Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների պատասխանատուներ:
Քննարկվել են գալիք տարվա համար «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում արդյունաբերության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին, սակագնային քաղաքականությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի կոմիտեի, քաղաքաշինության ու ջրային տնտեսության ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները, պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը, իսկ ոլորտների պատասխանատուներն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչություններում իրականացվելիք ծրագրերին, վարվող քաղաքականությանը, պատասխանել պատգամավորների հարցերին:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2019 թվականի համար ծրագրվել են 1,399.2 մլրդ դրամի չափով, որից 2.1 մլրդ դրամը արտաբյուջետային ծրագրերի գծով: Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ակնկալվում է ստանալ 39,0 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ: Զեկուցողի տեղեկացմամբ` այլ եկամուտների գծով մուտքերը ծրագրվել են 52.4 մլրդ դրամի չափով, որից 25.9 մլրդ դրամը արտաբյուջետային ծրագրերի գծով: Փաստաթղթով ծախսերի ծավալը ծրագրվել է շուրջ 1,642.2 մլրդ դրամ` ներառյալ արտաբյուջետային հաշվի միջոցներով իրականացվող ծախսերը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նաև խոսել է հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունների մասին` ընդգծելով, որ ներդրումային գրավչության բարձրացումը հնարավորություն կտա բարելավել տնտեսական ակտիվությունը` դրանով իսկ նպաստելով արտահանման և տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը:
Ատոմ Ջանջուղազյանը նաև պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ներդրումների աճին, հարկային ընթացակարգերի պարզեցմանը, մարզերի համաչափ զարգացմանը, աղքատության շեմի իջեցմանն ուղղված կառավարության քայլերին, ստվերային տնտեսության կրճատմանը:
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի` կոմիտեի կողմից ծրագրային բյուջետավորման շրջանակում ներկայացված ծրագրի նպատակն է ապահովել հարկային, բյուջետային եկամուտներ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 8,372.5 մլն դրամ` 2018 թվականի պետական բյուջեով հաստատված 4,822.5 մլն դրամ գումարի դիմաց: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի? տարբերությունը, որը կազմում է 3,550.0 մլն դրամ, հիմնականում պայմանավորված է վարկային ծրագրերով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ նախարարությանը գալիք տարում կհատկացվի 107,232.5 մլն դրամ: Նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով ծրագրերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2019 թվականին կհատկացվի 43,505.3 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ` նախարարությունը որոշ ծրագրեր կիրականացնի նաև արտաքին աղբյուրների ֆինանսավորմամբ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 798 մլն 863 հազար դրամ, որը, ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանի, կուղղվի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը և հանձնաժողովի պահպանության ծախսերին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացմամբ` հանձնաժողովին կհատկացվի 400 մլն դրամ, որը հիմնականում կուղղվի այս մարմնի պահպանության ծախսերին և աշխատավարձերի վճարմանը:
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի` 3,991.2 մլն դրամ կհատկացվի կոմիտեին:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի տեղեկացմամբ` իր ղեկավարած կոմիտեին կհատկացվի 2 մլրդ 215 մլն դրամ:
32 մլրդ դրամ էլ, ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանի, կհատկացվի ջրային կոմիտեին:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում Արմեն Աշոտյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով ոլորտներին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները, նշել է, որ 2019 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 14,9 մլրդ դրամ, որի շուրջ 69 տոկոսը կօգտագործվի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը կազմակերպելու համար: Պետական կառավարման գործառույթի իրականացման նպատակով շուրջ 1,8 մլրդ դրամ է հատկացվել: Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ 2,5 մլրդ դրամ, արարողակարգային ծառայություններինը՝ շուրջ 183 մլն դրամ:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ սփյուռքի նախարարությանը կտրամադրվի շուրջ 1 մլրդ 149 մլն դրամ. հիմնական միջոցները կուղղվեն նախարարության պահպանման ծախսերին, մնացածը՝ տարատեսակ ծրագրերի իրականացմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել են իրենց նախարարությունների կողմից իրականացվելիք ծրագրերն ու գերակա ուղղությունները:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախարարությունում և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում բարեփոխումների գործընթաց է իրականացվում, փորձ է արվում առավել արդյունավետ դարձնել աշխատանքը, դա վերաբերում է կառուցվածքին, մարդկային ռեսուրսների կառավարմանը, ֆինանսական ու վարչական հատվածին: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հենց այս համատեքստում են կազմվել ոլորտի բյուջետային ծախսերը:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ծրագրային բյուջետավորմամբ նախատեսված է 4 հիմնական ծրագիր, որոնցից մեկը պահպանման ծախսերն են: Սփյուռքի հայապահպանության ծրագրի համար նախատեսվել է 371 մլն 515 հազար դրամ, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրով՝ 191 մլն 536 հազար դրամ, Հայրենադարձության ծրագրով՝ 142 մլն 480 հազար դրամ:
Պատգամավորների հարցադրումներն առնչվել են արտաքին քաղաքական գործընթացներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքական մարտահրավերներին, Հայաստանի լոգիստիկ ծառայություններին և բյուջետային մի շարք ծրագրերի իրականացմանը: