«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Պարույր Հայրիկյան

analitik.am

Ներկայացված է տարվա ավագ սերնդի լավագույն քաղաքական գործիչ կատեգորիայում G-4

Ծնուել է 1949 թուականի հուլիսի 5-ին Երեւանի Նուբարաշէն արուարձանում։
Հայրը` Արշաւիր Յովհաննէսի Հայրիկեանը պոլսեցի է, մայրը` Զարուհի Սեդրակի Աբրահամեանը վանեցի ծնողների զաւակ է։
1966 թթ. աւարտել է Նուբարաշէնի միջնակարգ դպրոցը եւ ընդունուել Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի բաժանմունքի երեկոյեան բաժինը․ ցերեկներն աշխատել է Նուբարաշէնի գործուածքային գործատանը որպէս էլեկտրիկ:
1967թ. անդամագրուել է. 1966թ. ստեղծած ընդհատակեայ Ազգային Միացեալ Կուսակցութեանը (ԱՄԿ): Հիմնադիրն էր նկարիչ Հայկազ Խաչատրեանը։
1968թ. ամռանը նա դարձավ կազմակերպութեան գործող հատուածի փաստացի ղեկավարը։ Տպագրեցին «Երկունք» թերթիկը եւ «Ցասում» ստորագրութեամբ թռուցիկներ:
1969թ. գարնանը առաջին անգամ նրան կալանաւորեցին։
1970թ. դատապարտուեցին 4 տարուայ խիստ ռեժիմի ազատազրկման։
1973թ. ազատազրկումից վերադառնալուն պէս շարունակեց ընդհատակեայ ազգային գործունէութիւնը։ ԱՄԿ նոր ղեկավարութիւն՝ ԱՄԿ ԽՈՐՀՈՒՐԴ ձեւաւորուեց։ Փակ գաղտնի քուէարկութեամբ նրան ԱՄԿ ղեկավար ընտրեցին։ Որդեգրեցին ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական ծրագիրը:

1974թ. նրան դատապարտեցին 7 տարուայ կալանքի և 3 տարուայ աքսորի:

Ազատազրկման ընդհանուր ժամանակամիջոցից 300 օրից աւելի եղել է պատժախցերում, իսկ «խցային տեսակի կացարան» կոչուող խիստ բանտային ռեժիմի բանտերում անց է կացրել 33 ամիս։
1980թ. հոկտեմբերին նրա նկատմամբ նոր գործ հնարուեց։ Նրան տեղափոխեցին Ուրալի Պերմ քաղաքի քրեական բանտ։ Պերմի մարզում դատավարութիւն-ներկայացումից յետոյ դատապարտուեց լրացուցիչ 3 տարուայ ազատազրկման, որն անցկացրեց Իրկուտսկի մարզում։ 1984-1987թթ. նա աքսորավայրում էր` Իրկուտսկի Ուստ-Կուտ շրջանում։
1987թ. մայիսին նա մի քանի օրով Երեւանում գործուղման ժամանելու ընթացքում ստեղծեց բացայայտ գործող «Քաղկալանաւորների պաշտպանութեան հայկական յանձնախումբը»:
Նոյն տարուայ օգոստոսին վերջնականապէս վերադարձավ Հայաստան:
1987 թուականի սեպտեմբերին նա հիմնեց ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՈւՄ ՄԻԱՎՈՐՈւՄ (ԱԻՄ) կազմակերպութիւնը: Դա ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացայայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպութիւնն էր։ ԱԻՄ-ն ուներ «Անկախութիւն» անունով շաբաթաթերթ եւ «ՀԱՅՐԵՆԻՔ» անունով տեսական յանդէս։:
ԱԻՄ նպատակն էր ազգային պետականութեան վերականգնումը, առաջնահերթ խնդիրը` Հայաստանի անկախացումը ՀԱՆՐԱՔՈՒէ Ի միջոցով: Այն փաստօրէն ընդյատակից դուրս եկած ԱՄԿ-ն էր։
1988 թուականի յունուարի 12-ին Երեւանում նրա հրաւերով կայացաւ հայ, ուկրաինացի եւ վրացի այլախոհ ղեկավար դէմքերի հանդիպումը, որով սկիզբ դրուեց իրենց ազատութիւնների համար պայքարող ազգերի համագործակցութեանը։
1988 թուականի մարտին նրան կրկին՝ չորրորդ անգամ կալանաւորեցին։ Մէկ օր Մոսկուայում պահելուց՝ մարտի 23-ից նա Երեւանի ՊԱԿ-ի բանտում էր։
1988 թուականի յուլիսի 20-ին յատուկ օդանաւով Մոսկովեան իշխանութիւնները բռնի՝ ձեռնակապերով նրան տեղափոխեցին նախ Մոսկուա, ապա նոյնպէս յատուկ օդանաւով տարան Եթովպիա։ Այնտեղից նա անցաւ նախ ԵՒրոպա, ապա՝ ԱՄՆ:
Բռնի տարագրեալի վիճակում արտասահմանում ստիպուած եղաւ մնալ մինչեւ 1990 թուականի նոյեմբերը։ Գորբաչովը համաշխարհային հանրութեան ճնշման տակ ստիպուած եղաւ վերականգնել նրա քաղաքացիութիւնը։ Դրան նպաստեց նաեւ այն, որ հեռակայ ընտրուել էր Հայաստանի խորհրդարանի պատգամաւոր։
Տարագրութեան մէջ գտնուելու շրջանում 1989 թուականին նա ընտրուեց Փարիզում հիմնադրուած «ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ համակարգիչ կենտրոն»-ի նախագահ։
1990 թուականի յուլիսին Պրահայում «Ժողովրդավարութիւն եւ Անկախութիւն» համակարգիչ կենտրոնի աւելի ընդլայնուած կազմով հրաւիրած ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՏԱՆՈՂ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ խորհրդաժողովում նրան վերընտրեցին։
1990-1999 թթ. Հայաստանի խորհրդարանի անդամ էր,
1998-1999 թթ. ՀՀ նախագահի խորհրդական եւ Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի նախագահ,
1998-2002 թթ. ՀՀ Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահ։

