«Սա լայնածավալ հարձակում չէր»,-այսօր՝ ապրիլի 6-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին և պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու հայկական կողմը տեղյակ չի եղել լայնածավալ հարձակման մասին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքերով, մի քանի ուղղություններով եղել են միայն շեղող հարվածներ, իսկ հիմնական հարվածները հասցվել են հյուսիս-արևելքում և հարավում. «Լայնածավալ գործողությունը պահանջում է ռեզերվ ու պատրաստություն, ինչն այս դեպքում չկար: Սա ավելի շատ հետախուզական բնույթ էր կրում: Այսինքն ադրբեջանական կողմը ցանկանում էր հասկանալ, թե ինչպիսին կլինի հայկական կողմի ռեակցեան մինչ այս պահն աննախադեպ ծավալների հասնող հարձակման դեպքում: Եթե հաջողություններ ունենային, հնարավոր է ռեզերվ բերեին սահման և փորձեին զարգացնել դա: Բացի դրանից, ադրբեջանական կողմը երկար հրետանային նախապատրաստություն չէր տեսել, ինչը ևս վկայում է այն մասին, որ սա լայնածավալ գործողություն չէր: Ամեն դեպքում այս մոտեցումն ընդունված է, և հենց այդ է պատճառը, որ ես սա ավարտ չեմ համարում, սա ընդամենը մի փուլ է»:
Ինչ վերաբերում է դրան, թե ինչու հայկական կողմը տեղյակ չի եղել, փորձագետն ասաց՝ գուցե այդպես է եղել, քանի որ զինտեխնիկան և մարդկային ուժը կուտակվել է ամիսների ընթացքում, ուստի բարդ է հասկանալ, թե որտեղից է լինելու հարձակումը, եթե իհարկե այն լինելու է. «Թերացումներ հաստատ եղել են, դրանցից խուսափելն անհնար է, բայց գնահատականները պետք է տան համապատասխան մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիային»,-ասաց Վրթանեսյանը՝ հավելելով, որ մարտական գործողություններից հետո արվում են վերլուծություններ, ապա նաև՝ եզրահանգումներ:
Փորձագետը նաև խոսեց կորուստների և հատկապես այդ մասով հրապարակվող ինֆորմացիայի մասին՝ մասնավորապես նշելով, որ նույնիսկ պաշտոնական ինֆորմացիան հնարավոր է ավելի ուշ հերքվի, ինչը նորմալ է. «Զոհերի մասով ասեմ, որ դեռ վերջնական ինֆորմացիա չկա, և հստակ թվերը դեռ երկար ժամանակ կարող է չլինեն: Հավելեմ նաև, որ ադրբեջանական կողմի զոհերը հատուկ ջոկատայիններ են»:
Քննարկման մասնակից միջազգայնագետ Էդգար Էլբակյանը, անդրադառնալով մեր ԱԳՆ-ի քայլերին, առանձնացրեց հայտնի հայտարարությունից հետո Բելոռուսի դեսպանին նախարարություն հրավիրելը և բողոքի նոտա հանձնելը. «Մյուս փայլուն «օպերացիան» ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպում կազմակերպելն էր: Ես նաև կարող եմ ենթադրել, որ առհասարակ դեսպանների մակարդակով աշխատանքներ տարվում են, չնայած այդ մասին չի խոսվում»:
Անդրադառնալով արդեն վիրտուալ ճակատում ծավալվող զարգացումներին՝ փորձագետը նախ խոսեց ադրբեջանական կողմի թույլ կողմի՝ ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուր չունենալու մասին. «Պետական ապարատը հասարակությանն անընդհատ համոզել է, որ ադրբեջանական բանակն այնքան ուժեղ է, որ կարող է հեշտությամբ հաղթել հայերին, մարդիկ հավատացել են այդ խոսքերին, դրա համար է, որ Ադրբեջանում արդեն շատերն են իրենց զարմանքը հայտնում հրադադարի ռեժիմի հաստատման համար: Այդ մարդիկ համոզված էին, որ շուտով արթնանալու են օրինակ Ստեփանակերտում: Ադրբեջանական իշխանությունների համար չափազանց բարդ է լինելու անհաջողության մատնվելուց հետո պահել տրված «դոզան», իսկ եթե ռազմի դաշտում հակառակորդն ավելի լուրջ կորուստներ ունենա, Ալիևի գործն էլ ավելի կբարդանա»:
Հայկական կողմի մասին խոսելիս՝ Էլբակյանը նշեց, որ մենք այլ կերպ ենք գործում՝ այսքան կեղծիք չկա, բացի դրանից էլ սոցցանցերի հայ օգտատերերն ավելի բարձր մակարդակ ունեն և կարողանում են ինքնակազմակերպվել. «Մեր առավելություններից մյուսն էլ այն է, որ բանակի և ՊՆ-ի կողմից տրվող ինֆորմացիայի նկատմամբ հավատը շատ մեծ է, ինչը չկա ադրբեջանական կողմի մոտ, որտեղ անվստահության լուրջ պաշար է կուտակվել»:
Պատասխանելով Analitik.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավոր չէ գոնե այս պահին աշխատել ԶԼՄ-ների հետ և անել այնպես, որ ինֆորմացիան առաջինը հայտնեն պաշտոնական աղբյուրները, ինչը թույլ կտա խուսափել ապատեղեկատվություն տարածելուց և խուճապ առաջացնելուց՝ քննարկման մասնակից մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանն ասաց, որ հայկական մեդիադաշտը չի արգելափակվում, ինչը ողջունելի է և ինչը չես ասի ադրբեջանական մեդիադաշտի մասին:
Ամեն դեպքում փորձագետը կիսեց մտահոգությունը և նշեց, որ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցը վստահության կորուստ է ունենալու և սովորական «ֆեյքից» ուղղակի չի տարբերվելու. «Ինչ վերաբերում է պաշտոնական աղբյուրներին, ապա այս օրերին, իմ համոզմամբ, դրանք շատ օպերատիվ են գործում»: Վրթանեսյանն իր հերթին ասաց, թե այլընտրանքային աղբյուրն ուղղակի պետք է հասկանա, որ անհրաժեշտ է ուղղակի պրոֆեսիոնալ և բարեխիղճ կերպով գործել, ինֆորմացիան հրապարակել միայն ճշտելուց հետո»: