Մամուլի ակումբ 

Հայաստանի տնտեսության ներկա զարգացումները

Այսօր «Անալիտիկ» կենտրոնի  հյուրն էր  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:


Բանախոսը խոսելով Հայաստանի տնտեսության ներկա զարգացման մասին, նշեց. «Ներկայիս տնտեսական զարգացման մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այսօր առավել քան երբևէ,    ներքին ու արտաքին ասպեկտները առավել ձևով են ներկայանում:  Հայաստանը  միանում է ԵՏՄ-ին և այս գործընթացը  ոչ միանշանակ գնահատվող տարրեր է պարունակում իր մեջ, որը անդրադառնում է  նաև մեր տնտեսության վրա՝ մանր  ու մեծ բիզնեսի զարգացմանը, նոր շուկներ ձեռք բերելուն  և այլն»:


Թաթուլ Մանասերյանը նաև նշեց, որ մեր երկիրը  2014 թվականը  համեստ թվերով է եզրափակում. սպասվում է չորս տոկոս տնտեսական աճ, որը  կապված է արտաքին ու ներքին գործոններով: Հարցին՝ ԵՏՄ-ին անդամակցելը ի՞նչ մարտահրավերն է նետում Հայաստանին, Մանասերյանը պատասխանեց. « Այդ մարտահրավերները  տարբեր են, կապված նրանից, թե ինչքանով մենք անդամակցությանը պատրաստ կլինենք:  Ավելի գլոբալ առումով մենք կարող ենք ունենալ երկու ծայրահեղ սցենարներ՝ կարող ենք աշխատատեղերի կորուստ ունենալ,  սակայն սպառման շուկան,  բոլոր ոլորտների հայ արտադրողների համար  կբազմապատկվի:  Սա շատ կարևոր ցուցանիշ է,  և պետք է պատրաստ լինենք ու կարողանանք ճիշտ օգտագործել այս պահը:  Հույս է առաջանում, որ մենաշնորհների դեմ պայքարն ավելի արդյունավետ կարող է լինել, մարտահրավերներ կարող են լինել էներգիակիրների ներկրման հետ կապված, քանի որ դրանց ներթափանցումը ավելի կդժվարանա»:



Բանախոսը նշեց նաև, որ Հայաստանը IT  ոլորտում տարածաշրջանում մեծ մրցունակություն ունի: Այս ոլորտը արագ է զարգանում, որն էլ  պետք է կարողանալ գրագետ օգտագործել երկրի տնտեսության զարգացման հարցում.  «Պետք է զարգացնել  առողջ մրցակցության դաշտ, չկա այսօր այն մոտիվը, որպեսզի հայ գործարարը մրցակցությունը զարգացնելու համար իր սարքավորումները կատարելագործի: Նշեմ, որ այսօր մեր երկրում,  բանկային ոլորտը կայացած,  զարգացած,  համակարգ է, սակայն դրանք մեծ շահույթներ ապահովելով առաջ են գնում՝  պետությանը աջակցելու փոխարեն»:

Բանախոսը խոսելով  «Շրջանառության հարկի» մասին, նշեց. «ԱԺ-ն ու կառավարությունը թերանում են հասարակությանը ճիշտ իրազեկելու  հարցում: Որոշ քաղաքական գործիչներ էլ , չի բացառվում, որ փոքր ձեռնարկատերերին օգտագործում  են ՝ շփոթ  առաջացնելու համար:  Յուրաքանչյուր շերտի հետ պետք է շփվել ու բացատրել այս խնդրի էությունը:  Ցուցարարների մեջ գյուղացիներ կան, ովքեր ընդհանրապես կապ չունեն այս խնդրի հետ, սակայն փողոց են դուրս եկել:   «Շրջանառության հարկը»   շատ դրական կողմեր ունի, այն կարող է օգնել տնտեսությունը հաշվառելի դարձնելուն , փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը կարող է որոշակի լուծում ստանալ:     Հստակ քաղաքացիական դիրքորոշում ունենալով՝  պետք է ավելի գիտակից մոտենալ այս հարցին »:

Նույն շարքից