Տնտեսություն 

Պայմանավորված նրանով, որ ԵԱՏՄ-ում անձնական բեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, կոշտ պայքար ենք մղելու մաքսանենգ ճանապարհով բերված ապրանքների դեմ. Դավիթ Անանյան

Այսօր՝ հունվարի 10-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ չի կարող ասել, թե ինչքան լոլիկ է ներկրվել Թուրքիայից Հայաստան: Նա նշեց, որ հաշվի առնելով այն փոփոխությունը, ըստ որի անձնական բեռ թույլատրվում է ներմուծել մինչև 50 կիլոգրամ, չեն կարող տեղեկություններ ունենալ մինչև 50 կիլոգրամ ներկրված բեռների մասով, քանի որ այդ բեռները մաքսային ձևակերպում չեն ստանում: Անանյանի խոսքերով, հիմնականում հենց այս ճանապարհով է Թուրքիայից Հայաստան լոլիկ ներմուծվել. «Շատ դեպքերում 10 տոննանոց, 20 տոննանոց բեռնատարերը եկել են Հայաստան-Վրաստան սահմանների միջանկյալ գոտում դատարկել են բեռը, մարդիկ 50 կիլոներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Նման դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ անել: Մաքսանենգ ճանապարհով ներմուծված 50 կիլոների նկատմամբ ես իրավունք չունեմ վերահսկողություն իրականացնեմ, մինչև 50 կիլոգրամ ներմուծվող բեռի նկատմամբ ես չեմ կարող վերահսկողություն իրականացնել:

Մենք հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ է փոխվել՝ անձնական բեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կիլոգրամ, և առավելագույն արժեքային չափ է սահմանվել 500 եվրոն, կառավարությունում քննարկել ենք և շատ կոշտ պայքար ենք մղելու: Կառավարության որոշմամբ այդ առավելագույն չափերը սահմանելիս մենք ցանկություն ունեինք, որ մեր քաղաքացիների վիճակը բարելավենք, որպեսզի իրենք կարողանան իրենց կենցաղային պահանջների բավարարման համար ավելի շատ բեռ բերել»:

Ինչ վերաբերում է ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքներին, Անանյանը նշեց, որ իրենք հանդիպել են ոլորտի ներկայացուցիչների հետ. «Մտահոգությունները ներկայացրել եմ պարոն վարչապետին: Լինելու է հանդիպում վարչապետի մոտ, ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում կոնսենսուսային որևէ որոշում կընդունվի: Ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ»:

Անանյանը նշեց, որ բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ  վերահսկելի է և հենց նրանց մոտ է հարկային բեռը մի քանի անգամ ավելացել՝ համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի կամ արտոնագրային հարկի մեխանիզմի հետ. «Այն ժամանակ հարկային պարտավորությունը 0-ից մի փոքր տարբերվող էր, հիմա մի քանի անգամ ավելացել է, 2018-ի հուլիսի մեկից 2019 թվականի հունվարի մեկը գործող վեց և երեք տոկոսների ժամանակ էֆֆեկտիվ տոկոսադրույքը, հարկային բեռը եղել է 4.5-ից 4.7 տոկոս՝ այսինքն շրջանառության 4.5-ից 4.7 տոկոսը հանրային սննդի կազմակերպությունները մուտքագրել են բյուջե: 2017 թվականին, երբ մենք ուսումնասիրություններ էինք կատարում ոլորտում, ոլորտի ներկայացուցիչները մեզ վստահեցնում էին, որ ոլորտը հնարավորություն ունի 4-5 տոկոս հարկ վճարելու՝ առանց գները բարձրացնելու: Հիմա մենք պետք է քննարկման ժամանակ տեսնենք, կառավարությունը և բիզնեսը պետք է միասին նստեն քննարկեն, տեսնենք, թե ինչպես անենք»:

Անանյանը խոսեց նաև հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին՝ նշելով, որ այն պետք է ԱԺ-ում քննարկվի հնարավորինս շուտ:

  • 43
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 8
  •  
  •  
  •  
    52
    Shares

Related Articles