Լևոն Շիրինյան
Փիսոփայական գիտությունների թեկնածու,
քաղաքական գիտությունների դոկտոր,
ՀՊՄՀ պրոֆեսոր, ՀՊՄՀ քաղաքագիտության
և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ
Սկիզբը՝
Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 1
Ինքնին հասկանալի է, որ ոչ միայն շուկան, այլև ինքը՝ տնտեսությունը և նրա արդյունավետությունը ինքնանպատակ արժեքներ չեն: Նպատակը մարդուն ազատագրելն է, նրա ներուժի (պոտենցիալի) ու նախաձեռնության համար ճանապարհ բացելը, մարդու արժանապատիվ գոյության ապահովումը, նրա ոչ միայն նյութական, այլև հոգևոր պահանջմունքների առավելագույն բավարարումը: Այս տեսանկյունից է, որ կարելի է գնահատել տնտեսական ցանկացած համակարգի իսկական իմաստն ու գոյության արդարացումը:
Ավելին, տնտեսական ու սոցիալական առաջընթացը (այս եզրակացությանն է հանգել նաև արդի սոցիալիստական շարժումը) կապված չէ սեփականության որոշակի ձևի հետ: Այն կախված է արտադրական անկախ միավորների ազատ մրցակցությունից, առհասարակ մարդու ազատությունից, ինչը, սակայն, հնարավոր չէ կազմակերպել առանց պետության: «Սոցիալական շուկայական տնտեսության» հայեցակարգում, ստույգ` «օրդոլիբերալիզմի»6 կանխադրույթներում ընդգծվում է ուժեղ ու արդիական պետության անհրաժեշտությունը: Պատահական չէ, որ այս ուղղության տեսական մշակումները տեղավորվում են «սոցիալական շուկայական տնտեսության» հոգևոր հայր Վալտեր Օյկենի «տնտեսական կարգի» (Wirtschaftsordnung) շրջանակներում:
Օրդոլիբերալիզմը, գնահատելով ազատ մրցակցության դերը հասարակության տնտեսական առաջընթացի մեջ, միաժամանակ ցույց է տալիս «հին» ազատականության հիմնական սխալը` այն, որ նա հաշվի չի առնում ազատ շուկայի մենաշնորհներ (մոնոպոլիաներ) ծնելու վտանգները, էական նշանակություն չի տալիս ոչնչով չսահմանափակված մրցակցության ծնած սոցիալական խնդիրներին: Եվ հաշվի առնելով այս և մյուս էական սխալները, որոնք ծնում է դասական ազատականության վրա կառուցված տնտեսական քաղաքականությունը, «գլխավոր օրդոլիբերալիստ» դոկտոր Վալտեր Օյկենը 30-ական թվականների կեսերին մշակեց սոցիալական շուկայական տնտեսության մոդելի հիմնական սկզբունքները: Դրանցից գլխավորներն են.
- գնագոյացման ազատություն և դրամաշրջանառության կայունություն,
- մրցակցություն՝ առանց մենաշնորհների և մասնավոր սեփականության անխախտություն,
- տնտեսական ինքնուրույնություն և ձեռնարկատերերի պատասխանատվություն,
- պետության սահմանափակ տնտեսական դեր:
«Հիշյալ դպրոցի ներկայացուցիչները,- գրում է պրոֆ. Վիկտոր Վանբերգը,- համոզված էին, որ տնտեսական առողջ քաղաքականությունը պետք է լինի առաջին հերթին կարգի քաղաքականություն` ուղղված իրավական ու ինստիտուցիոնալ կառուցվածքների ստեղծմանը»:
Այդ տեսության հիմնադիրները սոցիալական շուկայական տնտեսությունը դիտում էին որպես տնտեսական, սոցիալական և քաղաքական կարգ` առանձնացնելով հատկապես սոցիալական քաղաքականությունը, դրա յուրաքանչյուր դրսևորումով որպես շուկայի ազատության երկարաժամկետ երաշխավորի:
Օրդոլիբերալիզմի տեսանկյունից պետությունն ինքը պետք է գիտակցաբար որոշի տնտեսակարգի շրջանակները՝ ահազանգելով հասարակության մեջ բացասական միտումների առաջացման մասին: Նա պարտավոր է միջամտել տնտեսական գործունեությանը, որ ապահովվեն մրցակցության նախադրյալները, և հետևի հաստատված «խաղի կանոններին»:
Պետության դերը, ըստ օրդոլիբերալների, հանգում է ֆուտբոլային իրավարարի գործառույթին, «որի խնդիրը չէ, որ ինքը խաղա, և ոչ էլ այն, որ բոլոր խաղացողներին հուշի նրանց բոլոր շարժումները, այլ այն, որ անարգել երաշխավորի բոլոր կանոնների պահպանումը: Դա էլ այն պետությունն է, առանց որի իսկական շուկայական տնտեսությունը գոյություն ունենալ չի կարող»:
«Արդի, իր պատասխանատվությունը գիտակցող պետությունը,- ավելացնում է Լ. Էրհարդը,- չի կարող իրեն թույլ տալ հանգելու գիշերային պահակի դերին»: «Ես փորձում եմ,- ընդգծում էր նա,- շուկայական տնտեսության քաղաքականության միջոցով մշակել նրա կարգը` դրան անհրաժեշտ խաղի կանոններով»:
Օրդոլիբերալիզմը հանդես է գալիս առանձին անհատների ու տնտեսավարող սուբյեկտների տնտեսական շահերի նկատմամբ հասարակական շահերի գերակայությունից, հասարակական տարբեր շերտերի ներդաշնակ համակեցության հրամայականից, «կապիտալիստների» ու «բանվորների» «սոցիալական գործըն¬կերության» անհրաժեշտությունից: Գերմանացի հեղինակ Հ.Մեդնհոլտը հստակեցնում է խնդրակարգը նշելով, որ «սոցիալական շուկայական տնտեսությունը» ազատ շուկայական տնտեսության դասական սկզբունքից տարբերվում է «չորս գլխավոր կետերում»:
Այդ տարբերություններն են.
գ արդյունավետ մրցակցությունը ինքնին տրված բան չէ, այլ սահմանվում է պետության ակտիվ մրցակցային քաղաքականությամբ,
գ շուկայով սահմանված եկամուտների բաշխումը շտկվում (կարգավորվում) է եկամուտների հետագա վերաբաշխումով,
գ պետությունը վարում է ակտիվ իրավիճակային (կոնյուկտուրային) քաղաքա-կանություն, նպատակ ունենալով (դնելով) հասնել լրիվ զբաղվածության, գների կայունության և վճարային հաշվեկշռի հավասարակշռության,
գ բացի եկամուտների վերաբաշխումից, նախատեսվում է նաև ներգործություն ունեցվածքի գոյացման վրա, որի ձեռք բերման մեջ պետք է ընդգրկվեն ազգաբնակչության լայն զանգվածները:
Ավելորդ չէ նկատելը, որ հիշյալ «հրամայականը» հայ քաղաքական միտքը սկսել է յուրացնել դեռևս XX դարի առաջին տասնամյակներից: Այսպես, ներազգային խնդիրների հարցում, պատմական այլ պայմաններում, նույն դիրքորոշումն ուներ նաև Նիկոլ Դումանը դեռևս 1907 թվականին, ՀՅ Դաշնակցության Չորրորդ Ընդհանուր ժողովին (1907 թ.) հղած դիմումով ժողովից պահանջում էր պաշտպանել հայ բանվորության շահերը՝ միաժամանակ թույլ չտալով սպանել հայ արդյունաբերությունը, իսկ «դասակարգային» հակամարտությունը պահել «փափուկ սահմանների» մեջ: Նույն տեսակետն էր պաշտպանում, ըստ էության, հայ ազատական հոսանքը` նրա տիպական ներկայացուցիչ Ալ. Արասխանյանը: Քանզի Ֆրիդրիխ Լիստի հեղինակավոր հաստատումով, «ազգային միասնությունն այն ժայռն է, որի վրա պետք է հենվի նրա բարեկեցությունը, հարգանքի հզորության շենքը, նրա առկա ապահովվածությունն ու գոյությունը, գալիքի վեհությունը»:
Ուստի պետությունը պարտավոր է ընդունել այնպիսի օրենքներ ու որոշումներ, որոնք հասարակությանն ու առանձին անհատներին պաշտպանում են անբարեխիղճ մրցակցությունից, կարգավորում են մրցակցային պայքարի սահմանափակումները: Պետությունը, համաձայն օրդոլիբերալների, պարտավոր է կարգավորել սոցիալական ոլորտը, պաշտպանել հաշմանդամների ու մայրության, ծերերի ու երիտասարդության իրավունքները, երաշխավորել սեփականության իրավունքի գործադրումը, ապահովել բժշկվելու և այլ իրավունքներ:
