Ժանտախտը (Ալբեր Քամյու)
Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194… թվականին՝ Օրանում: Ընդհանուրի կարծիքով ոչ սովորական բնույթի այդ դեպքերի համար ճիշտ քաղաքը չէր ընտրված: Առաջին հայացքից, իսկապես, Օրանը մի սովորական քաղաք է, ոչ ավելին, քան ֆրանսիական մի պրեֆեկտուրայի կենտրոն՝ ալժիրյան ծովափին:
Քաղաքն ինքը, պետք է խոստովանել, տգեղ է: Նա ունի խաղաղ տեսք և որոշ ժամանակ է պետք նկատելու համար, թե ինչն է նրան տարբեր դարձնում երկրագնդի նույն լայնության բոլոր աստիճանների վրա գտնվող այնքան ուրիշ առևտրական քաղաքներից: Օրինակ, ինչպես պատկերացնել մի քաղաք առանց աղավնիների, առանց ծառերի, առանց այգիների, որտեղ չես լսում ոչ թևաբախյուն, ոչ տերևների շրշյուն: Կարճ ասած, բոլորովին բացասական մի վայր: Եղանակների փոփոխությունը այնտեղ կարելի է իմանալ միայն երկնքից: Գարունն իր գալուստը ազդարարում է օդի որակով կամ ծաղիկների զամբյուղներով, որ մանրավաճառները բերում են արվարձաններից և շուկաներում գարուն են ծախում: Ամռանը արևը հրդեհում է շատ չոր շենքերը և նրանց պատերը ծածկում գորշ մոխրով: Այդ ժամանակ կարելի է ապրել միայն փակ փեղկերի ստվերում: Աշնանը, ընդհակառակը, ցեխաջրի հեղեղ է: Հաճելի օրերը միայն ձմռանն են լինում:
Որևէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձևերից մեկն էլ իմանալն է, թե ինչպե՞ս են այնտեղ աշխատում, ինչպե՞ս են սիրում և ինչպե՞ս են մեռնում: Մեր փոքր քաղաքում, կլիմայի ազդեցությունի՞ց արդյոք, այդ երեքն արվում են նույն մոլեգնությամբ, բայց և միաժամանակ անտարբեր տեսքով: Նշանակում է, որ մեզ մոտ բոլորն էլ, ձանձրանում են, և ձանձրույթից էլ սովորույթներ են ձեռք բերում: Մեր համաքաղաքացիները շատ են աշխատում, բայց միշտ ավելի հարստանալու համար: Նրանք հիմնակալում հետաքրքրվում են առևտրով և զբաղված են, ըստ իրենց արտահայտության, «գործ անելով»: Բնականաբար ունեն նաև պարզ հաճույքների ճաշակը, սիրում են կանանց, կինոն և ծովում լողալը: Բայց շատ ողջամտորեն նրանք այդ հաճույքները պահում են շաբաթ գիշերվան և կիրակի օրվան՝ մյուս օրերին փորձելով շատ փող աշխատել: Գրասենյակներից դուրս գալուց հետո, երեկոյան որոշակի ժամին նրանք հավաքվում են սրճարաններում, զբոսնում են միևնույն ծառուղիում և կամ մաքուր օդ շնչելու համար նստում են իրենց պատշգամբներում: Երիտասարդների ցանկությունները բուռն են և կարճատև, մինչդեռ ավելի տարիքավորների մոլությունները գնդակախաղի ընկերություններից, ճաշկերույթներից և մեծ գումարով թղթախաղի շրջանակներից հեռու չեն գնում:
Կարող են ասել, անկասկած, որ դա միայն մեր քաղաքի համար հատկանշանական չէ, թե մեր բոլոր ժամանակակիցներն այդպիսին են: Անշուշտ, ոչ մի բան այնքան բնական չէ այսօր, քան տեսնելը մարդկանց, որ աշխատում են առավոտից երեկո, իսկ այնուհետև չգիտեն՝ ինչպե՞ս վատնել ապրելու համար մնացած ժամանակը, թղթախաղո՞վ, սրճարանո՞ւմ, թե՞ շատախոսությամբ: Բայց աշխարհում կան քաղաքներ և երկրներ, որտեղ մարդիկ կասկածում են, թե հնարավոր է ուրիշ ձևով ապրել: Դրանից, ընդհանրապես, նրանց կյանքը չի փոխվում: Միայն հնարավորության կասկածը: Բայց դա էլ օգտակար է, մնում է որպես շահ: Իսկ Օրանը, ընդհակառակը, ակնհայտորեն չտարակուսողների քաղաք է, այսինքն լրիվ ժամանակակից քաղաք: Հետևաբար կարիք չկա ճշգրտելու, թե ինչպե՞ս են սիրում մեզ մոտ: Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթին: Այս ծայրահեղությունների արանքում հաճախ ոչ մի տարածություն չի մնում: Այս էլ ինքնատիպ չէ: Օրանում կամ մի այլ վայրում ժամանակի և մտածողության պակասի պատճառով մարդիկ ստիպված են իրար սիրել առանց պատճառն իմանալու:
Գիրքը կարդալ այստեղ