Մամուլի ակումբ 

Ի՞նչ ուղղությամբ է ընթանում համաշխարհային տնտեսությունը և ի՞նչ ուղղություն ունի Հայաստանը

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի հյուրն էր տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիլեն Խաչատրյանը:


Անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցին, բանախոսը նշեց. «Ըստ զեկույցի՝ ստեղծվել է ռիսկային իրավիճակ: Համաշխարհային տնտեսության զարգացման  միտումները ընդհանուր առմամբ  դանդաղել են: Ըստ զեկույցի ԱՄՆ տնտեսության աճը կարագանա, ԵՄ տարածքում նույնպես, ԱՊՀ  տարածաշրջանում ունենք տնտեսության  դանդաղ աճ,  օրինակ՝ Ռուսաստանի տնտեսությունն ըստ այս զեկույցի մեկ տոկոս աճ չի կարող ապահովել»:


Խոսելով տոկոսադրույքների մասին, տնտեսագետը նշեց. «  2013-ի  համեմատ աշխարհում վարկավորման համար կլինեն նպաստավոր պայմաններ»:


Հարցին՝  ի՞նչ է սպասվում ՀՀ տնտեսությանը 2014-ին, բանախոսը պատասխանեց, որ Հայաստանի տնտեսության աճը  կկազմի  3, 2 տոկոս,  մինչև տասնհինգը՝ 4,5 տոկոս:  Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության աճը  հինգ տոկոսը չի գերազանցի, որն էլ տնտեսության թույլ զարգացման տեմպ է.«Հայաստանի տնտեսության դանդաղ աճը  մեկնաբանություն ունի՝ բացատրվում է Ռուսաստանի տնտեսության հետ մեծ կախվածություն ունենալով»:


Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ ամբողջ աշխարհում ոսկու պաշարն հասել է 12 տրիլիոն դոլարի, որը  պայմանավորված է դոլարի  դիրքերի թուլացմամբ:


Բանախոսը անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին,  նշեց. «Ստորագրելով ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, Հայաստանը  փոխեց իր տնտեսության զարգացման վեկտորը:  ԵՏՄ-ին անդամակցելը ունի  նաև դրական զարգացումներ՝ գործ ունենալով Ասիական տարածաշրջանի հետ, մենք գործ ունենք նաև այդ տարածաշրջանի  երկրների ետ: Ասիական զարգացող երկրները նույնիսկ համաշխարհային ճգնաժամի ընթացքում տնտեսության անկում չեն ունենում : Ղազախստանը ամեն տարի տնտեսության յոթ տոկոս աճ է ապահովում, որն էլ դրական զարգացում կունենա գործընկերության տեսանկյունից:  Որոշակի ռիսկերը, որոնք պայամնավորված էին կոնկրետ ներմուծման հետ, այժմ  կարող են պակասել: Հայաստանը  հայտնվելով մրցակցային դաշտում, ստիպված կլինի ոչ միայն  ներմուծել, այլև արտադրել; Այսինքն՝ կրճատվելու է ներմուծումը և զարգանալու է տեղական արտադրությունը»:


Հարցին՝ ինչպե՞ս է Եվրոպան վերաբերում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը, բանախոսը պատասխանեց. «Եվրոպայի մոտեցումը այս հարցին   կզգանք մոտակա վեց ամսում, սակայն նման փոքր տնտեսություն ունեցող երկրի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը շատ խիստ չի կարող լինել; Կարծում եմ, որ նույն Եվրոպական ղեկավար մարմիններում նույնպես  Հայաստանի հետ չեն  ցանկանում հարաբերությունները սրել»;

Նույն շարքից