Մամուլի ակումբ 

Որոշ գյուղերի ցանքատարածքներ ջրով են ողողվել՝ Սևանից շատ ջուր բաց թողնելու պատճառով. բնապահպաններ. լուսանկարներ

analitik.am

 «Հրազդանի շրջանում որոշ գյուղերի ցանքատարածքներ, դաշտեր ջրով ողողվելու  պատճառով  լուրջ վնասներ են կրել, քանի որ փչացել է գյուղացիների ողջ բերքը»,- այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին  տեղեկացրեց բնապահպան Սիլվա Ադամյանը:


«Ահազանգ էինք  ստացել և մեկնեցինք գյուղ և ուսումնասիրեցինք տարածքը, պարզեցինք, որ խնդիրը կապված է Սևանա լճից շատ ջուր բաց թողնելու հետ: Գյուղապետի տեղակալը պնդեց, որ  ժամանակին գյուղացիներին  զգուշացրել են, որպեսզի այս տարածքը գյուղատնտեսական նպատակնեով չօգտագործեն, քանի որ նմանատիպ դեպք էլի է տեղի ունեցել»,-նշեց բնապահպանը:

«Այս խնդիրը բավականին հրատապ է, քանի որ կապված է Սևանի ջրի քանակի հետ: Սևանից ջուր հիմնականում  բաց է թողնվում էներգետիկ նպատակով՝  Սևան-Հրազադան կասկադ, գյուղատնտեսական նպատակների համար՝ ոռոգման նպատակով և  արդյունաբերական նպատակով՝ ջրի վրա կառուցված են բազմաթիվ ձկնաբուծական կայաններ; Երբ կասկադի գործունեությանն ենք ուսումնասիրում, ապա տեսնում ենք, որ այն տարիներին երբ շատացվում է Սևանից ջուր բաց թողնելու քանակը , մեծանում է նաև  կասկադի գործունեությունը, սակայն, նշեմ, որ  էներգետիկ նպատակով շատ ջուր չի կարող օգտագործվել:  Մենք մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ Ջրառատ գյուղի այդ տարածքում   շատ ջուր է բաց թողնվել, մնում է պարզել,  թե ինչու՞: Հատվածը, որտեղ ջուրը ողողել է հողատարածքները,  երկու գետերի հատման կետ է՝ Մարմարի ու Հրազդանի:  Մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ  Հրազդան  գետի մակարդակն է  բարձրացվել, ոչ թե Մարմարի գետի»,-նշեց բնապահպան Արամ Գրիգորյանը:

Բնապահպան Սեյրան Մինասյանը տեղեկացրեց, որ Ջրառատ գյուղում՝  յոթ տարի առաջ նույն տարածքում, նույն խնդիրն է առաջացել՝   Սևանից շատ ջուր  բաց թողնելու պատճառով. «Կասկածելի է, քանի որ,  այս սեզոնին,  այդ տարածքում այդքան ջուր չէր կարող լինել, և պարզ է, որ սխալ գործունեության արդյունք է; Ես առաջարկել եմ,  որպեսզի Սևանից դուրս եկող ջրի վրա դրվեն հաշվիչներ, որպեսզի  օնլայն ռեժիմով հաղորդվի, թե լճից ինչքա՞ն ջուր է դուրս գալիս: Մենք մոռանում ենք, որ Սևանը   մեր երկրի համար կենսական նշանակություն ունի»,-նշեց Սեյրան Մինասյանը;  

Նույն շարքից