Տնտեսություն 

Մաքուր էներգետիկայի «անմաքուր» հետևանքները

analitik.am

Տարիներ առաջ, երբ նախանշվում էր Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ուղիները, նախապատվությունը տրվեց հիմնականում փոքր ՀԷԿ-երին, քանի որ մեր երկիրը հարուստ է գետային, հատկապես վայրընթաց գետային համակարգով: Ինչպես հետագան ցոյւց տվեց «մաքուր» էներգետիկայի համար մեր երկիրը վճարեց՝ հարված հասցնելով շրջակա միջավայրին և գյուղատնտեսությանը:

Ի դեպ, ՓՀԷԿ-երի զարգացման համար կառավարությունը պարտավորեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը գնել ՓՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիա՝ խելամիտ գնով:

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 33 ՓՀԷԿ, գործում են 188-ը:

2018թ. էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎատ/ժ:

ՓՀԷԿ-երում ներդրումների ընդհանուր գումարային ծավալը գնահատվել է շուրջ 1 մլրդ․ ԱՄՆ դոլար։ Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի թիվ 209-Ն որոշման 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 23.805 դրամ-կՎատ/ժ` առանց ԱԱՀ, ոռոգման համակարգերի վրա կառուցված ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 15.867 դրամ-կՎատ/ժ առանց ԱԱՀ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.579 դրամ-կՎատ/ժամ:

Ի դեպ, շշուկներ կային, որ էլեկտրացանցերն այնքան էլ ուրախ չեն, որ պարտադրված են գնել ՓՀԷԿ-երի արտադրած ողջ էներգիան, սակայն օրենքը մնում է օրենք: Իհարկե, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, քանի որ հիմնականում ՓՀԷԿ-երը չեն պահպանում սահմանված նորմերը՝ էկոլոգիական թողքը, վերցնում են գետի ջուրն ամբողջովին, երբ սահմանված է, որ ոռոգման համար է առաջին հերթին նախատեսված գետի ջուրը, ձկնային աշխարհին ծանր հարված հասցրեցին: Հատկապես ծանրաբեռնված է Վայոց ձորի Եղեգիս գետը, որի ամբողջ ավազանում, ներառյալ վտակները, շահագործվում է 17 փոքր ՀԷԿ, իսկ կառուցվում է՝ 8-ը:

Բուն Եղեգիս գետի վրա շահագործվում է 9 փոքր ՀԷԿ, կառուցվում է 3 ՀԷԿ`առաջացնելով էկոլոգիական աղետ տարածաշրջանում: Թեև սահմանվել էր, որ Սևան թափվող գետերի վրա ՓՀԷԿ-եր չեն կառուցվելու, սակայն այս նորմը ևս խախտվել է:

ՓՀԷԿ-երի չվերահսկվող ջրառը կարգավորելու համար վերջին շրջանում 97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափ, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել 33 փոքր ՀԷԿ-ի ծախսած ջրին: Մեկ այլ խնդիր էր առաջացրել ջրամբարներից դուրս եկող ջրատարների և գետերի վրա ՓՀԷԿ-երը:

Այս խնդրի մասին տարիներ շաունակ չի խոսվել, սակայն ժամանակին ջրամբարների ջուրը հիմնականում ծառայում էր ՓՀԷԿ-երին, հետո ոռոգմանը և այն համայնքները, որոնք անմիջականորեն կապված էին և են ջրամբարների հետ`ունեն ոռոգման խնդիրներ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտից Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչները փակել էին ճանապարհները՝ պահանջելով Գեղարոտ գետի վրա գործող երկու ՀԷԿ-երի աշխատանքը դադարեցնել, քանի որ համայնքը և ոռոգման ջրի խնդիր ունի, և ջրի որակն է փոխվել:

Հարցը դեռ քննարկվում է:

Եղեգիս գետի ավազանի հարակից համայնքների բնակիչները դարձյալ ժամանակ առ ժամանակ բողոքում են ՓՀԷԿ-երի աշխատանքից, սակայն վերջիններս շարունակում են աշխատել:

Փաստենք, որ, որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր, ՓՀԷԿ-երը պետք է մաքուր էներգիայի օրինակ ծառայեին, սակայն պատկերն այնքան էլ այդպես չէ, գուցե արտադրվում է մաքուր էներգիա, սակայն ՓՀԷԿ-երը փոխարենը էկոլոգիական, գյուղատնտեսական խնդիրներ առաջացրեցին, որոնց լուծման ուղիները դեռևս տեսանելի չեն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից