Մամուլի ակումբ 

Հայկական ընտանիքների սեռական և հոգեկան դաստիարակության աստիճանը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ուենցած «Հոգեկան և սեռական առողջության խնդիրները հայկական ընտանիքներում» թեմայով ասուլիսի հյուրերն էին   ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

 

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը, անդրադառնալով թեմային, նախ շնորհավորեց ընտանիքի միջազգային օրվա առթիվ, ապա նշեց, որ ընտանիքը ինքնին համակարգ է, իսկ հայկական ընտանիքն իր կառուցվածքով փակ համակարգ է, և հաճախ լինում է, որ երբ մենք զրույցներ ենք ունենում երեխաների հետ, և նրանք ամենակարևոր խնդիրների մասին միշտ լռում են.

 

«Հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Մենք ծնվում ենք, երբ մեր ընտանիքներում արդեն ինչ-որ բաներ  են կատարվել, և դա իր ազդեցությունն է ունենում մեր հետագա կյանքի վրա: Վառ օրինակ է Ցեղասպանությունը, որի միջով անցնում է ցանկացած հայ ընտանիք՝ անկախ նրանից իր նախնիներից որևէ մեկը եղել է ցեղասպանության անմիջական զոհ, թե ոչ:

 

Երկրորդ խնդիրն այն է, որ եթե ընտանիքի անդամներից մեկն ունի որևէ խնդիր՝ հոգեբանական, աշխատանքային, դա անմիջականորեն անդրադառնում է բոլորի վրա: Երեխաները չունեն սեփական հոգեբանական խնդիրները, նրանք իրենց վրա են կրում ընտանիքի խնդիրների ազդեցությունները, այսինքն ցանկացած խնդիր կապված է ընտանիքի հետ: Օրինակ, երբ երեխան գալիս է մեզ մոտ՝ գիշերամիզության խնդրով, բայց նա չունի օրգանական խնդիր, այդ դեպքում մենք միանշանակ անցնում ենք ընտանիքում առկա խնդիների քննարկմանը»:

 

 

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից ընտանիքն ավելի պահանջկոտ է սեռական հարցերում, չնայած որ շատ դանդաղ ենք առաջ գնում, բայց նկատելի է այն միտումը, որ բոլորը սկսել են ավելի շատ  վերաիմաստավորել և կարևորել սեռական առողջության խնդիրը.

 

«Ընտանիքի դերը հսկայաական է այն առումով, որ միշտ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ընտանիքում է մեծացել երեխան: Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ միակողմանի ծնողազուրկ ընտանիքներում մեծացած երեխաներն ունենում են բազմաթիվ հեգաբանական և սեռական  խնդիրներ: Նրանցից շատերը միշտ կախյալ են լինում, ոչ լիարժեք ինտեգրված, սեռական ոչ ճիշտ դաստիարակության հետևանքով նրանք բարդութավորված են: Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ընտանիքի հակասեքսուալ դիրքորոշման հետևանքով սեռական կյանքի հետ կապված ամեն ինչ երեխաներին ներկայացվում է քննարկման համար ոչ ենթակա, ոչ հարիր: Կան մի շարք սեռական խնդիիրներ, որոնք առաջանում են հենց ընտանիքի պատճառով: Մենք ունենք սեռական մի խնդիր՝ վագինիզմը, որը ավելի շատ բնորոշ է մեր ազգին և որի գերակշռող պատճառը սխալ սեռական դաստիարակությունն է, որն էլ  աղջկա հոգեկանի վրա ունենում է մեծ ազդեցություն՝ պատճառ դառնալով նրա հետագա ընտանիքում բազմաթիվ խնդիրների առաջացմանը:

 

 

