Տնտեսություն 

Ի՞նչ կլինի, եթե պարտադիր կուտակայինը գործի 2014-ից

analitik.am

Կառավարությունը, կարծես, վճռական է տրամադրված և չի փոխելու կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը 2014-ի հունվարի 1-ից կիրառելու իր որոշումը: Փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե այդ որոշումը մտնի ուժի մեջ:

1. Աշխատողների մի մասը կարող է փորձել ավելի ցածր գրել տալ իր աշխատավարձը և առձեռն ստանալ գործատուից ամբողջ գումարը: Նրանք, ովքեր կգերադասեն պարտադիր կուտակվելու համար նախատեսված միջոցները ունենալ հենց այսօր, ոչ թե 30-40 տարի անց, հենց այդպես էլ կվարվեն: Պայմանական օրինակ վերցնենք: 250 հազար դրամ գրանցված աշխատավարձ ունեցողն այսօր ստանում է մոտ 187 հազար դրամ մաքուր աշխատավարձ (եկամտային հարկը հանելուց հետո): 2014թ. հունվարի 1-ից նրա մաքուր աշխատավարձը կնվազի 12 հազար 500 դրամով՝ կազմելով 174 հազար 500 դրամ: Որպեսզի իր մաքուր աշխատավարձը չպակասի, աշխատողը կարող է առաջարկել իր իրական աշխատավարձը ամբողջովին ցույց չտալ: Սա ստվերի ավելացման լուրջ խթան կարող է դառնալ: Եթե ի սկզբանե ճիշտ բացատրական աշխատանքներ տարվեին և համակարգն այնպես ներդրվեր, որ աշխատողների մաքուր աշխատավարձը չնվազեր, հակառակ էֆեկտը կարող էր լինել. այն աշխատողները, որոնց աշխատավարձը ցածր էր գրանցված, կստիպեին գործատուին իրական աշխատավարձը ցույց տալ:

2. Մոտավոր հաշվարկներով առաջիկա տարիներին տարեկան մոտ 150 մլն դոլար կկազմի այն գումարը, որը գնալու է կենսաթոշակային հիմնադրամներ: Այս մասին օրերս բարձրաձայնել էր Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այսինքն՝ տարեկան մոտ 150 մլն դոլար գումար դուրս է «քաշվելու» սպառումից: Զրկվելով իրենց եկամտի մի մասից՝ մարդիկ, բնականաբար, չեն կարողանա այնքան գնումներ իրականացնել, որքան նախկինում: Հետևաբար վաճառվող ապրանքների ու ծառայությունների ծավալը կնվազի: Դա կհանգեցնի նրան, որ մանրածախ առևտրի որոշ կետերի վաճառքի ծավալը կնվազի և նրանք կարող են լուրջ վնասներ ունենալ: Հատկապես միկրո բիզնեսի՝ փոքր ու միջին խանութների համար սա կործանարար կարող է լինել:

Ավելին, քանի որ այդ 150 մլն դոլարի մի մասը՝ 40%-ը, կարող է դուրս գնալ Հայաստանից, տնտեսության աճի տեմպը կարող է նվազել՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

3. Հայտնի չէ, թե ուր են գնալու հավաքված կենսաթոշակային ահռելի միջոցները: Դրանց առնվազն 60 տոկոսը պարտադիր պետք է Հայաստանում ներդրվեն, սակայն Հայաստանում չկան համապատասխան բաժնետոմսեր ու պարտատոմսեր (ընդամենը մի քանի ընկերություն է դրանք թողարկում): Սա կարող է հանգեցնել բանկային ավանդների տոկոսադրույքների իջեցման և «փուչիկ» պարտատոմսերի ու բաժնետոմսերի ստեղծման: Եվ երբ այդ փուչիկները տրաքեն, և՛ ակտիվների կառավարիչները (դեռևս հայտնի էլ չէ, թե ովքեր են), և՛ աշխատողները, և՛ պետությունը լուրջ խնդիրներ կունենան:

4. Գաղտնիք չէ, որ Հայաստանում բարձր աշխատավարձեր ցույց են տալիս գերազանցապես ծրագրավորման ընկերությունների, բանկերի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները: Շատ բարձր աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձը չի գրանցվում: Իսկ ինչքան բարձր է աշխատավարձը, այնքան ավելի շատ են նվազող գումարները 2014-ի հունվարի 1-ից: Հատկապես ծրագրավորողների դեպքում՝ 500 հազարից բարձր աշխատավարձը էլ ավելի շատ է նվազելու: Պատահական չէ, որ բողոքի միջոցառումների գլխավոր կազմակերպիչները հենց ծրագրավորողներն են, թեև պարտադիր բաղադրիչը հանելու վերաբերյալ ստորագրահավաքին միացած մոտ 3 հազար աշխատողների մեջ կան նաև բանկերի ու հեռահաղորդակցության ոլորտի աշխատողներ:

Բայց քանի որ ծրագրավորողները բավականին մրցունակ են նաև Հայաստանից դուրս, ապա նրանց դժգոհությունը կարող է Հայաստանից գնալու ևս մեկ պատճառ դառնալ, ինչը արտագաղթի լրացուցիչ ալիք կստեղծի: Այս մտահոգությունն արդեն բարձրաձայնել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նույն շարքից