Տնտեսություն 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 1

Լևոն Շիրինյան

Փիսոփայական գիտությունների թեկնածու,

 քաղաքական գիտությունների դոկտոր,

ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության

 և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ

 

 

Ազգի հարստությունը կախված է բազմաթիվ պատճառներից
եւ ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր բնույթի... ազգային
հզորությունից, աշխարհագրական դիրքից, քաղաքական ու
քաղաքացիական հաստատություններից, օրենքներից,
կրոնից, բարոյականությունից եւ այլն:

Վիտտե

 

 

Հայաստանի Հանրապետության թե՚ ներքին կառուցվածքը, թե՚ արտաքին քաղաքականությունը կրում են երեք հիմնական գործոնի ազդեցությունը.
ա/ ՀՀ (+ Արցախի հանրապետություն) աշխարհագրական որոշակի տեղա-բաշխվածությունը (Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասն է),

բ/ հայկական քաղաքակրթության առանձնահատկությունները (արևմտյան քաղաքակրթության անբաժան մասն է և այն ներկայացնում է Արևելքում, քաղաքակրթությունների հանդիպման և փոխգործության դինամիկ գոտի է),

գ/ հայ ժողովրդի արդի կեցությունը (աշխարհասփյուռ է և նրա փոքրամասնությունն է ապրում հայկական պետական կազմավորումներում ու Ջավախքի ազգային տարածքում):

Յուրաքանչյուր գործոն, մասնավորապես առաջինը, իր ազդեցությամբ պայմանավորում է պետական կազմավորումների առկա վիճակը, թելադրում նրանց առաջընթացի ռազմավարական նպատակները՝ ուժեղ օրգանական պետություն և սոցիալապես ուղղորդված տնտեսական համակարգ:

Բնական է, որ երկրաքաղաքական ակտիվ տեղաշարժերի գոտում գտնվող երկիրն իր սահմանափակ միջոցներով և պաշարներով չի կարող հավակնել տարածաշրջանային գերտերության կարգավիճակին, սակայն համաշխարհային զարգացման փորձի և ազգային ինքնատիպության համադրման միջոցով կարող է ձգտել զարգացման տարածաշրջանային օրենսդրի դերին: Ուրեմն, խնդիրը ռազմավարական նպատակների ճիշտ ընտրությունն է: Իսկ ռազմավարությունը, նշում էր հայտնի Կառլ Ֆոն Կլաուզևիցը, չի կարող բանական հիմք ունենալ, քանի դեռ չի կառուցվել իր հետապնդած նպատակի գիտակցման վրա: Հիրավի, ունենալ ռազմավարություն, «նշանակում է, հստակ պատկերացնել զարգացման նպատակները և ճիշտ ընտրել նրանց իրականացման համար գործունեության ուղղությունները: Իսկ քաղաքական գործունեության նպատակները որոշվում են կախված այն հասարակության մասին պատկերացումներից, որի մեջ մենք ապրում ենք»2: Պարզ է, որ ընտրությունը պետք է ենթարկվի որոշակի պահանջների, այն է՝ պետական կառույցը պետք է բավարարի ժողովրդի կազմակերպման լավագույն տարբերակին և ստեղծի ժողովրդի կարողությունների դրսևորման պայմաններ, մոտ լինելով նրա ինքնատիպությանը, վերարտադրի նրա ինքնությունը:
Որպես այդպիսին հանդես է գալիս «կարգի տեսության» հիման վրա մշակված և Արևմտյան Եվրոպայում, հատկապես Գերմանիայում կյանքի կոչված «սոցիալական շուկայական տնտեսակարգը»:

Ժամանակին ԽՍՀՄ լուծարմանը զուգընթաց, «ժողովրդավարություն» և «ազատականություն» կարգախոսներով տեղի էր ունենում գաղափարական ներթափանցում ետխորհրդային տարածք: Այն իրականանում էր կոմունիզմի դեմ պայքարի գրավիչ դրոշով և ուներ հստակ արտահայտված հակասոցիալիստական բովանդակություն:

Միջազգային իրադրության տեսանկյունից ժամանակը ճիշտ էր ընտրված, քանզի ներթափանցումը տեղի էր ունենում՝

ա/ Արևելյան դաշինքի գահավեժ փլուզման և խորհրդային բռնատիրությունից ժողովուրդների ազատագրման անկասելի մղման պայմաններում,

բ/ Խորհրդային Միության կազմալուծումը և Արևելյան Եվրոպայում «թավշյա հեղափոխությունները» տեղի էին ունենում Արևմուտքում պահպանողական արժեքների վերելքի հերթական շրջափուլի ուղեկցությամբ, սոցիալական շարժման ու սոցիալիստական գաղափարախոսության նահանջի, սոցիալ-տնտեսական ուժեղ ավանդույթներ ունեցող երկրներում (Ֆրանսիա, Գերմանիա և այլն), սոցիալիստների դիրքերի զգալի թուլացման պայմաններում:

Կոմունիզմի տեսությունն ու պրակտիկան ներկայացվում էին միակ սոցիալիստականը: Հընթացս խեղաթյուրվում էին կոմունիզմի և սոցիալիստական գաղափարախոսության միջև գոյություն ունեցող պատմափիլիսոփայական տարաձայնությունների, քաղաքական ըմբռնումների, ներքաղաքական գործելաձևի տարբերությունները: Որպես ձախեր համահարթեցման էին ենթարկվում սոցիալիստները, սոցիալ-դեմոկրատները, կոմունիստները:

Անդրադառնալով սոցիալիստական շարժման շուրջ 1,5-դարյա պատմությանը՝ կնկատենք, որ սոցիալիստական զարգացումը, անցնելով հեղափոխական մարքսիզմի փուլը, թեքվել է հիմնականում բարեշրջական (ռեֆորմիստական) ռազմավարություն՝ դադարելով սոցիալիզմը դիտել որպես որոշակի մոդել իրեն հատուկ հատկանիշներով և հակվել այն տեսակետին, որ գոյություն ունեցող կարգերի շրջանակում՝ ժողովրդավարության պայմաններում և ժողովրդավարական մեթոդներով, անհրաժեշտ է կատարելագործել հասարակական հարաբերությունները:
Նրանք, ովքեր մերժում էին այդպիսի մոտեցումը, սոցիալ-դեմոկրատիայից դուրս եկան, հատկապես Առաջին աշխարհամարտից հետո, և ստեղծեցին կոմունիստական կուսակցություններ: Իսկ ովքեր համարում էին, որ կարելի է գնալ դեպի սոցիալիզմ՝ որպես ինչ-որ մոդել, սակայն հիմնականում խաղաղ, բարեշրջական մեթոդներով, գերադասեցին իրենց անվանել սոցիալիստներ: Սրանց մեջ առաջին հերթին պետք է նկատի ունենալ Ֆրանսիայի սոցիալիստներին:

Սակայն վերջին տարիներին սոցիալիստների ու սոցիալ-դեմոկրատների միջև գոյություն ունեցող տարբերությունները ջնջվում են: Նրանք բոլորը թեքվում են դեպի սոցիալ-լիբերալ պլատֆորմ: Հատկանշական է, որ գրեթե բոլորն էլ միևնույն դիրքերում են՝ ժողովրդավարություն, սոցիալական և իրավական պետություն, գործունեության բարեշրջական մեթոդներ, կողմնորոշում հասարակական հարաբերությունների հումանիստականացում:

Նույնիսկ եվրոպական կոմունիստական կուսակցությունները, ըստ էության, աննշան վերապահումներով, ընդունեցին խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքները և լռելյայն համաձայնեցին սոցիալական շուկայական տնտեսության իրողություններին: Իսկ եվրոպական սոցիալ-դեմոկրատները, հարմարվելով արդյունաբերական երկրների նոր զարգացումներին, հաշվի առնելով արագ փոփոխվող պայմանները, սկսեցին շրջվել դեպի սոցիալական ազատականության դիրքեր՝ XX դարի վերջին տասնամյակի երկրորդ կեսերին քաղաքական իշխանության ոլորտում նորից վերադարձնելով կորցրածը:

