Հարցազրույց Տնտեսություն 

Պետք է պայքար մղեմ ֆակուլտետում արմատավորված կոռուպցիայի, ամենաթողության և վախի երևույթների դեմ. Միքայել Միքայելյան

Analitik.am -ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Միքայելյանը։

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր թեկնածության առաջադրումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնում հայտարարված մրցույթի մասնակցությանը։

Նախ ասեմ, որ գործող դեկանն այդ պաշտոնում շուրջ 18 տարի է պաշտոնավարում է։ Ցանկացած պաշտոնում արդեն 10 տարուց հետո պաշտոնավարելն այդ համակարգում աստիճանաբար վերածվում է ճահճի։ Եվ նույնիսկ ամենալավ, ամենաազնիվ և մաքուր աշխատանքի դեպքում դա իրեն զգացնել է տալիս։ Երկրորդ հանգամանքը, որ չգիտես ինչու, հատկապես վերջին երկու ընտրությունների ժամանակ ոչ ոք չի փորձել մրցակցել, իսկ եթե մրցակցություն չլինի, դա էլ է նպաստում ճահճացմանը, երրորդ պատճառն այն է, որ ֆակուլտետում կան արատավոր երևույթներ, որոնց դեմ պետք է ժամանակին պայքար մղվեր, իսկ քանի որ ժամանակին ֆակուլտետի  ղեկավարությունը հովանավորվում էր նախագահի մակարդակով, դրա համար ոչ ոք չէր փորձում մրցակցել։ Այդ իսկ պատճառով ես փորձեցի կոտրել այդ կարծրատիպը և դրեցի իմ թեկնածությունը դեկանի պաշտոնում ընտրվելու համար։

Այդ պաշտոնում հավակնելու համար ինչպիսի՞ նպատակ և խնդիրներ եք դրել Ձեր առջև։

Քիչ առաջ նշված հանգամանքներից կարելի է այսպես ձևակերպել՝ առաջինը, որ պետք է պայքար մղեմ ֆակուլտետում արմատավորված կոռուպցիայի, ամենաթողության և վախի երևույթների դեմ, հանգամանք, որը հատկապես վերջին 10 տարիներին հատուկ է եղել ֆակուլտետին։

Ներկայումս լուծում պահանջող ինչպիսի՞ հիմնախնդիրներ են ծառացած ֆակուլտետի առջև։

Ելնելով դրված նպատակից՝ արդեն կոնկրետ քայլեր պետք է արվեն այդ նպատակին հասնելու համար։ Առաջինը, որ պետք է անհաշտ պայքար մղել ամենաթողության և կոռուպցիայի դեմ, երկրորդը՝ ցանկացած ուսումնական հաստատություն պետք է արդար և թափանցիկ գործի, թափանցիկ լինի ոչ միայն գործընկերների, այլ նաև ուսանողների համար, որպեսզի վստահություն ունենան և՛ գործընկերները, և՛ ուսանողությունը, դրանից կշահի աշխատանքի որակը։

Կմանրամասնեք, թե ո՞րն է կրթության որակի բարձրացման Ձեր տեսլականը։

Ինչ խոսք, վերջին տարիներին եղած տնտեսագիտական կրթություն տվող օջախներին զուգահեռ նոր մրցակիցներ են ի հայտ եկել՝ դա  Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղն է, բակալավրիատում ընդունելություն է սկսել կազմակերպել Ամերիկյան համալսարանը, հայերեն լեզվով ընդունելություն է կազմակերպում նաև հայ-ռուսական համալսարանը, բնականաբար այս որոշակի մրցակցությունը բերում է նրան, որ դեպի պետական համալասարան հոսքը զգալիորեն կրճատվել է, պատահական չէ՝ այս վերջին ուսումնական տարում մեկ հոսք, դա  նշանակում է, որ ավելի քան 60 ուսանող՝ առաջին կուրսում պակաս է ընդունվել, քան նախորդ տարիներին։ Այդ ամենին կա և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ՝  օբյեկտիվ պատճառներն ես արդեն նշեցի, գումարած դրան արտագաղթ , ազգաբնակչությունն էական կրճատվել է, իսկ սուբյեկտիվ պատճառներից է համալսարանում կրթության որակի անկումը, իսկ դա մի կողմից պայմանավորված է վարձատրության հետ։ Պետք է ասեմ, որ վերջին 3 տարում դասախոսների վարձատրությունը գրեթե չի ավելացել, անցած տարի 10 000 դրամով բարձրացվեց, որն ավելի լավ կլիներ չանեին։ Մի խոսքով, խնդիրներ կան, և այդ խնդիրներից մեկն է դասավանդման որակի բարձրացումը։ Շատ դասախոսներ, հատկապես պրակտիկայի պակաս ունենալու պատճառով, զուտ տեսական մոտեցում են ցույց տալիս, անգիր արած մտնում են լսարան, որն ուսանողի համար համապատաասխան դասընթացը դարձնում է անհետաքրքիր։ Եթե ուսանողին տեսականին զուգահեռ չես բերում օրինակներ պրակտիկ և գործնական աշխատանքից, ուսանողը դրանից հիասթափվում է։ Ուսանողին հիասթափեցնում է նաև իր շրջապատում եղած անարդարությունը, երբ նա  տեսնում է իրենից ցածր գիտելիքներ ունեցող ուսանողն ավելի բարձր գնահատական է ստանում, էլ չեմ ասում, որ ազատվում է ուսման վարձը վճարելու պարտականությունից, բնականաբար, այս ամենը բերում է համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, ինչու չէ նաև մյուս ֆակուլտետների՝ ուսման որակի անկման։ Շատ դասախոսների դասախոսության տեքստերը հնացած են, դա, իհարկե, բոլորին չի վերաբերում, կան լավ պատրաստված և երիտասարդ կադրեր և գործող համապատասխան ստաժ ունեցող դասախոսներ, բայց փաստ է, որ կան նման երևույթներ։ Ուսանողներն իրենց գնահատականը տալիս են դասախոսներին, երբ ամեն տարի սոցհարցումներ են անցկացնում և, որպես կանոն, այդ դասախոսները ցածր գնահատական են ստանում և այստեղ հաշվի է առնվում կրթության որակն ու մնացած գործոնները։ Հիմնականում այս ուղղությամբ պետք է աշխատեմ։

Դուք Ձեր խոսքում նշեցիք ֆակուլտետում տիրող կոռուպցիոն և հովանավորչական երևույթների մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ արատավոր երևույթներն արմատախիլ անելը։

Այդ երևույթն այսօր չի ծնվել, երեկ չի ծնվել, ցավոք սրտի, եղել է նաև Խորհրդային շրջանում, բայց գնալով, այսպես ասած, ավելի հոռի բարքեր են դրսևորվում։ Բուհն եղել է երկրի մի օղակը։ Եթե երկրում կոռուպցիան համատարած է եղել, բնական է բուհը կամ առանձին կառույցներ կարող են ավելի մեղմ դրսևորումներ ունենալ, դա պայմանավորված է եղել երկրում տիրող  իրավիճակից։ Վառ ապացույց՝ մեր երիտասարդության կողմից կատարած շարժումը՝ հեղափոխությունը։ Պատահական չի, որ նոր իշխանությունն առաջին հերթին սկսել է պայքար կոռուպցիայի դեմ։ Ես ողջունում եմ նոր իշխանությանը, ողջունում եմ, որովհետև երկրի փրկությունն առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարն է։ Ճիշտ է, պրոֆեսիոնալիզմը մեծ դերակատարում ունի, ես ինքս 17 տարվա պետական կառավարման համակարգի փորձ ունեմ և գիտեմ՝ ինչ բան է պրոֆեսիոնալը ու գիտեմ՝ ինչպիսին է այսօրվա շատ պետական համակարգերում աշխատող մասնագետների որակը։ Այդ  նույն կոռուպցիոն բարքերը տիրում է նաև բուհում, քանի որ տարիներ շարունակ մեր ղեկավարությունը լինելով վերևից հովանավորվող, այսպես ասած, անպատժելիության մթնոլորտ  է ստեղծել, որն էլ բերել է այդ մթնոլորտում պահելը և՛ ֆակուլտետի ուսանողներին, և՛ դասախոսներին։ Մի հանգամանք, առանց որից ազատվելու կրթության որակի բարձրացման մասին խոսք գնալ չի կարող։

Ի՞նչ ծրագրային մոտեցումներ եք նախատեսում իրականացնել արտաքին համագործակցության բնագավառում։

Վերջին տարիներին արտաքին համագործակցության վերաբերյալ համալսարանը բավականին ակտիվացում ունի, բայց ոչ թե ֆակուլտետը, այլ համալսարանը։ Ժամանակին Ֆակուլտետն ունեցել է կապեր Ամերիկյան և Եվրոպական համալսարանների հետ, իսկ վերջին շրջանում այդ երկկողմանի կապերը քչացել են, գրեթե չկան։ Հիմա  կարևոր է այդ երկկողմանի կապերը նորից շարունակել, փնտրել և գտնել, իսկ այդպիսիք կան, հատկապես դրամաշնորհներով, որը նաև հնարավորություն կտա ֆակուլտետի դասախոսական կազմին իրենց աշխատանքի դիմաց որոշակի լրացուցիչ վարձատրություն ստանալ, սա կարևոր է, որովհետև այսօրվա  վարձատրության պայմաններում նույնիսկ լավ դասախոսների մեծ մասը գնում է մասնավոր հատված և տարբեր պետական պաշտոնների։ Եվ եթե դասախոսները լավ վարձատրվեն, կարծում եմ՝ չեն գնա։ Տնտեսագիտության ֆակուլտետը պետք է և՛ ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետ համագործակցության լայն աշխատանքներ տանի, և՛ Սլավոնական համալսարանի, և՛ տնտեսագիտական համալսարանների , և այդ նոր ստեղծված մասնաճյուղերի հետ միասին պետք է և՛ հրատարակումներ անել, և՛ կոնֆերանսներ, և՛ գիտական քննարկումներ կազմակերպել։ Տեսեք, նոր կառավարություն է ձևավորվել, վաղը մյուս օր պետք է քննարկվի կառավարության գործունեության նոր ծրագիր և ֆակուլտետը նման ծրագրերին չպետք է անմասն մնա, իսկ մեր ֆակուլտետում ես գիտեմ գրագետ կադրեր, որոնք ունակ են նման աշխատանքներ տանել։ Ես ինքս նախորդ գործունեության ժամանակ առանձին նստեցի վերլուծություններ արեցի և հաշվարկներով ցույց տվեցի, որ այդ ծրագիրը, ցավոք սրտի, ոչ իրականանալի է։ Այնուհետև փորձեցի հոդվածով տպել այն և ի վերջո մեկ տարի անց հաջողվեց տպել «Այլընտրանք » հանդեսում։ Հարկ է նշել, որ մի քանիսը մերժեցին, ընդհուպ  մինչև որոշ թերթեր, որովհետև այն քննադատական էր։ Իսկ մեր ֆակուլտետն այդ առումով կարող  է առաջամարտիկ լինել՝ մշակելով եղած ծրագրերը, վերլուծել դրանք և փորձել օգնել կառավարությանը, ինչու չէ նաև պետք է համապատասխան աշխատանքներ տանել պատվեր վերցնելու համար՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներ անելով։ Բիզնեսներ կան, որոնք դրվում են և եթե մասնավոր բիզնեսի համար կարողանաս լուրջ հիմնավորումներ անել, ապա վարկանիշը կբարձրանա, իսկ դա մեր աշխատողների համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր է։ Բուհը չպետք է միայն դասախոսության համար լինի: Բուհը պետք է լինի առաջատար գիտական հիմնարկ։ Ես այսպես եմ տեսնում մեր ֆակուլտետի ապագան, եթե իհարկե ինձ հաջողվի անցնել այն շեմը, որը հինը բոլոր թույլատրելի և անթույլատերի միջոցներով փորձում է պահել, ինչին նաև, ցավոք սրտի, նպաստում է ղեկավարությունը։

Ֆակուլտետի ապագա ղեկավար ընտրվելու դեպքում աշխատանքային գործունեության ինչպիսի՞ հիմնարար սկզբունքներ եք որդեգրելու։

Քիչ առաջ նշեցի, որ շուրջ 17 տարի աշխատել եմ պետական կառավարման համակարգում և շուրջ 8 տարի եղել եմ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։ Բոլոր պաշտոններում ես իմ ստորադասների հետ երբևիցէ բարձր տոնով չեմ խոսել, բայց իմ ասածը նրանց համար օրենք է եղել, ես երբևիցե չեմ փորձել ցույց տալ իմ իշխանությունը։ Ղեկավարը պետք է կարողանա հարգանք վայելել աշխատողների շարքերում՝  ոչ թե գոռգոռալով և շանտաժի ենթարկելով։ Ցավոք սրտի, այդ ամենը ֆակուլտետում առկա է, որովհետև մարդիկ վախենում են աշխատանք կորցնել։ Պարզապես նույն արդյունքին կարելի է հասնել հանգիստ՝ ասելով, ոչ թե վախեցնելով։ Հետևաբար, պետք է աշխատողների նկատմամբ արդար մոտեցում ցուցաբերել, պայմանների առումով լինի հավասարություն։ Եթե կան որակական տարբերություններ, ուրեմն պետք է համապատասխան գնահատական տրվի աշխատողին՝ այսինքն, որպեսզի աշխատանքի խթան լինի։ Իմ համոզմամբ, եթե որևէ կառույցի ղեկավար կոռուպցիայով չի զբաղվում միանշանակ իր ստորադասները դրանով չեն զբաղվելու, գուցե առանձին, թաքուն, բայց ոչ բացահայտ, սա է խնդիրը։ Փառք Աստծո, այս տարիների ընթացքում ես միշտ բարձր ճակատով եմ ման եկել, որովհետև որտեղ որ աշխատել եմ,  այդ առումով խնդիր չեմ ունեցել։ Նույնն այստեղ եմ անելու՝ պրոֆեսիոնալ և մաքուր աշխատանքով։ Ուզում են նշել նաև, որ պատահական չէր հատկապես ուսանողների վերաբերմունքն առ այն, երբ ամսի 24-ին իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի գրառում` հայտնելով դեկանի ընտրություններին իմ մասնակցության վերաբերյալ։ Ուսանողության ոգևորությունն այդ մասով անսպասելի էր և շատ հաճելի։