Անդրադառնալով Եվրատեսիլից հետո վերջին ժամանակների անընդհատ քննարկումների հետ կապված մտահոգությանը՝ սեքսապաթոլոգը նշեց, որ  ցանկացած քննարկում պետք է չափի մեջ լինի. «Ողջունելի է, երբ քննարկվում են արդյունքները, հաղթանակը, բայց ցավալի է, որ դա տեղափոխվում է հաղթողի անձնական կյանք: Որպես մասնագետ՝ ես իմ մտահոգությունն եմ հայտնում, որ անընդհատ համացանցում են հայտնվում հաղթողի սեռական կյանքի մանրամասները, անձնական արխիվները հրապարակելը կարող է վտանգավոր լինել հատկապես երեխաների համար:  Ցանկալի կլինի նվազեցնել այդ արշավը՝ նման նյութերի հրապարակման, որովհետև տարիներ հետո նույնիսկ կարող են բավականին խնդիրներ առաջացնել»:

 

Հոգեբանն էլ ավելացրեց, որ սա հնարավորություն է, որ ընտանքները փորձեն երեխաներից ոչ թե թաքցնել, այլ ճիշտ բացատրել երեխաներին երևույթը,  որովհետև երեխան միշտ գնում է դեմ նրան, ինչ ծնողները չեն ընդունում: Մյուս խնդիրն էլ այն է, որ մի կողմից ԶԼՄ-ները, մյուս կողմից էլ մեր անընդհատ արձագանքը երեխաների մոտ կարող է առաջացնել նման մտահաղացում, որ հայտնի կարելի է դառնալ նման ճանապարհով:

 

«Սա շատ լավ հնարավորություն է, երբ երեխան հարց է տալիս միասեռականների մասին, առանց վիրավորանքների բացատրել երեխային, որ գոյություն ունեն նաև նման սեռական կողմնորոշմամբ մարդիկ և երկրորդը՝ խելամիտ ձևով ընդունենք, որ հասարակության մեջ կարող են լինել նաև նման մարդիկ և երեխային էլ բացատրենք, բայց չքարոզենք, այլ ոչ թե թաքցնենք երեխայից:

Պետք չի ֆետիշացնել, պետք է ուղղակի դադարեցնել նման քննարկումները: Նույնիսկ բացասական կուռքը կարող է երեխայի համար օրինակ դառնալ:    Բացասական կուռքը կարող է ուղենիշ լինել երեխայի կյանքում»:

 

Անդրադառնալով դպրոցներում սեռական առողջության դաստիարակության խնդիրներին Վրեժ Շահրամանյանը նշեց. «Հարցն այդ առումով կնճռոտ է, որովհետև նման դասընթաց դպրոցներում չկա, հիմնականում առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում մի քանի թեմա է ընդգրկված,  և դասընթացն անցկացնում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Կան մի քանի դպրոցներ, որոնք ունեն պայմանավորվածություն և հստակ սահմանված ծրագիր, որով ավագ դպրոցի երեխաներն անցնում են մասնագետի վարմամբ դասընթաց:

 

Կան թեմաներ, որոնք պարապում ենք տղաների և աղջիկների հետ առանձին-առանձին և կան թեմաներ, որոնք միասին են քննարկվում՝ հղիություն, հակաբեղմնավորիչներ և այլն»:

 

Իսկ հոգեբանի բնորոշմամբ մեր հոգեկերտվածքում մենք նույնիսկ չունենք բառեր, որով կարող ենք առօրյա խոսակցական լեզվում բնորոշել սեռական օրգանները: Մենք կամ ունենք գիտական տերմին կամ չունենք.

 

«Եվ ընտանիքը, և դպրոցը, և նույնիսկ ԶԼՄ-ները շատ մեծ աշխատանք ունեն անելու սեռական և հոգեկան առողջության ոլորտում, առհասարակ գաղափարախոսության վրա է պետք աշխատել:

 

Հաճախ ես լսում եմ, որ պետք չի պղտորել երեխային՝ խոսելով նման թեմաների մասին, բայց պետք է հասկանալ, որ սեռական դաստիարակությունը սեքսի մասին խոսելը չի: Չէ՞ որ մենք երեխային սովորեցնում ենք էթիկայի կանոնները, նույնն էլ սեռական դաստիրակության դեպքում է»: 

Նույն շարքից