Սոցիալիստական շարժման դասական հայրենիքը՝ Եվրոպան, XXI դար թևակոխեց սոցիալ-դեմոկրատական «կողմնորոշում» ունեցող երկրների (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) գլխավորությամբ: Եվրախորհրդարանում Սոցինտերնը ունենալով պատգամավորական խոշորագույն խմբակցություններից մեկը, քվեարկում է հավա¬քական կարգապահության սկզբունքով:

Եթե նկատի ունենանք ՀՀ տնտեսատեխնիկական ընդհանուր քայքայվածությունը, և միաժամանակ աշխատավորական շարժման իսպառ բացակայությունը, ՀՀ ներքին զարգացումը պահանջում է քաղաքական պայքարի գործելաձևի ճիշտ ընտրություն:

Նորանկախ Հայաստանի բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարությունների պատճառների թվում առաջինը, թերևս, տնտեսական հարաբերությունների ոլորտում արմատական հեղաշրջումն էր: Մինչդեռ տնտեսական հարաբերությունների ոլորտն էր, առաջին հերթին, պահանջում ծրագրված բարեփոխումների քաղաքականություն և հանրապետության զարգացման հստակ հայեցակարգ:

Որպես արդյունք՝ ստեղծվեց մենաշնորհայնացված հասարակություն, որը նույնիսկ չի նպաստում «արդյունաբերական ազգային բուրժուազիայի» կայացմանը:
Ստեղծված կացությունը, այդուհանդերձ, ուղղել հնարավոր է: Այն կապված է արդիականացման (մոդեռնեզացիա) քաղաքականության որդեգրման հետ, առաջին հեր¬թին հընթացս ուղղորդելով տնտեսական փիլիսոփայության3 հայեցակարգը:

Մեզանում, թերևս, հասարակական, պետական կյանքի կազմակերպման, ազգային տնտեսության մոդելի վերջնական ընտրությունը պետք է կատարվի գոյություն ունեցող երկու հիմնական տիպերի միջև:

Առաջինը՝ այսպես կոչված ամերիկյան տիպն է, որը իրականացել է դասական տնտեսական ազատականության հայեցակարգով: Այստեղ պետության դերը հասարակության տնտեսական ու սոցիալական հարաբերությունների ոլորտում, ճիշտ է, ընդունվում է, սակայն այդպիսի կարգավորմանը ավանդականորեն հատկացվում է ավելի համեստ դեր, քան ինքնագործ տնտեսական սուբյեկտներին (ենթականերին): Ակնհայտ է, որ ՀՀ տնտեսական քաղաքականությունը մինչև օրս, որպես իշխող միտում, ունեցել է ամերիկյան ուղղություն, թեկուզ և իրական կյանքում այն անճանաչելիորեն ձևախեղվել է:

Երկրորդը «սոցիալական շուկայական տնտեսության» կարգն է, որը դիտվում է որպես եվրոպական ուղղություն: Այս տիպը գերիշխում է Արևմտյան Եվրոպայում: Սոցիալական շուկայական տնտեսության հանգուցային սկզբունքները երեքն են, Ազատություն (Freiheit), Իրավունք (Recht, Rechtssatant), Կարգ (Ordnung), որոնք էլ կազմում են ժողովրդավարական հասարակության կառուցվածքի հիմնարար (ֆունդամետալ) սկզբունքները: Այստեղ տնտեսավարման կառուցակարգը չի պատկերացվում այլ կերպ, քան սոցիալապես ուղղորդված: Այլ կերպ՝ սոցիալական խնդիրը ներակա (իմպլիցիտ) է տվյալ պետական-տնտեսական կառույցին:

Տվյալ հայեցակարգն իր էությամբ «ազատ շուկայական տնտեսության» ազատական մոդելի տարատեսակն է` դրան հատուկ հատկանիշերով. անհատական ազատությունների երաշխավորվածություն և մասնավոր սեփականության իրավունք, տնտեսական վճիռների կայացման ապակենտրոնացում, ազատ գնագոյացում և ազատ մրցակցություն, ներքին շուկայի բացվածություն: «Սոցիալական շուկայական տնտեսություն» հասկացության հեղինակ Ալֆրեդ Մյուլեր-Արմակը տվյալ տնտեսության իմաստը տեսնում էր շուկայի սկզբունքի` սոցիալական հավասարեցման սկզբունքի հետ զուգակցման մեջ, իսկ նպատակը` մրցակցային տնտեսության բազայի վրա ազատ նախաձեռնությունը սոցիալական առաջընթացի հետ կապելու մեջ` ապահովված հատկապես շուկայական տնտեսական նվաճումներով: Միաժամանակ, Ա. Մյուլեր-Արմանը հնարավոր էր համարում սոցիալական խնդիրների լուծումը ազատ մրցակցության շրջանակներում: 

Ընդսմին «սոցիալական շուկայական տնտեսության» ներկայացուցիչները, ի տարբերություն դասական ազատականության ներկայացուցիչների, չեն ընդունում պետության ինքնաբացարկը՝ տնտեսական և սոցիալական հարցերում: Օրինակ, գերմանական տնտեսական հրաշքի հայր Լյուդվիգ Էրհարդը համարում էր, որ պետությունը պատասխանատվություն է կրում տնտեսական քաղաքականության հետևանքների համար, կայուն իրավիճակի պահպանման և տնտեսական վերելքի ապահովման համար: Նա պատասխանատու է ազգային տնտեսության մրցունակության և համաշխարհային տնտեսության հետ օրգանական համարկման (ինտեգրման) համար: Ավելին, տնտեսական կյանքում կարգավորիչ, պլանային սկզբունքը պետության ակտիվ դերի հետ միասին, ըստ Լ. Էրհարդի, այսօր ցանկացած համակարգի անբաժան մասն է:

Մեզ համար տնտեսական համակարգի ընտրությունը ինքնանպատակ լինել չի կարող: Այն պետք է բավարարի առնվազն երկու պահանջ.

ա/ ունենալ ինքնազարգացման ներունակություն (պոտենցիալ).

բ/ ենթադրի սոցիալական5 խնդրի լուծման հնարավորություններ:

Եթե նկատի ունենանք եվրոպական տնտեսական համակարգի հաջողությունների օրինակը, ինչպես նաև Արևելյան դաշինքի տնտեսական ձախողման պատմությունը, իսկ տվյալ դեպքում էական է համաշխարհային փորձը, կտեսնենք, որ ազատության ու մրցունակության սկզբունքների վրա կառուցված հասարակարգը առավել չափերով է ազատագրում մարդու ստեղծագործական ներուժն ու նախաձեռնությունը: Որտեղ մրցունակության հանդեպ ոտնձգությունը ոտնձգություն է ազատության դեմ: Քաղաքականության մեջ այն հանգեցնում է ամբողջատիրության (տոտալիտարիզմի), տնտեսության մեջ՝ հենց ձեռներեցության ազատության սկզբունքի ոչնչացման ու հրամայավարչական համակարգի վերակենդանացման:
Լ.Էրհարդն ընդգծում էր, որ ինքնահաստատման անհրաժեշտությունը հատուկ է շուկային: Մրցունակության հատկապես այդ ոգին է, որ ապահովում է տնտեսական առաջադիմությունը և գլխավորապես սպառողին, այսինքն՝ ողջ ժողովրդին թույլ է տալիս օգտվել աշխատանքի ավելի բարձր արտադրողականության պտուղներից: Այստեղից տրամաբանորեն հետևում է, որ շուկայական տնտեսության ավելի բարձր արդյունավետությունը թույլ է տալիս հասնել պահանջմունքների (քանակի, որակի և գների մակարդակի տեսանկյունից) առավելագույն նպաստավոր բավարարմանը: Նկատի ունենալով Արևմտյան Գերմանիայի տնտեսական իրականությունը՝ Լ.Էրհարդը նշում էր, որ ելնելով այդ գործառութային փոխկապվածությունից՝ Գերմանիայի տնտեսական քաղաքականությունը կոչվում է նաև «սոցիալական շուկայական տնտեսություն»:

 

 Շարունակելի ...

 

Նույն շարքից