Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Վաշինգտոնը միշտ էլ ցանկացել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն.Ստեփան Գրիգորյան

analitik.am

ԱՄՆ-ը միշտ ցանկացել է, որ Հայաստանն ու Թուրքիան բարելավեն հարաբերությունները, սահմանը բացվի, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Analitik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասով ԱՄՆ դեսպանատան կողմից հայտնած ԱՄՆ կառավարության դիրքորոշումը:

Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու հետ: Մասնաավորապես այն, որ ԱՄՆ-ն  երկու կողմին էլ խրախուսում է  հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման համար դուռը բաց թողնել: 

-Նորմալ է, Վաշինգտոնը միշտ էլ ցանկացել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, սահմանները բացվեն: Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում ԱՄՆ մոտեցումների մեջ: Իսկ Ձեր նշած դիրքորոշումը,  համապատասխանում է նրանց քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ արձանագրությունների ձախողումը Թուրքիայի մեղավորությունն է: Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր արձագանքում ավելի հասցեական հանդես չի գալիս:

Բանն այն է, որ նման դեպքերում ընդունված չէ ինչ-որ կոշտ ձևակերպումներ անել: Ի վերջո Թուրքիան էլ ունի իր իրավունքները, ու Թուրքիան է որոշում իր քաղաքականությունը: Այո, Անկարան պատրաստ չէ, դա այլ խնդիր է, բայց ի վերջո ԱՄՆ-ը չէ Թուրքիայի փոխարեն որոշելու: Բացի դրանից, դիվանագիտության մեջ ընդունված չէ մեղավորին ման գալ: Եկեք անկեղծ խոսենք՝ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր քաղաքականությունը: Օրինակ՝ մեզ որևէ մեկը չի մեղադրում, որ մենք որոշեցինք չեղյալ համարել արձանագրությունները: Թուրքիան էլ համարում է, որ պատրաստ չէ արձանագրությունները վավերացնել: Թուրքիան էլ դրա իրավունքն ունի:

 Այսինքն՝ դիվանագիտորեն ճի՞շտ ձևակերպում է տվել ԱՄՆ-ն:

Այո, ես համարում եմ, որ արձագանքը դիվանագիտորեն ճիշտ ձևակերպված է: Գիտեք, եթե դու անցնում ես մեկի կողմը,  քո միջնորդի դերը նսեմացնում ես: Օրինակ, եթե հիմա ԱՄՆ-ը կոշտ դիրքորոշում ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ, կամ՝ մեր, Վաշինգտոնի՝ միջնորդի դերը կթուլացնի: Եթե նկատել եք, այլ հարցերում էլ, օրինակ, նույն Մինսկի խմբի համանախագահները հայտարարություններ են անում, և մենք նեղանում ենք, որ ավելի հստակ ու հասցեական չեն խոսում: Բանն այն է, որ դիվանագիտության մեջ ընդունված են ավելի մեղմ ձևակերպումներով հանդես գալ, շանս թողնել, որ կողմերը հետո ընդհանուր հայտարարի գան: Ես դրա համար ԱՄՆ-ի արձագանքում որևէ բացասական բան չեմ տեսնում:

Նույն շարքից