Տնտեսություն 

Գնաճը կշարունակվի. Հունվարի 1-ից ալյուրը կտրուկ կթանկանա. Գագիկ Մակարյան. «Հայոց աշխարհ»

analitik.am

Դեռ նախորդ տարի սկսված գնաճի թափը ոչ մի կերպ չի նվազում։ Մասնագետները կանխատեսում են, որ 2019թ. եւս մի շարք ապրանքների գները կբարձրանան։ Որքանո՞վ են հիմնավորված նման կանխատեսումները։

«Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ «գնաճը կշարունակվի նաեւ հետագայում: Այս տարի այն հիմնականում գյուղատնտեսական շուկայում եղավ, պատճառը ոլորտի անմխիթար վիճակն է, առկա մի շարք խնդիրները՝ ոռոգման ջրի, թունաքիմիկատների ձեռքբերման, սուբսիդիաների տրամադրման, եղանակային պայմանների: Համակարգը մեզանում շատ թերի է, ինչը հանգեցնում է անխուսափելի թանկացման:

Գնաճին նպաստում է նաեւ տուրիզմի զարգացումը: Այն որոշակի ամիսների սպառողական շուկայոմ ավելացնում է պահանջարկը եւ սպառումը գրեթե 50 տոկոսով ավելանում է: Իսկ դա նպաստում է գների թանկացմանը, որովհետեւ պահանջարկը մեծ է, առաջարկը քիչ՝ նախատեսված միայն մեր ներքին սպառողական շուկայի համար: Իսկ գինը բարձրանալուց հետո այլեւս չի իջնում:

Հունվարի 1-ից նախատեսվում է, որ կտրուկ կթանկանան նաեւ ալյուրը եւ ցորենը, ինչպես նաեւ անասնակերը եւ այդ հումքով պատրաստվող ամեն ինչ՝ հացը, հացաբուլկեղենը, հրուշակեղենը, թռչնամիսը, միսը: Դա պայմանավորված է Վրաստանի կառավարության՝ ցորենը ցամաքային ճանապարհով ներկրելու արգելքի հետ: Այդ մասին շատ խոսվեց եւ մասնագետները եկան այն համոզման, որ օրենքը կիրառվելուց հետո մեզանում թանկացումներն անխուսափելի կլինեն:

Մինչդեռ մեր իրավասու երեք նախարարությունները՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, ոչինչ չկարողացան անել Հայաստանի համար որոշակի զիջումների հասնելու:

Պաշտոնյաները շատ անտարբեր են, գրագիտության պակաս կա անգամ, եւ փաստորեն օրենքի կիրառումը մնաց բախտի քմահաճույքին, վրացական իշխանությունների կամքին: Եթե նրանք որոշեն կիրառել, ապա մենք ոչինչ չենք կարողանա անել, ու հետեւանքները ոչ միայն սպառողական շուկայում ի հայտ կգան, այլեւ փոքր ու միջին բիզնեսում, մարդիկ զգալիորեն կտուժեն:

Իսկ թանկացումներն ավելի են սրելու սոցիալական անմխիթար վիճակը: Մենք չորս տարի է՝ չենք կարողանում աղքատության ցուցանիշը 30 տոկոսից նվազեցնել: Իսկ 30 տոկոս աղքատությունը նշանակում է, որ Հայաստանում մոտ 270 հազար ընտանիք աղքատ է: Գործազրկությունը գրեթե նույն մակարդակին է:

Այս երկու ցուցանիշները եթե նույնը մնացին, ապա տնտեսական ցուցանիշները, որոնք ներկայացվել են վարչապետին, երեւակայական են լինելու»

Մանրամասն՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Նույն շարքից