Տնտեսություն 

Ինչպե՞ս գինին վերածնվեց Հայաստանում

Պատմականորեն, գինեգործությունն ու գինի խմելու մշակույթը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Դրա մասին վկայում են թե լեգենդներն ու պատմական փաստերը, թե ուսումնասիրություններն ու իրեղեն ապացույցները։ Աստվածաշնչյան պատմությունն ավետում է, որ մարդկությունը բացահայտեց գինին, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, ով կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին, որից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց և պտուղներից գինի ստացավ: Գինին այնքան համեղ էր, որ չդիմացավ գայթակղությանը և, ըստ լեգենդի, «խմեց և արբեց»: Սա առաջին տեղեկությունն էր մեր երկրում գինու մասին։ Հայկական գինեգործության մասին լեգենդներ են պահպանվել հեթանոսական ժամանակներից, ինչպես նաև տեղեկություններ և ապացույցներ կան, որ Հայաստանում գինեգործությունը զարգացած է եղել դեռևս 6000 տարի առաջ։

Խորհրդային կառավարման տարիներին Հայաստանում գինեգործություն նույնպես կար։ Սակայն, պլանային տնտեսության կազմակերպման նպատակահարմարությունից դրդված և գյուղատնտեսության ոլորտի դիվերսիֆիկացման նպատակով խորհրդային իշխանությունները որոշել էին, որ Հայաստասնը պետք է լիներ կոնյակագործության զարգացման կենտրոն, իսկ Վրաստանն ու Մոլդովան՝ գինեգործության։ Չնայած, Հայաստանում գինեգործություն կար, սակայն ԽՍՀՄ-ում առավելապես տարածում էին գտել վրացական և մոլդովական գինիները՝ պայմանավորված բացառապես պլանային տնտեսությամբ։

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանում գինեգործությունը կանգնեց նույն դժվարությունների առաջ, ինչ տնտեսության ցանկացած այլ ճյուղ։ Ներդրումների բացակայությունն ու նորագուն  տեխնոլոգիաների պակասը թույլ չէին տալիս զարգացնել ոլորտն ու դուրս գալ միջազգային շուկա։ Այս առումով հեղափոխական նշանակություն ունեցավ Հայաստանի գինեգործության մեջ ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ներդրումը, ով Արմավիրի մարզի հյուսիսային մասում գինու նոր գործարան հիմնադրեց և ստեղծեց «Կարաս» գինին։ «Կարաս»-ի խաղողի այգիները գրավում են ավելի քան 400 հա տարածություն և մասն են կազմում «Հայաստանի Հողեր» ընկերության, որին պատկանում է Արմավիրի մարզի հյուսիսային մասում գտնվող 2300 հա հողատարածքը։

Միլիոնավոր դոլարները ոչ միայն Հայաստանի տնտեսության համար ունեցան բեկումնային նշանակություն, ոչ միայն ստեղծեցին հազարավոր աշխատատեղեր, այլ լրջագույն խթան հանդիսացան Հայաստանի գինեգործության զարգացման համար։ Ներդրումն ազդեց ոչ միայն «Կարաս» գինիների տարածման և ճանաչելիության վրա, այլ օգնեց Հայաստանում գինեգործության վերածննդին՝ դառնալով տնտեսության կայուն զարգացող հիմնական ճյուղերից մեկն ու ներդրումների առանցքը։ Այսօր Հայաստանում գինի խմելը դարձել է մշակույթի մաս։ Հայաստանում հայտնվել են հարյուրավոր գինետներ և գինու մասնագիտացված ռեստորաններ։ Հայաստանում վերջապես վերածնվել է գինի ըմպելու մշակույթը, որը խորհրդային իշխանության պատճառով դադարել էր լինել հայկական մշակույթի և առօրյայի բաղկացուցիչ տարրը և այս ոլորտում Էդուարդո Էռնեկյանի դերն անուրանալի է, ում շարունակական ներդրումների արդյունքում  հայկական գինին շարունակում է զարգանալ՝ դառնալով Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից մեկը։ Այսօր արդեն հայկական գինին իր որակով և համով որևէ կերպ չի զիջում համաշխարհային գինեգործության գիգանտներին և իր ուրույն տեղն է զբաղեցնում այս շուկայում։

Նույն շարքից