Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կազմում են մի բարդ ու տարաբնույթ համակարգ, որը հայ էթնոսի ձեւավորման եւ պատմական զարգացման տարբեր փուլերի արգասիք է: Այն կազմված է հնդեվրոպական վաղ ցեղակցական ընդհանրությունից սերող նախնական հավատալիքներից, կրոնաառասպելաբանական պատկերացումներից, ծիսապաշտամունքային ըմբռնումներից ու արարողություններից, հետագայում հայ էթնոսի մեջ համաձուլված արյունակից եւ օտար ցեղերի ու ցեղախմբերի, ինչպես նաեւ պատմական ժամանակաշրջանում հայ ազգի հետ քաղաքական ու մշակութային սերտ շփումներ ունեցող քաղաքակրթությունների կրոնապաշտամունքային համակարգերի թողած ազդեցություններից:
Միհրը (ծագում է միջին իրանական Միհր անունից, հանգում է հնդիրանական միթրա ՙբարեկամ, ուխտ, դաշինք՚ ձեւին), հայոց դիցարանում Արամազդի որդին է, արեգակի եւ երկնային լուսնի հնագույն աստվածությունը, որ հանդես է եկել ուշ իրանական անվանաձեւի տակ1: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Դերջան գավառի Բագայառիճ (պհլվ. Բագայադիշ ՙաստծո պաշտամունք՚) գյուղում: Նրան հելլենիստական շրջանում զուգակցվել է դարբնության եւ հրի աստված Հեփեստոսը: Նրան էր հավանաբար նվիրված նաեւ առնիի հեթանոսական տաճարը:
Ըստ հին հունական գրավոր ավանդության՝ հայերը դեռեւս մ.թ.ա. V դարում արեւային աստվածությանը (Հելիոս) ձիեր են զոհաբերել, իսկ աքեմենյանների ժամանակ Հայաստանի սատրապը պարսից արքային 20 հազար մտրուկ էր ուղարկում միհրական տոների համար: Հիան հայոց Արեգ ամիսը համապատասխանում է պարսկական Միհր ամսին, որ թերեւս վկայում է հայերի մեջ, մինչեւ իրանական ազդեցությունը, արեւային աստվածության բնիկ հայկական անվան (Արեգ) գոյությունը: Միհրի, իբրեւ արեւային աստվածության պաշտամունքը լայն տարածում է ունեցել հայերի մեջ: Նրա անունն ու արարքներն այնքան սիրված են եղել, որ մտել են ՙՍասնա ծռեր՚ հերոսավեպի մեջ՝ Մհեր անունով:
Միհրի արեւմտյան պաշտամունքը զգալիորեն տարբերվում էր նրա զրադաշտական պաշտամունքից: Արեւմուտքում հատուկ շեշտված էին Միհրի արեւային, ռազմական, ցլի սպանությամբ՝ երկրային բարիքների արարչագործության, ինչպես նաեւ մարդկության փրկության հատկանիշները, որոնք ըստ ՙՍասնա ծռերի՚ տվյալների առկա էին նաեւ հայոց միհրապաշտության մեջ: Ըստ արեւմտյան ավանդության՝ Միհրը ծնվում է ժայռից, որին ականատես են եղել հովիվները: Հայոց էպոսում թեպետ ժայռածնության մոտիվը չկա, բայց առկա է Փոքր Մհերի ժայռում՝ Ագռավաքարում փակվելը ¥կոչվում է նաեւ Մհերի դուռ¤: Երբ տարին մեկ անգամ բացվում է Մհերի քարանձավի դուռը, հովիվը կամ նախրապանը մտնում են այնտեղ եւ տեսնում Մհերին: Վերջինս միայն աշխարհի վախճանին է դուրս գալու ժայռից, երբ Քրիստոսը գա աշխարհ, նստի վերջին դատաստանին եւ արդարներին մեղավորներից ջոկի, կամ հին աշխարհը քանդվի եւ նորը կառուցվի, կամ էլ, երբ գարին դառնա ընկույզի, իսկ ցորենը՝ մասուրի չափ, այսինքն՝ աշխարհը նյութական բարիքներով լցվի:
Միհրի պաշտամունքն իր հետքն է թողել նաեւ հին հայկական տոմարում. յուրաքանչյուր ամսվա 8-րդ օրը կոչվել է նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, կոչվել է դարձյալ նրա անունով՝ Մեհեկան: Միհրի անունից է ծագում նաեւ հին հայոց սրբավայրերի ընդհանուր անվանումը՝ մեհյան:
Միհրի պաշտամունքը խոր հետք է թողել նաեւ քրիստոնեական դավանանքի կազմակերպման վրա, մասնավորապես արեգակի եւ լույսի Քրիստոսի անձնավորմամբ, խավարի եւ այն անձնավորող չար ոգիների դեմ Քրիստոսի մղած պայքարով:
Արեւմտյան եկեղեցում անգամ Միհրի ծննդյան օրը (դեկտեմբերի 25) նույնացվել է Քրիստոսի ծննդին՝ իր մի շարք խորհրդապաշտական արարողություններով: