Տնտեսություն 

Ո՞վ է իրավունք տալիս սուպերմարկետների տերերին խախտել մարդու հիմնարար իրավունքները

 

Մինչ մեր երկրի հայտնի և անհայտ սուպերմարկետների սեփականատերերը վայելում են իրենց «վաստակած» հանգիստը՝ քեֆ անում, Ամանոր և Սբ. Ծնունդ նշում (մեծամասամբ` հայրենիքից հեռու՝ արտերկրում), այդ «օբյեկտների» աշխատակիցները շուրջօրյա ծառայություն են մատուցում իրենց «տերերին»` տարվա ամենանշանավոր տոնն անգամ անցկացնելով խանութի պատերից ներս:


Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին վաղուց դադարել է զարմանալ նմանատիպ երևույթների վրա և ճարահատյալ հարմարվում է աշխատանքային ցանկացած պայմաննների, միայն թե գործը չկորցնի:


Եվ, իհարկե, ամենևին էլ կարևոր չէ, թե ինչ սահմանումներ է ամրագրված աշխատողների համար «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով: Կարևորը` գործատուներն ու օբյեկտների տերերն ունեն իրենց սեփական «օրենքները», որոնց դեմ ի զորու չեն անգամ մեր երկրի օրենսդիրները: Իսկ աշխատողների համերաշխ հանդուրժողականությունը, ինչպես վերը ասացինք, ունի իր արդարացի պատճառը:


Analitik.am-ը օրերս շրջայց կատարեց մայրաքաղաքի սուպերմարկետներով և պարզեց, որ այնտեղ աշխատանքի տեղավորված մեր հայրենակիցներն աշխատել են և՛ դեկտեմբերի 31-ին, և՛ հունվարի 1,2,3-ին: Ի՞նչ կարող ես անել` ղեկավարության պահանջն է, ուզես, թե չուզես, պետք է աշխատես: Դա, թերևս, կարելի է հասկանալ, այլ հարց է` ինչպե՞ս են վարձատրվում այն մարդիկ, որոնք աշխատում են իրենց հանգստի և արձակուրդի հաշվին: Օրինակ, «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցներից մեկը analitik.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում է այս խանութում, սակայն ոչ մի անգամ Նոր տարին տանը չի անցկացրել: «Ճիշտ է՝ հերթափոխով ենք աշխատում, բայց ի՞նչ օգուտ, կարծես «փշերի վրա» լինենք, անընդհատ ժամին ենք նայում, թե երբ է գալու մեր աշխատանքի ժամը. Շատ կցանկանայինք բոլորի նման գոնե երկու օր տանը մնալ, նորմալ հանգստանալ, բայց հնարվոր չէ…»,-դժկամությամբ ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե, այդ դեպքում, գոնե աշախտավարձում հավելավճար լինո՞ւմ է: Ասաց, որ ոչ, «ոչ մի ավել կոպեկ. ստանում ենք այնքան, որքան մնացած սովորական օրերին»: Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև երևանյան մի շարք այլ սուպերմարկետներից:


Իսկ ի՞նչ է ասում այդ մասին ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:


ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածն, ի դեպ, ամբողջովին նվիրված է աշխատանքի հետ անքակտելիորեն կապված անձի հանգստի և արձակուրդի իրավունքին։ Ըստ այդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք։ Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով»:


Ուշագրավ է հատկապես օրենսգրքում տեղ գտած այն դրույթը, որը պարզաբանում է, թե ինչ պայմաններով են աշխատողները հանգստյան օրերին ներգրավվում աշխատանքում։


Այսպես՝ ըստ օրենքի՝ բանվորներն ու ծառայողները հանգստյան օրերին աշխատանքում ներգրավվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի գրավոր հրամանի հիման վրա։ Հանգստյան օրերին կատարած աշխատանքը, կողմերի համաձայնությամբ, կարող է փոխհատուցվել՝ մեկ այլ հանգստյան օր տրամադրելով կամ դրամական վարձատրության ձևով:


Հանգստյան օրը կատարված աշխատանքի համար վարձատրությունը կատարվում է կրկնակի չափով՝ հետևյալ կարգով՝ 1) գործավարձով աշխատողներին՝ գործավարձի կրկնակի գնահատմամբ. 2) այն աշխատողներին, որոնց աշխատանքի վարձատրությունը կատարվում է ժամային կամ օրական դրույքներով՝ ժամային կամ օրական դրույքի կրկնակի չափով 3) այն աշխատողներին, ովքեր ամսական աշխատավարձ են ստանում՝ ժամային կամ օրական դրույքի միապատիկի չափով, բացի աշխատավարձից, եթե տոնական օրը աշխատանքը կատարվել է աշխատաժամանակի ամսական նորմայի սահմաններում, և ժամային կամ օրական դրույքի կրկնակի չափով, բացի ռոճիկից, եթե աշխատանքը կատարվել է ամսական նորմայից ավելի:


Որո՞նք են համարվում ՀՀ օրենսդրությամբ ոչ աշխատանքային օրերը, երբ աշխատողը լիիրավ է մնալ տանը և հանգստանալ:


Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ ոչ աշխատանքային օրեր են` Ամանորի և Ծննդյան տոները դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն. «Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում՝ ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Ապա` «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Գիշերային և արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում՝ ժամային դրույքաչափի կրկնակի չափով»:


Նաև տեղեկանում ենք` աշխատանքային օրենսգրքով գործատուն աշխատողների համար պարտավոր է սահմանել հնգօրյա աշխատանքային ռեժիմ և ոչ մի օր ավելի:


Իսկ ի՞նչ ռեժիմով են աշխատում Հայաստանում ապրող աշխատող մեր հայրենակիցները: Գաղտնիք չէ, որ վերջիններս, որոնց բախտ է վիճակվել դառնալ այդ սուպերմարկետների «ստրուկները», շաբաթվա յոթ օրն էլ աշխատում են: Եվ եթե օրենսգրքով աշխատանքային ժամը համարվում է օրական 8 ժամը, ապա, մեր դառը իրականությունը պարտադրում է աշխատել օրական 10-12 ժամ: Հարկ է նշել, որ օրենքով աշխատողը վեցերորդ օրը աշխատելու պարագայում պետք է վճարվի կրկնակի և ստանա հավելում` 30 տոկոսով, այլապես, այս դրույթները չկիրառելու պարագայում , ըստ ՀՀ օրենսգրքի, գործատուն խիստ պատասխանատվության կենթարկվի: ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված վերոնշյալ այս դրույթները, գաղտնիք չէ, որ չեն կիրառվում (հատկապես գործատուին պատասխանատվության ենթարկելու մասին դրույթը): Փաստը կայանում է նրանում, որ մեր երկրում ապրող բոլոր գործատուները շարժվում են մի քանի «կարևոր» սկզբունքներով. աշխատանքի են ընդունում բացառապես միայն չափահաս անփորձ աղջիկ-տղաների: Նրանցով համալրելով սուպերմարկետները՝ նրանց տերերը, նվազագույնը, կրկնակի են շահում: Ընտրելով իրենց թիրախը` անփորձներին, գործատուներն անկաշկանդ սկսում են թելադրել իրենց պահանջներն ու պայմանները, քանզի «անփորձները» ոչ միայն չունեն սեփական իրավունքների իմացության բավարար գիտելիքներ, այլև զուրկ են դրանք պաշտպանելու կարողությունից, ինչը, ի դեպ, ձեռնտու է ցանկացած գործատուի:


Հ.Գ.  Երբ վերլուծում ես այս ամենը, մեկ հարց, այնուամենայնիվ,  առաջանում է. Ինչի՞ համար են գրվում այդ հաստափոր օրենսգրքերը, եթե չպետք է կիրառվեն նրանում եղած բազմաթիվ դրույթները: Ինչի՞ համար են «գլուխ ցավեցնում» դրույթների և հոդվածների վրա, եթե դրանք չպետք է  ծառայեն իրենց նպատակին: Եվ, քանի՞ կոպեկ արժեն Օրենքում առկա նույն այդ դրույթները, եթե, ի վերջո,  օրենքի ուժը չպետք է տարածվի օրենքը խախտողների վրա :


Հասմիկ Մովսիսյան

 

 

 

Նույն շարքից