Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը` որպես իրական կարգավորման գրավական. Ինչո՞վ կպատասխանի Իսրայել-Ադրբեջան-Քուրդիստան եռյակը

analitik.am

Մոտ 10 տարի առաջ ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման գործընթացն ավարտվեց այդպես էլ չսկսված: Սույն թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, դադարեցրեց գործընթացը: Ընդ որում, նա դա արեց բազմաթիվ զգուշացումներից հետո, ինչն անշուշտ դիվանագիտական էթիկայի տարր էր, որը միտված էր ցույց տալու, որ թեև մենք հայերս շատ դժվարությամբ ենք գնացել ստորագրությանը, սակայն պատրաստ ենք 10 տարի անց առանց նախապայմանների դրանք վավերացնել: Կոպիտ ասած, խնդիրը հակառակորդի վրա մեղքի բարդումն էր: Թեպետ, եթե հուզականությունից զերծ մնանք, գուցե և «հակառակորդ» բառը տեղին չլինի:

Հայ-թուրքական հարաբերությունների ապագա զարգացման խնդիրը վերլուծելիս, Analitik.am-ը դիմել էր Ցյուրիխում միջնորդ հանդիսացած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսապանատներին Հայաստանում՝ փորձելով ճշտել այդ երկրների պաշտոնական դիրքորոշումը գործընթացի չեղարկման հետ կապված: Թեպետ, երկու երկրների ներկայացուցչություններն էլ բավականին չեզոք կերպով ափսոսանք էին արտահայտել գործընթացի տապալման առթիվ, այնուամենայնիվ, ԱՄՆ դեսպանատունն իր պատասխանում արձանագրել է, որ ՀՀ նախագահը «փաստեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ապագայում առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր հանձնառությանը»: Սա ակնհայտորեն վկայում է այն փաստի մասին, որ հայկական կողմի «մեղքի բարդման» օպերացիան հաջողվել է:

Չնայած բազմաթիվ քննադատություններին, որոնք պնդում էին, որ այդ արձանագրությունների ստորագրումը կործանարար է լինելու Հայաստանի համար, փաստացի դրանք որևէ վնաս չեն տվել հայկական կողմին՝ հնարավորություն ընձեռելով միջազգային հանրությանը հերթական անգամ ցույց տալ, որ գնդակը մեր դաշտում չէ: Սա այն ֆուտբոլային դիվանագիտությունն է, որի կանոններով հաղթում է ոչ թե նա, ով դարպասն է գրավում, այլ նա, ով կարողանում է խաղի ավարտի պահին հակառակորդի դաշտում գնդակը թողնել։ Թեպետ, միջազգային հանրությանը որևէ բան ցույց տալը բավականին իմաստազուրկ զբաղմունք է, պրակտիկան ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել և այն պահին, երբ դա իրենց է պետք:

Սակայն, եթե հեռանանք հակադիր հռետորաբանությունից, պետք է արձանագրենք, որ հարաբերությունների բարելավման գործընթացի տապալումը գուցե և ինչ-որ մեկին հաղթանակ պարգևել է, սակայն դա ոչ Հայաստանն էր, ոչ էլ Թուրքիան: Թուրքիայի համար այս գործընթացը հնարավորություն էր չեզոքացնել  այն մտրակը, որով այդ երկրին սաստում են ամեն անգամ, երբ իրենց ամբիցիաները գերազանցում են սեփական երկրի սահմանները: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության հարցը գերտերությունների կողմից միշտ հանդիսացել է Թուրքիայի այն թույլ կետը, որով հնարավոր է այդ քնած հսկային հնարավորինս քնած պահել:

Հայաստանի համար հարաբերությունների կարգավորումը կարձանագրեր շրջափակման ու փաստացի պաշարման ավարտը: Եթե Թուրքիայի համար փակ սահմանը նշանակում է միջազգային հարթակներում ճնշման գործոն, ապա Հայաստանի համար դա սարսափելի արտագաղթի հիմնական պատճառներից է: Ավելին՝ ռազմավարական առումով հայ թուրքական հաշտեցումը թույլ կտար երկու երկրներին ավելի արդյունավետ համագործակցել քրդական գործոնի չեզոքացման հարցում, որն իրականում սպառնում է տարածաշրջանի բոլոր երկներին. Բոլորին, բացի Իսրայելից, որի համար անկախ Քուրդիստանը հնարավորություն կտար Ադրբեջանին ավելացնել ևս մեկ բարեկամական մահմեդական երկիր, որն էլ իր հերթին էքզիստենցիալ խնդիր կունենա թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի և թե՛ տարածաշրջանի ավելի մանր խաղացողների հետ: Ըստ ամենայնի, հենց այստեղ է պետք փնտրել հաշտեցման տապալման հիմնական գործոնը:

Հռետորական մակարդակով հայ և թուրք պաշտոնյաները բարձրագույն մակարդակով կրկնել են գրեթե անփոփոխ երկու թեզերը: Թուրքիան պահանջում էր ցեղասպանության հարցի ուսումնասիրության համար ստեղծել պատմաբանների հանձնաժողով և բացել Օսմանյան արխիվները, Հայաստանը պահանջում էր հաշտեցումն առաջ տանել առանց նախապայմանների: Երկու երկրների դիրքերը հասկանալի էին: Հայաստանը՝ չվստահելով թուրք գործընկերներին, մտավախություն ուներ, որ զիջելով Ցեղասպանության կամ Արցախյան կարգավորման հարցում, կարող է մնալ կոտրված տաշտակի առջև: Մինչդեռ, Թուրքիան մտավախություն ուներ, որ առանց նախապայման գնալով հաշտեցման կարող է ստիպված լինել Ցեղասպանության պատասխանատվության ամբողջ բեռն ինքնուրույն բարձրացնել, ինչն իրենց կարծիքով, արդար չէր լինի: Էրդողանն իհարկե միակողմանի կարգով սկսեց բացել արխիվները և հանրայնացնել Գերցինի և այլ հրեաների ներդրումն Օսմանյան կայսրության անկման և հետագա հայկական ջարդերի գործում:

Վերոհիշյալ վստահության վակումը հայ և թուրք գործընկերների միջև ամեն կերպ խրախուսվում էր շահագրգիռ խմբերի կողմից: Հայկական սփյուռքն ամբողջ աշխարհով մեկ բողոքի ալիք բարձրացրեց, Սարգսյանի հասցեին չէր դադարում քննադատությունը նաև Հայաստանի ներսում: Բողոքի նույն օջախները նույն հռետորաբանությամբ քննադատում էին Սարգսյանին ապրիլյան պատերազմի համար, այնուհետև սատարում Երևանի կենտրոնում ահաբեկչություն իրականացրած զինյալներին, իսկ այդ ամենի արանքում Նյու Յորքում համատեղ միջոցառումներ անցկացնում Ադրբեջանի իսրայելցի լոբբիստ Բրենդա Շաֆֆերի հետ:

Ադրբեջանա-իսրայելական տանդեմը ոչ պակաս ակտիվ էր նաև Թուրքիայում: Բանը հասավ նրան, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ էրդողանը շատ միանշանակ ակնարկներով փորձում էր զգուշացնել իր ադրբեջանցի գործընկերոջը չխառնվել Թուրքիայի ներքին գործերին: Թերթերը սկսեցին գրել ազգությամբ քուրդ Ալիևի և Թուրքիայում գործող քրդական կառույցների կապի մասին: Էրդողանն ակնարկեց 1945 թվին 146 ադրբեջանցի մտավորականների գնդակահարման գործում ՆԿՎՍ-ի աշխատակից Ալիև ավագի ներգրավվածության մասին: Բանը հասավ նույնիսկ նրան, որ հանրային ալիքներից մեկի եթերում Ադրբեջանին մեղադրեցին Թուրքիայի նախագահ Օզալի սպանության մեջ: Սակայն թե հեղաշրջման փորձը, և թե բազմաթիվ միջադեպերը Թուրքիայի ներսում Էրդողանին հուշել և հուշում են, որ դեռևս տարածաշրջանում կտրուկ քայլեր ձեռնարկելու քաղաքական ռեսուրս նա չունի:

Սիրիայի մասնատումը կանխարգելած ռուսական զինված ուժերն անշուշտ շատ շոշափելի կերպով փոխել են տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը: Իրանը զսպել է քրդական պետության ամբիցիաներն Իրաքում: Թուրքիան, ռուսական զինված ուժերի հետ համագործակցելով, սեփական խնդիրներն է լուծում քրդերի հետ Սիրիական Աֆրինում: Այս ամենի ֆոնին հաճախակիանում են փոխհրաձգություններն Իսրայելի անմիջական սահմանում՝ այդ երկրի ղեկավարությանը ստիպելով ուշադրությունը շեղել հեռահար սահմաններից դեպի Իսրայելի անմիջական վարչական սահմաններ: Այս և բազմաթիվ այլ իրադարձություններ հուշում են, որ տեսանելի ապագայում բացառված չէ, որ Անկարայում քաղաքական ղեկավարությունը գտնի, որ ժամանակն է կրկին փորձել փակել այն էջը ,որը թույլ չի տալիս Թուրքիային նորից մտածել Օսմանյան կայսրության վերականգման մասին: Սակայն, այս անգամ գործընթացը պիտի տեղի ունենա արդեն առանց միջնորդների, զուտ երկկողմ հարթակի վրա:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից