Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները հանգեցրել են Թուրքիայում փախստականների նոր ալիքի։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը ռմբակոծում է հիմնականում չափավոր սիրիական ընդդիմության դիրքերը։
Այսօր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայում Ռուսաստանի գործողությունները համեմատել էր Աֆղանստանում ռազմական գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ վաղ թե ուշ ուժերը, որոնք ռազմական գործողություններ են անցկացնում Սիրիայում, կլքեն այն այնպես, ինչպես նախկինում լքեցին Աֆղանստանը։
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան ունի չափավոր ընդդիմության դիրքերին ռուսական ավիացիայի ռմբակոծությունների ապացույցներ։ «Սիրիայում խաղաղ բնակչության մահվան համար պատասխանատվություն են կրում Ռուսաստանը, Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահը»»,- ասել է Դավութօղլուն։