Տեղին է նկատել, որ դեռեւս XIX դարի 70-ական թվականներին գերմանական նոր պատմական դպրոցի ներկայացուցիչները (Բ. Հիլդեբրանտ, Գ. Շմոլեր, Վ. Զոմբարտ) առաջադրում էին հասարակության մեջ սոցիալական արդարության սկզբունքը արմատավորելու գործում պետության ակտիվ միջամտության անհրաժեշտության խնդիրը: Թեպետ օրդոլիբերալիզմը առաջնությունը վերապահում է անհատական նախաձեռնությանը, այդուհանդերձ ընդգծում է, որ հասարակական կյանքում եսամոլ շահը չպետք է սանձարձակության հասնի: Այն պետք է ենթարկվի հստակ սահմանափակումների: Ընդ որում, մրցակցությունը խթանվում է, իսկ շահույթի աճը ձեռք է բերվում առաջին հերթին իրավական ուժեղ շրջանակների հաստատումով, որն էլ սահմանափակում է տնտեսության մենաշնորհայնացումը, «անմաքուր մրցակցությունն» առհասարակ: Հայաստանի Հանրապետության մենաշնորհայնացված տնտեսության վիճակի արմատական բարեփոխման տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում կարծր «հակակարտելային օրենքի» ընդունման ու կիրառման փորձը Գերմանիայում: Այս օրենքը Լ.Էրհարդը համարում էր «սոցիալական շուկայական տնտեսության» իր ըմբռնումների «միջուկը»:
Ավելին, պետությունը, սոցիալական շուկայական տնտեսակարգում իրականացնելով կարգավորում, կոչված է առանձին անհատների եսասիրությունը ուղղորդել ընդհանուր բարօրության հուն: «Սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգի կենտրոնում,- գրում է Լ.Լ.Վասինան,- գտնվել է անհատական ազատությունն ու պատաս¬խա¬նատվությունը: Կարգի պետական քաղաքականության խնդիրը սոցիալական շուկայական տնտեսության մեջ ազատության, կարգի, անհատապաշտության և կոլեկտիվիզմի միավորումն է ներդաշնակ միասնության մեջ «բարեկեցություն բոլորի համար» ձեռք բերելու նպա¬տակով»:17 Տնտեսական և հասարակական այս համակար¬գը ապահովում է շուկայական տնտեսության բարձր արդյունավետություն և այդ հիմքի վրա երաշխավորում է երկրի քաղաքացիների համար սոցիալական առավելագույն արդարություն, ապահովվածություն և սոցիալական առաջընթաց 171:
Այսպիսով, տնտեսական արդար կարգը և տարբեր «խմբային շահերի» համաձայնեցումը, դրանց հաշվեկշռի պահպանումը կարող է ապահովել միայն պետությունը, եթե ճիշտ է որոշում իր դերն ու խնդիրները:
Առաջին. պետությունը պարտավոր է սահմանել խաղի պարզ, միասնական և արդար կանոններ, որոնք թույլ չեն տա արտոնություններ, ոչ էլ խտրականություն:
Երկրորդ. պետության խնդիրն է հետևել, որպեսզի այդ կանոնները պահպանվեն խաղի բոլոր մասնակիցների կողմից:
Երրորդ. պետությունն ինքը չպետք է միջամտի խաղին: Նրա գործառույթը անկողմնակալ իրավարարի դերն է, որը սրբագրում է խաղացողների վարքագիծը դաշտում՝ համաձայն մշակված կանոնների:
Չորրորդ. նրանց համար, ովքեր (տարիքի, հիվանդության կամ այլ պատճառներով) ի վիճակի չեն մասնակցել մրցակցությանը, պետությունը պարտավոր է ապահովել սոցիալական պաշտպանության անհրաժեշտ նվազագույնը:
Առանձին հետաքրքրություն է ներկայացնում «սոցիալական շուկայական տնտեսության» ընդգծված ձգտումը՝ լուծել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալ-քաղաքական խնդիրներ: Լայն առումով այն ուղղված է մարդուն, նրա ազատությանը, սոցիալական պաշտպանվածությանը: Նույն Լ. Էրհարդը գտնում էր, որ «սոցիալական շուկայական տնտեսության» համակարգի արդյունավետությունն ու արդարության գլխավոր չափանիշը ոչ թե ձեռնարկատերերի շահույթների չափերն են, այլ այն առավելությունները, որոնք ստանում են սպառողները: Մի հայեցակարգ, որը ճանապարհ է բացում դեպի ազատ, տնտեսապես արդյունավետ, ինքնազարգացող կայուն հասարակություն
:
Դասական ազատականության նախկին՝ քաղաքականության հանդեպ տնտեսության առաջնության կանխադրույթին օրդոլիբերալները հակադրում են տնտեսության նկատմամբ քաղաքականության ու պետության առաջնության տեսակետը: Ընդսմին, պետության միջամտության նպատակը տնտեսության ոլորտում սահմանափակվում է «գործունակ շուկայական տնտեսությանը» օժանդակելով, իսկ միջամտության միջոցները՝ «շուկայականի» շրջանակներով: Այլ կերպ՝ պետությանը հնարավորություն է տրվում «տնտեսական գործընթացի» վրա ազդել միայն դրամավարկային քաղաքականության լծակներով:
Ակնհայտ է քննվող սոցիալական շուկայական տնտեսակարգը բազմաբնույթ է և Հայաստանի հանրապետության համար ուսանելի: Ուսանելի` նաև այն պատճառով, որ տվյալ հայեցակարգը թույլ է տալիս, կարծում ենք, ներդաշնակության եզրեր գտնել հասարակական-տնտեսական կարգի և, տվյալ դեպքում, հայոց ինքնատի¬պության միջև, այն ծառայեցնել ժողովրդի բարոյական ու հոգևոր վերածննդին: Եվ այդ իմաստով անհրաժեշտ է «ազգայնացնել» այն: Առավել ևս, որ այն «ներծծված» է քրիստոնեության սոցիալական դավանանքի երկու՝ անձի և փոխարկելիության (субсидиарность) հիմնական սկզբունքներով:
Առաջինը պետության ուշադրության կենտրոն է մղում մարդուն՝ նրան վերածելով տնտեսական ու հասարակական գործունեության չափանիշի: Եվ այդքանով հաղթահարում է ծայրահեղացված էտատիզմը (ֆրանսերեն etat-պետություն): Երկրորդն, ըստ էության, ծառայում է ընդունվող ընդհանուր որոշումների ապակենտրոնացմանը՝ առավելագույն ինքնուրույնություն և նախաձեռնություն վերապահելով հասարակական կյանքի կազմակերպման ստորին օղակներին, յուրօրինակ անտես սահման դառնալով տնտեսական գործունեության պետական կարգավորման ու սոցիալական հարաբերությունների միջև՝ ապահովելով առավելագույն ճկունություն առանձին տնտեսական ենթակաների (սուբյեկտների) ու նրանց միավորումների, նաև պետական կառույցների ու գործառույթների միջև:
Սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգը և դրանից բխող գործնական քաղաքականությունը, արտահայտելով ժողովրդի հիմնական զանգվածի և ազգային կապիտալի կենսական շահերը, կարող են հանդես գալ իբրև իրական այլընտրանք գոյություն ունեցող համակարգին, կարող են ՀՀ տնտեսական եւ քաղաքական նպատակների ռազմավարությունը ուղղորդել տևական ժամանակաշրջանով: Եթե, անշուշտ, պահպանվի իրական վերափոխումների այն մեթոդաբանությունը (մարտավարությունը), որն անցել է գործնական քաղաքականության փուլով Արևմտյան Եվրոպայում: Նույն Լ.Էրհարդը, նկատի ունենալով Գերմանիայի անցման շրջանի բազմաբովանդակ կյանքը, գտնում էր, որ համապատասխան քաղաքականության արդյունավետության համար, այն պետք է հասկանալի լինի քաղաքացիներին, համոզի նրանց իր ճշմարտացիությամբ, լինի հետեւողական, քանզի անհետևողական, տատանումներով վարվող քաղաքականությունը վատթարագույնն է: Նա պետք է լինի բաց ու ազնիվ և ի վերջո մարտավարորեն (տակտիկապես) ճիշտ կառուցվի, ուստի և կողմնորոշվի ոչ միայն երկարաժամկետ վերջնական արդյունքներին, այլև բնակչության ժամանակային ակնկալիքների տեսակետից լինի համոզիչ` ցուցադրական արդյունավետ տպավորություններով:
Շարունակելի ...