Տնտեսություն 

Պարոն վարչապետ, անցյալի էջը պետք է փակել․ Բագրատ Ասատրյան

Ես խորհուրդ եմ տալիս վարչապետին, նոր իշխանությանը, նոր կառավարությանն անցյալի հետ բարիշել, անցյալի էջը պետք է փակել։ Այսօր՝ նոյեմբերի 23-ին, տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովում հայտարարեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ այսօր մեր տնտեսության տակ բազմաթիվ ռումբեր են դրված․ «Որ ոլորտում մտնում ես կոռուպցիոն ռիսկեր են, բայց ես վստահաբար ասում եմ, որ այդ ամբողջ ոլորտն ամբողջովին կոռուպցիոն, ռիսկային, վտանգավոր հետևանք ունեցող հարաբերությունների վրա է կառուցված։ Այս խնդիրը պետք է փակվի»։

Ասատրյանը նշեց, որ վերջին տասը տարիների ամենածանր խնդիրը դա Հայաստանը լքողների խնդիրն է․ «Վերջին տասը տարիներին Հայաստանը լքել է 430 հազար մարդ։ Բացի այդ, մենք ունենք այս շրջանում ծնելիության մակարդակի էական անկում, և գնում ենք ավելի վտանգավոր իրավիճակի։ Առաջիկայում մահացածության թվի աճը, ծնելիության անկումը բերելու է մի իրավիճակի, որ դեպոպուլացիայի խնդրի առաջ ենք կանգնելու, դա ընդամենը երկու, երեք, չորս տարի հետո է լինելու, էլ չեմ նշում ամուսնալուծությունների խնդիրը։ Մենք ունենք մարզ, որտեղ ամեն երկրորդ ամուսնությունն ավարտվում է ամուսնալուծությամբ, դա Լոռիի մարզն է, և սրա պատճառներն էական սոցիալ-տնտեսականաններն են»,-ասաց Ասատրյանը՝ շեշտելով, որ առաջիկա անելիքների մեջ պետք է անդրադառնալ այդ խնդրին, որովհետև որևէ երկրի զարգացման կարևորագույն բնութագիրն ըստ նրա ժողովրդագրական զարգացումն է։

Նա նաև հայտարարեց, որ կոռուպցիան չի վերացել, մենաշնորհները չեն վերացել․ «Մեր տնտեսական համակարգի ուղնուծուծն այսօր էլ այս երևույթներն են կազմում, ընդ որում կոռուպցիան մենք չպետք է դիտարկենք վարչարար և դաշտի մասնակից հարաբերությունների տեսանկյունից, կոռուպցիան այս տնտեսական համակարգի էությունն է։ Արդյունքում, իմ կարծիքով, անարդյունավետությունն էր, որը հատուկ էր մեր տնտեսական քաղաքականությանը, և վերջին տասը տարիների ընթացքում ընդհանրապես տնտեսական քաղաքականությունը հրապարակից հանվեց, գիտական և պետական քաղաքականության հրապարակից, իհարկե քաղաքական դաշտում ինչ-որ մոտեցումներ, ինչ-որ ծրագրեր եղան, բայց դրանք երբեք առարկայական տեսք չստացան»։

Ասատրյանը նշեց նաև, որ ցավոք չգիտի, չի ճանաչում որևէ մարզպետի, որը կարող է ինչ-որ խնդիր դնել և գյուղական միջավայրում կարգավորել․ «Խոսքը հետևյալի մասին է՝ գյուղի բնակչին մասնակից դարձնել այս գործընթացներին, գյուղը բարեկարգելու մեկ պիլոտային ծրագիր արեք, բերեք այնպիսի մի ծրագիր, որին կառավարությունն ընդամենն օժանդակելու է, բայց խնդիրը պետք է դրվի, ֆինանասները կգտնվեն, հատկապես տեղի ժողովրդին աշխատացնելու խնդիրն է, իսկ մենք գիտենք, որ Հայաստանը համատարած չաշխատողների երկիր է դառնում, գնալով այս ծուլությունը իշխող է դառնում»։

Նույն շարքից