Տնտեսություն 

2019 թվականի բյուջեն չի կատարվել՝ թերակատարվել է. տնտեսագետ

analitik.am

Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում, որովհետև բյուջեում ճեղքվածք կա: Կառավարությունից խոստանում են, որ բյուջետային վարկի համար սա վերջին անգամ է, որ վարկային միջոցներ են ներգրավվում:

Analitik.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պարզաբանել է, թե արդյո՞ք ճիշտ է բյուջեն համալրել վարկային միջոցներով այն դեպքում, երբ երկիրը զգալի պարտքային բեռ ունի։

Նա նշեց, որ Հայաստանի կարգի երկրների բյուջեները դեֆիցիտային են, և դա նորմալ է։ Կարևորը ոչ թե բյուջեի դեֆիցիտի առկայությունն է, այլ այն, որ դեֆիցիտը կայունության տիրույթում լինի. «Այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի 3 տոկոսից չպետք է գերազանցի։ Հայաստանի պարագայում նույնիսկ նախնական տարբերակի համեմատ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է:

Դեֆիցիտը պլանավորված էր նախնական նախագծում 182 մլն դոլար, այժմ 30 մլն դոլարով կրճատել է, դարձել է 152 մլն, ընդ որում, 182 մլն դոլարի պարագայում դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերություններում դեֆիցիտը 2,6 տոկոս էր, հիմա՝ 2,3 տոկոս: Դեֆիցիտը բավականաչափ կայունության ինտերվալի մեջ է»:

Խոսելով բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմանը, Մարգարյանն ասաց՝ եթե երկիրն ունի զարգացման ծրագրեր և այդ դեֆիցիտը փակելու հնարավորություններ, ապա խնդիր չի տեսնում․ «Այլ բան է, որ այս տարվա իրողությունների ֆոնին, երբ դեֆիցիտը ծրագրված էր 151 մլրդ դրամ, իրականում ընդամենը 2.9 տոկոս էր: Փաստորեն կատարվում է 0.6 տոկոսով, իսկ դա պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ»։

Տնտեսագետը մատնանշեց Հյուսիս-Հարավ նախագծի սառեցումը, որի արդյունքում դեֆիցիտի ծրագիրը թերակատարվեց: Ըստ նրա, բյուջեի ծախսերը զսպել են, և դա մի շարք լուրջ հետևանքներ է ունեցել, սակայն այդ գումարների մի մասը սառեցվել են և կփոխանցվեն հաջորդ տարի:

Մարգարյանը նաև նշեց, որ նախապես ներկայացված բյուջեի եկամտային մասից՝ 60 մլրդ կապիտալ ծախսերի մասով կրճատվել է, որից 27 մլրդ ներքին աղբյուրների հաշվին, 33 մլրդ-ը վակային ծրագրերի գծով: Մյուս կողմից, ծախսային  մասով 36 մլրդ դրամ ավելացել են մի շարք կարևոր նախագծերի կամ ծախսային ուղղություններով ծախսերը:

Տնտեսագետը նշեց նաև, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը բյուջեում պահանջում է 9,7 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ նախատեսված է Ադրբեջանից բռնագաղթվածքների համար բնակարանների գնման համար և այլն:

«Հայաստանի  ճշգրտված բյուջեն՝ 1 տրիլիոն 695 մլրդ դրամ է եկամուտների գծով, 1 տրիլիոն 855 մլրդ դրամ է՝ ծախսերի գծով: Այսինքն՝ 25 մլրդ դրամ կրճատվել է, որը նորմալ է և իրատեսական»,-ասաց նա և փաստեց, որ արդյունքում 2019 թվականի բյուջեն չի կատարվել՝ թերակատարվել է:

Հարցին՝ արդյո՞ք նման իրավիճակ նախկինում ունեցել ենք, տնտեսագետը պատասխանեց՝ ոչ․ «Բոլոր դեպքերում 300 մլրդ դրամի թերակատրումը լուրջ խնդիր է, բայց մյուս կողմից տեղի է ունեցել քաղաքական խզում: Այժմ տասնյակ քրեական գործեր են հարուցված: Այդ գումարները հնարավորինս պետք է երևակվեն և վերադարձվեն պետությանը: Սա բարդ խնդիր է, բայց ժամանակը չի սպասում, պետք է կարողանալ ենթակառուցվածքային ծրագրերն ավարտին հասցնել»,-ասաց Մարգարյանը և շեշտեց հատկապես Հյուսիս-հարավ մայրուղու լոգիստիկ դերը երկրի կյանքում:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից