«Հետք»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը:
- Պարոն գեներալ, ի՞նչ էր կատարվում ապրիլի 2-ին, Դուք որտե՞ղ էիք:
- Գիշերվա ժամը 3.30-ի կողմերը, երբ շտաբի օպերատիվ հերթապահը զանգեց (դա երկրորդ զանգն էր), ես արդեն պատրաստվում էի դուրս գալ: Մեքենան սպասում էր: Ինձ մոտ զգացողություն կար, որ սա հերթական դիվերսիոն գործողությունը չէ: Մեքենայի մեջ, նոր տեղեկություններ ստանալուց հետո, հասկացա, որ պատերազմ է: Ներկայանալով բանակի հրամանատարին՝ իրավիճակի շուրջ որոշ պարզաբանումներ կատարելուց հետո առաջարկեցի մեկնել հյուսիս` Մարտակերտի ուղղությամբ, քանի որ այնտեղ լուրջ վտանգ կար: Երբ հասա Մարտակերտ և հրամանատարական կետն զբաղեցրի, տղաները կարծես թե չէին զգում, որ առջևում լուրջ առճակատում է սպասվում… Այդ ընթացքում հակառակորդի հրետանին արդեն սկսեց աշխատել Մարտակերտի ուղղությամբ: 30 րոպե հետո զեկուցում են, որ հակառակորդը մտել է 116 և 118 դիրքեր: Զորամասի հրամանատարը, իր տրամադրության տակ եղած ուժերը վերցնելով, իսկույն մեկնում է գործողության վայր, իսկ հրետանու պետի առաջ խնդիր դնում կրակ բացել այդ դիրքերի վրա: Արդեն հայտնի էր, որ մենք այնտեղ զոհեր ունենք, տղաները հետ չեն քաշվել, կռվել են մինչև վերջ: Միայն մեկ հոգի էր կենդանի մնացել, ով վաշտի հրամանատարի հրամանով գնացել էր դիրքից 300 մ հեռավորության վրա գտնվող պահեստավայրից զինամթերք բերելու: Բայց երբ նա հետ է վերադարձել, դիրքերն արդեն հակառակորդի կողմից գրավված էին: Գալով հրամանատարական կետ՝ նա վերադասին զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին: Տեղում որոշում ենք կայացնում հրետանային կրակի օժանդակությամբ և տանկային վաշտի ներգրավմամբ անցնել հակագրոհի: Կես ժամվա ընթացքում դիրքերը հետ ենք վերցնում: Միայն այդ մարտում հակառակորդը, տալով մոտ 4 տասնյակ զոհ, որից 28-ը մնացել էր մեր հսկողության տակ գտնվող դիրքում, փախուստի է դիմում և թաքնվում մեր դիրքերից 250 մետր հեռավորությամբ գտնվող իրենց խրամատում: Զորամասը պահպանությունից անցնում է մարտական պաշտպանության: Դրանից հետո նրանք սկսում են հրետակոծել Մարտակերտը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hetq.am