1992 թուականին ԱԻՄ-ը ձեռնամուխ եղաւ Լաչինի շրջանում փախստականների համար բնակավայրեր՝ ԱԻՄԱՒԱՆՆԵՐ ստեղծելու գործին։ Նա պաշտօնապէս նշանակուեց Գորիսի արտակարգ դրութեան պարետ։ Նրա ստեղծած Սիւնիքի աշխարհազօրի 627 գրանցուած աշխարհազօրայիններից 46-ը տարբեր ԱԻՄԱՒԱՆ-ներում կնքեցին իրենց մահկանացուն, երեք տասնեակը դարձան պատերազմի հաշմանդամներ։ 2002 թուականին նրանց յիշատակն յաւերժացնելու համար ԱԻՄԱՒԱՆ 1-ում (Քաշաթաղի շրջանի Աղաւնո գիւղ) կառուցեցինք Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Նա երկու ամսով էր պարէտ նշանակուած, սակայն աշխտանքները շարունակեց մինչեւ 1995-96թթ։ 1994 թուականից նրանց սկսած՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼՈՒ նախաձեռնութիւնը պետական քաղաքականութիւն դարձաւ:

1989 թուականից հրատարակել է հրապարակախօսական ու գեղարուեստական գրքեր եւ գրքոյկներ, այդ թւում բանաստեղծութիւնների երկու ժողովածու, «Լոյսի ճանապարհին»» վէպը, «Հաւատով եւ սիրով» սցենարը։
1988 թուականից թողարկել է քնարական եւ հայրենասիրական երգերի 3 ալբոմ։ 2001 թուականին նրա «Սիրոյ թռչուն» երգը համահայկական ՍԱՅԱԹ ՆՈՎԱ երգի մրցոյթում գրաւեց առաջին տեղը:
Հինգ վաւերագրական շարժանկարների, այդ թւում՝ ազգային արժեքային համակարգին վերաբերող «Յարութիւն» գիտահանրամատչելի շարժանկարի, սցենարներ է հեղինակել եւ արտադրել։
1998 թուականի նախագահական ընտրութիւններում նրան յաջողուեց պարտադրել ՀՀ իշխանութիւններին ընթացք տալ սահմանադրական բարեփոխումների նրա ծրագրին։ Այդ փուլում սկսած կատարեալ ժողովրդավարական համակարգի որոնումներն ընթացան ընտրական համակարգերի վերաբերեալ գրքերի, գրքոյկների ու տասնեակ յօդուածների հրապարակմամբ։ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հեղինակային իրաւունքի պաշտպանութեան կազմակերպութիւններում գրանցուած է նրա «Պետութիւնների ժողովրդավարականութեան բանաձեւը» գիւտը։ 2012 թուականին կատարեալ ժողովրդավարական համակարգի վերաբերեալ իր աշխատանքներն աւարտել է իր կայքէջում հրապարակուած հանրամատչելի «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գրքով։

Նույն շարքից