Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Ադեկվատ քաղաքական ուժը չի ձգտի քանդել, սևացնել, այրել ամեն ինչ. Արա Կետիկյանը` ԵԾ-ի մասին

analitik.am

Մարտի 19-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցությունը նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանել Վուդրո Վիլսոնի անունով: Այս նախագիծն առաջացրեց ինչպես ԵԼՔ, այնպես էլ ՀՀԿ խմբակցությունների վրդովմունքը և բնականաբար չընդունվեց: Հասարակությունը նույնպես բավականին կոշտ քննադատությամբ հանդես եկավ:  Այս հարցի շուրջ Analitik.am-ը զրուցել է Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Արա Կետիկյանի հետ:

Պարոն Կետիկյան, Երևանի ավագանիում Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի անվանափոխման վերաբերյալ Երկիր Ծիրանի խմբակցության նախագծի քննարկման ժամանակ Դուք հայտարարեցիք, որ այստեղ դրսի ուժերի մատն է խառը: Ի՞նչ և ո՞ւմ նկատի ունեիք։

Այո, ես արդեն նշել եմ՝ ինձ համար ակնհայտ է, որ Երկիր Ծիրանի խմբակցության բոլոր գործողությունները թելադրված են դրսից, թե հատկապես որ դրսից, փորձենք միասին վերլուծել: Ով հետևում է Երևանի ավագանու նիստերին, վաղուց արդեն համոզված կլինի, որ ԵԾ-ի մեր գործընկերուհիները հետապնդում են մեկ նպատակ՝ ամեն տեսակի սադրիչ գործողություններով, վիրավորանքներով հասնել հերթական խառնաշփոթ իրավիճակին, տեսախցիկով մի քանի կադր փախցնել ու աշխարհով մեկ վարկաբեկել Երևանի ավագանին:

Ինչո՞ւ է պետք  նման որակավորում տալ, ինչո՞ւ սա չենք դիտարկում որպես ընդդիմադիր ուժի պայքար:

Սա ընդդիմության սովորական պայքար չէ իշխանության դեմ, նույնիսկ կռիվ չէ իշխանության համար: Այլապես ինչպե՞ս կարելի է դիմել Երևանի գործընկեր արտերկրյա քաղաքացիներին՝ կոչ անելով դադարեցնել ամեն տեսակ շփումներն ու համագործակցությունը մեր մայրաքաղաքի հետ: Այդ մայրաքաղաքը Երևանի քաղաքապետն ու իր աշխատակազմը չեն, նույնիսկ Երևանի ավագանին չէ, այդ մայրաքաղաքը 2800-ամյա Երևան քաղաքն է, երևանցին է: Չմոռանանք, որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, հետևաբար այդ կոչն ուղղված է յուրաքանչյուր հայի դեմ: Չէ՞ որ քաղաքների համագործակցությունը նախ և առաջ մշակութային, տնտեսական, հասարակական համագործակցություն է ենթադրում տարբեր ազգերի միջև, և նորմալ քաղաքական ուժը կգիտակցի, որ տարիների համագործակցությունը վաղը կարող է ինքը տնօրինել, եթե խոհեմություն ունենա ընտրություններում հաղթի և այդ կերպ իշխանության գա: Ուստի ադեկվատ քաղաքական ուժը չի ձգտի քանդել, սևացնել, այրել ամեն ինչ:

Վերադառնանք քննարկված և մերժված նախագծին,  Դուք դե՞մ եք, որ մենք Երևանում ունենանք Վուդրո Վիլսոնի անվան փողոց:

Երկիր Ծիրանի խմբակցությունն առաջարկում էր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցի մի մասը վերանվանել ԱՄՆ 28-րդ նախագահի անունով: Այստեղ խնդիրը Վիլսոնը չէ, եթե իսկապես ցանկանային, որ Երևանն ունենար Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց, շատ հանգիստ կդիմեին, կառաջարկեին, կքննարկեին այդ հարցը Երևանի քաղաքապետի, Հանրապետական և ԵԼՔ խմբակցությունների իրենց գործընկերների հետ, և հարցը հանգիստ լուծում կստանար՝ Երևանում որևէ անուն չունեցող կամ իսկապես անվանափոխության արժանի փողոցն այսուհետ կկրեր Վիլսոնի անունը:

Այսինքն՝ ուզում եք ասել, որ նրանց պետք էր անվանափոխել հենց Վազգեն Սարգսյանի անո՞ւնը կրող փողոցը:

Այո, ԵԾ-ին պետք էր անպայման փոխել հայ ազգային հերոսի անունն Ամերիկայի պետական գործչի անունով: Աբսուրդ է, չէ՞…Կպատկերացնեք արդյո՞ք, որ օրինակ Ֆրանսիայում որևէ մեկի մտքով կանցնի Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանն անվանափոխել ԱՄՆ 28-րդ, 29-րդ կամ 30-րդ նախագահի անունով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեին այդ առաջարկն անողի հետ փարիզեցիները: Նույն կերպ կվարվեին ամերիկացիները, իտալացիները, ռուսները, մոզամբիկցիները, իսկ մենք հանդուրժում ենք:

Լավ, եթե համաձայն չեք, որ սա ուղղակի Վիլսոնի անունով փողոց ունենալու ցանկություն է եղել, ի՞նչ անուն կտաք սրան:

Ոտնձգություն ազգային հերոսի հիշատակի նկատմամբ, իսկ նման ուղիղ մարտահրավեր կարող է նետել միայն ու միայն դրսի ուժը, ընդ որում՝ թշնամական պետությունը: Դա մարտահրավեր էր մի մարդու հիշատակի դեմ, ով հայրենիքի համար օրհասական պահին գրիչը փոխարինեց զենքով ու իր ընկերների հետ լծվեց հայոց նորանկախ պետականության իրական սահմաններն արյուն-քրտինքով գծելու գործին:  Ճիշտ է Վիլսոնն էլ էր ուզում Հայաստանի սահմաններն ընդլայնել, բայց մեր գծած սահմաններն իրական են, ի տարբերություն Վիլսոնյան փաստաթղթի, որն այդպես էլ թղթի վրա մնացած քարտեզ է, որովհետև ամեն ազգ ինքը մաքառումով ու զրկանքներով պետք է գծի իր քարտեզն ու սահմանները: Թե Վիլսոնը և թե նրան նախորդող ու հաջորդող ԱՄՆ բոլոր նախագահները՝ որպես հայրենասեր ամերիկացիներ, նաև և առաջ գծել ու գծելու են իրենց հայրենիքի իրական քարտեզը, ուստի այսօր ունեն օվկիանոսից օվկիանոս հայրենիք: Իսկ մենք ունենք այն, ինչ ունենք, բայց դա մենք ենք ստեղծել, սպարապետը, իր մարտական ընկերները և երկիր ստեղծող ու երկիր պահող ողջ հայ ժողովուրդը:

Առհասարակ կարիք կա՞ շատ լուրջ վերաբերվելու ԵԾ-ի այս առաջարկին:

Հարցն այն չէ, որ Երկիր Ծիրանի խմբակցության խայտառակ նախագիծը, բնականաբար, պետք է մերժվեր: Հարցն այն է, որ դրսում ծնված նման նախագիծը կարող է հայի կողմից բերվել քննարկման: Սա պայքար է մեր սրբության դեմ: Չէի ցանկանա այս օրինակը բերել, քանի որ միգուցե շատ կոպիտ հնչի. 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկիչ շներից մեկը, որի անունը ես չեմ արտասանի, մի քանի րոպե զենքով կռիվ էր տալիս սպարապետի վաղուց արդեն անշնչացած մարմնի դեմ: Ինչո՞ւ, որովհետև միշտ վախեցել և այդ պահին էլ վախենում էր սպարապետից: Հիմա սա ի՞նչ է, նույն կռվի շարունակությունը՝ արդեն Վազգեն Սարգսյանի հիշատակի դե՞մ: Իհարկե այո՛, որովհետև հիմա էլ մեր դարավոր թշնամին վախենում է սպարապետից, որովհետև նրա ոգին ու հայրենիքը պաշտպանելու և հաղթելու պատրաստակամությունը յուրաքանչյուրիս մեջ է: Հայ շինարարի և ուսուցչի մեջ է, հոգևորականի և երկրապահ կամավորականի մեջ է, այսօր մեր սահմանները պաշտպանող սպայի ու զինվորի մեջ է: Հանենք այդ ոգին, պաշտպանվելու պատրաստակամությունը, որքան էլ տաղանդավոր ազգ լինենք, միևնույն է տակը ոչինչ չի մնա ու ժամանակի ընթացքում կձուլվենք և որպես ազգ իսպառ կվերանանք՝ մեր հասակակից տասնյակ ազգերի նման, որոնցից միայն անունն ու պատմությունն է մնացել: Ա՛յ դրա համար են այդ ոգու դեմ կռիվ տալիս մեր դրսի թշնամիները, մեր ներսի ձեռքերով ու շուրթերով: Չգիտեմ, գիտակցում են արդյո՞ք այս ամենը Զարուհի Փոստանջյանն ու իր ընկերուհիները: Անկեղծ, ես շատ կցանկանայի, որ վերջիններս մոլորության մեջ լինեին ու հիմա գոնե ուշքի գալով հարցում անեին իրենց անհայտ կամ հայտնի պատվիրատուներին. «Արդյո՞ք այս անգամ չափներդ չանցաք» ու ընդմիշտ խզեին կապերը, միգուցե միջնորդավորված հանդես եկող, բայց հաստատ մեր ազգի ու պետության թշնամիների հետ:

Արթուր Մնացականյան

Նույն շարքից