Տնտեսություն 

Ինչու է Ռուսաստանը հետ ուղարկում հայկական պտուղ-բանջարեղենը

analitik.am

Ռուսաստանի Դաշնության բուսասանիտարական վերահսկողությունը բավականին ուժեղացված է աշխատում և ժամանակ առ ժամանակ հետ է ուղարկում ՌԴ-ում ընդունված չափանիշներին չհամապատասխանող գյուղմթերքը:

Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենը ևս կանգնում է նման խնդրի առջև:

Այս տարի երկու անգամ, Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանված լոլիկը հետ է վերադարձվել. մեկ անգամ 19 647 կգ, մյուս անգամ՝ 18 698 կգ:

Ռուսաստանը նաև վերադարձրել է հայրենական ճակնդեղը՝ 21 857 կգ, կաղամբ՝ 1930 կգ և ծաղկաղամբ 10 950 կգ: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:

Նա նաև հայտնեց, որ գյուղմթերքի հետվերադարձի պատճառներից են փաստաթղթային խնդիրները և մակնշումը:

Նշենք, որ սովորաբար Հայաստանից արտահանված պտուղ-բանջարեղենի մեջ գերազանցված է լինում նիտարտների և պեստիցիդների չափաքանակները:

Analitik.am-ի տվյալներով հիմնական հարվածի տակ է կեռասը, քանի որ լինելով արագ հասնող պտուղ, հասունացման ընթացքում չի հասցնում քայքայել պեստիցիդները և պտուղներում պահպանվում է մնացորդային քանակություն:

Ինչ վերաբերում է լոլիկին, ապա հիմնական խնդիրը մորմազգիների ցեցն է, որ վերջին տարիներին պատուհասել է մեր երկիրը: Այս վնասատուն արդեն հանդիպում է ոչ միայն Արարատյան դաշտում, այլև՝ բարձրադիր գոտիներում:

Հիշեցնենք, որ մեծամասամբ մորմազգիների ցեցի դեմ բուժում չկա, մասնագետները խորհուրդ են տալիս լոլիկ և մորմազգի չմշակել, այլ բանջարեղեն, որպեսզի մորմազգու ցեցը վերանա:

Ինչ վերաբերում է ճակնդեղին, ծաղկակաղամբին և կաղամբին, ապա այս տեսակների մեջ ևս մեծ է լինում նիտրատների քանակությունը. շատ պարարտանյութ են տալիս և արդյունքում բանջարեղենը հավաքում է իր մեջ սահմանվածից շատ նիտրատներ:

Մասնագետներն առաջարկում են կեռասի պարագայում ծառապտուղը վնասատուներից պահպանելու համար օգտագործել արագ քայքայվող թունաքիմիկատներ, որ մինչև կեռասի հասունանալը քայքայվեն:

Ինչ վերաբերում է ազոտական պարարտանյութով պայմանավորված նիտարտների մեծ քանակությունը, պարզապես պետք է գյուղմթերք մշակելիս օրգանական պարարտանյութեր ընտրել, իսկ ազոտականն օգտագործեն սահմանված քանակությամբ: Հակառակ դեպքում, գյուղմթերքը ՌԴ արտահանելիս արտահանողները կանգնելու են խնդրի առջև:

Հավելենք նաև, որ բանջարեղենի մեջ վնասատու հայտնաբերելիս, Ռուսաստանում սովորաբար խմբաքանակը ոչնչացնում է, որպեսզի հիվանդությունը չտարածվի, իսկ նիտրատների և պեստիցիդների դեպքում`հետ են ուղարկում Հայաստան:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից