«ՉԵ՞Ն ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ
Եվ ուրեմն, «տնտեսական հեղափոխության» մեկնարկն արդեն տրված է: Այս խոսքերը մեր կառավարության գերհզոր քաղաքական էլիտան արտաբերում է այնպիսի վստահությամբ, որ տպավորություն է թե նախկինում կանգնած են եղել «Ասիական վագրեր»-ի և «Տնտեսական հրաշքի» իրականացման ակունքներում կամ առնվազն հստակ պատկերացնում են, թե ուր են տանում երկիրը:
Վերջին ամիսների հրապարակային ելույթներից ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները նույնիսկ չեն հասկանում ինչ է նշանակում իրենց իսկ հռչակած «տնտեսական հեղափոխությունը», իսկ ակնկալվող արդյունքների մասին ավելորդ է անգամ խոսել: Իրավիճակը թերևս այդքան ճգնաժամային չթվար, եթե երկրի տնտեսության համար պատասխանատու նախարարությունը տիրապետեր հռչակված «տնտեսական հեղափոխության» ցուցիչներին, սակայն «Հանրային շահերի ազգային կենտրոն» ՀԿ-ի գրավոր հարցմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության չպատասխանելը ապացուցում է, որ ուղղակի չգիտեն ինչ են անում:
Տնտեսության կառավարումը, ինչպես յուրաքանչյուր կառավարման գործընթաց, ենթադրում է քայլերի համակարգված սխեմա, այլ ոչ օդ կրակած խոսքերի հաջորդականություն: Տնտեսության զարգացման լուրջ ռեֆորմներ իրականացվել են այն երկրներում, որտեղ ձևավորվել են հայրենասիրական ազնիվ մղումներով քաղաքական ղեկավարներ, որոնք էլ հստակ նկարագրելով զարգացման ուղին՝ ազնիվ և անկողմնակալ ապահովել են զարգացման դասագրքային ճշմարտությունների իրականացումը…
Տպավորություն է ձևավորում, որ մենք զարգացման նորագույն ճանապարհ ենք հորինել, որը հակասում է դասական մոտեցումներին. բոլոր ապրանքների գներն աճում են՝ «մրցակցային» շուկայի ապահովմանը զուգահեռ, կրճատում ենք՝ աշխատատեղեր ստեղծելու փախարեն, անցումային արդարադատության կիրառմամբ վանում ենք օտարերկրյա ներդրողներին, չենք նվազեցնում ուսուցիչների աշխատավարձը՝ բարձրացնելու փոխարեն, երեք ամիս աշխատավարձ չենք վճարում հետո ինքներս զարմանում ենք, ԲՈՒՀ-երի ռեկտորներին գնահատում ենք «դռները բացելով», անընդհատ պայքարում ենք մինչև հեղափությունը եղած կոռուպցիայի դեմ, իսկ հետհեղափոխական դեպքերում հարգում անմեղության կանխավարկածը և այսպես շարունակ: Ամենակարևորը, այս ամենն անում ենք հրապարակային:
Բոլորը հասկանում են, որ միայն հայտարարելով «օլիգարխը» չվերծվեց «խոշոր սեփականատիրոջ», «մոնոպոլիստը»՝ «շարքային գործարարի», «պետական բյուջեից չարդարացված ճոխությունները»՝ «արդարացվածի», «սևը»՝ «սպիտակի»: Եվ քանի դեռ չի որդեգրվել իրավիճակին ազնիվ գնահատական տալու ճանապարհը, քանի դեռ ռեֆորմներն իրականացվում են միայն բառակազմական և լեզվամտածելակերպային փոփոխությամբ, շուկան շարունակելու է լինել ոչ մրցակցային, վերափոխված գործարարները շարունակելու են ավելի քիչ հարկեր վճարել պետական բյուջե, քան նախկինում, իսկ ժողովուրդը շարունակելու է աղքատ ապրել և սպասել…
Եվ երբ հարցնում ես, թե ինչու չեն հեռացվում այս անկարող նախարարները, հպարտորեն ասվում է, որ դեռևս նրանցից որևէ մեկը չի ձախողել, որ հեռացվի: Եթե նկարագրվածը ձախողում չէ, ապա նրանց հանցավոր անգործությունը վսատահաբար ձախողում է»:
«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