռագրերով։

 

 

«Ամեն ձեռագրի ետևում մի մարդ է, անձնազոհության մի պատմություն։ Կան նաև հերոս անհատներ, որ ոչ թե մեկ ձեռագիր են փրկել, այլ տասնյակ, հարյուրավոր, անգամ հազարավոր ձեռագրեր։ Մենք ցուցադրում ենք Վասպուրականի, Մուշի, Կարինի և այլ բնակավայրերից փրկված ձեռագրերի գլուխգործոցներ»,-ասաց նա։
 



Նշենք, որ ցուցադրությանն այսօր ծանոթացավ նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով ձեռագիր նվիրաբերեց Մատենադարանին, որը իրենից ներկայացնում է 17-րդ դարի նկարազարդ Ավետարան՝ ավետարանիչների էջադիր մանրանկարներով, կիսախորաններով և լուսանցազարդերով։

 

 

Մատենադարանում այսօր նաև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ Մատենադարանի պատրաստած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է 1919-1923թթ պատմական իրավիճակը, որի ընթացքում թուրքական իշխանություններն Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում բնաջնջեցին Հայոց ցեղասպանությունից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք՝ իրենց տները վերադարձած գաղթականներին։
 


Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Մա


տենադարանի գիտաշխատող Անահիտ Աստոյանը, քեմալական կոտորածները իրականում շատ ավելի դաժան են եղել, քան 1915թ-ի ջարդերը, ինչը օտարների վկայությունն է։


 

«Նրանք կիրառում էին ճիշտ երիտթուրքերի մեթոդները՝ հայ կանանց ու երեխաների թրքացում, հայերի կոտորածներ, տեղահանություն։ Թուրքիայի Հանրապետությունը նույնքան մեղավոր է Հայոց ցեղասպանության մեջ, որքան երիտթուրքերը»,- ասաց նա և նշեց, որ օգտագորվել է Այնթափի հերոսամարտի պատկերները, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու։
 



«Սցենարը մշակելիս օգտագործել եմ թուրք պատմաբանների ուսումնասիրությունները»,-ասաց Անահիտ Աստոյանը։



 

 

 

 

Նույն շարքից