Ինչպիսի՞ն  է լ ինելու ուսանողության դերը ֆակուլտետի կառավարման գործում։

Այս հեղափոխությունը ցույց տվեց, որ մեր սերունդը չկարողացավ կոտրել հնի, կոռուպցիայի դիմադրությունը, իսկ երիտասարդությունը, հատկապես ուսանողությունն արեց դա։ Հետևաբար, ուսանողությունը մեծ գործ ունի նաև մեր ֆակուլտետում։ Չգիտես ինչի, մերոնք պասիվ են  այս առումով, գուցե նաև կա  մի հանգամանք, որում շատ ընտանիքներ սոցիալապես ապահովված են, գուցե դա էլ ունի իր նշանակությունը, բայց իմ կարծիքով,  ուսանողությունը պարտադիր պետք է մասնակցի կառավարման գործընթացին։ Ցավոք սրտի, մեզ մոտ ուսանողությունն ընտրությունից ընտրություն է մասնակցում, երբ պետք է լինում  կոսմետիկ տեսք տալ դրան։ Սակայն, իմ կարծիքով, ուսանողությունը մեծ դերակատարում պետք է ունենա կառավարման խորհրդում, այս դեպքում մասնակցություն բոլոր նիստերին։ Ոսխորհուրդի նախագահը կամ գոնե ներկայացուցիչը պարտադիր պետք է մասնակցի։

Մենք բոլորս ամբողջ կյանքում սովորում ենք և կարող ենք նաև ուսանողից սովորել, ինչու ոչ։ Իհարկե դասախոսության ընթացքում պետք է լինի դասախոս-ուսանող հարաբերություն, բայց դրանից դուրս պետք է ուսանողի հետ հավասարը հավասարի հետ  խոսել։ Ինձ հետ կապված, իհարկե, սպասում էի, որ ուսանողությունը կողջունի և կսատարի ինձ, բայց անկեղծ ասած չէի սպասում նրանց կողմից այսպիսի մեծ արձագանքի, դա իհարկե և՛ ոգևորող է, և՛ պարտավորեցնող։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Եվ եթե նույնիսկ ֆակուլտետի ընտրությանը չհաղթեմ, այնուամենայնիվ, ես կհամարեմ ինձ հաղթանակած։

Եվ վերջում, ի՞նչ երաշխիքներ կարող եք տրամադրել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կմեծանա ֆակուլտետի նկատմամբ հանրային վստահությունը:

Ֆակուլտետի հանդեպ վստահությունը բաղկացած է մի շարք գործոններից, առաջինն, ամենակարևորը՝ եթե ֆակուլտետում կոռուպցիա չլինի, վստահություն կլինի, որովհետև կոռուպցիան բերում է անարդարության, անհավասարության և անվստահության։ Կոռուպցիայի «շնորհիվ» է, որ լավ սովորողը կարող է դուրս մնալ, այսպես ասած,  «վատին առաջ մղենք»։ Երկրորդը՝ ծրագրերի փոփոխության անհրաժեշտություն կա և սա բերում է նրան, որ ուսանողությունը մեկը մյուսի հետ խոսում է, օրինակ բարձր կուրսերում ոնց որ մյուս բուհերում է՝ մոդուլներով կազմակերպենք կրթությունը, հետո ուսանողի հետ քննարկումներ լինեն։

Այս տարի Իջևանի մասնաճյուղում փորձեցի ուսանողության հետ սեմինարների ժամերին ոչ թե քննարկել կոնկրետ թեման, այլ թեմային առնչվող կառավարության գործունեության ծրագիրը, թեմային առնչվող միջնաժամկետ ծախսային ծրագիրը, հեռանկարային զարգացման ծրագրեր և այլն՝ այսինքն, ես հնարավորություն տվեցի, որպեսզի ուսանողն ինքնաարտահայտվի, որպեսզի ուսանողը վստահություն զգա իր գիտելիքների նկատմամբ։ Ի դեպ, իմ մագիստրատներն այսօր արդեն պատրաստ են աշխատել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, էլ չեմ ասում մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։ Ես համոզված եմ, որ կարող են որպես գլխավոր մասնագետ ընդունվել և ավելի լավ լուծել տնտեսական համակենտրոնացումների  և այլ խնդիրներ՝ վերլուծություններ կատարելով և այլն։ Ես պատրաստ եմ դա հիմնավորել ցանկացած ատյանում։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից