Կառավարության անդամները, Կենտրոնական բանկի նախագահը վարչապետի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում էին՝ ներկայացնելու նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը, սակայն քիչ անց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռացավ՝ բյուջեի թվային ցուցանիշների՝ կատարողականի ներկայացումը թողնելով ՀՀ ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:
Ներկայացնելով հիմնական ցուցանիշները՝ ըստ տարբեր ուղղությունների, Ատոմ Ջանջուղազյանը նշեց. «Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտները ավել են 73 մլրդ դրամով»:
Պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 144 մլրդ դրամ:
Բյուջետային միջոցների հիմնական մասն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին, ինչի հաշվին կատարվել է աշխատավարձերի և թոշակների բարձրացում:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ կանխատեսված տնտեսական աճը չի արձանագրվել արժույթի արժեզրկման, արտերկրից ՀՀ եկող տրանսֆերտների կրճատման, ինչպես նաև այն պատճառով, որ շեղում է արձանագրվել նաև ՀՆԱ-ի անվանական ցուցանիշում՝ կազմելով 5,9 տոկոս աճ:
«Սա բացատրվում է համաշխարհային տնտեսական զարգացումներով, ինչպես նաև համաշխարհային շուկայում ռուսական ապրանքների գների անկմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:
Խոսելով բյուջեից եկամուտների մասին՝ փոխնախարարը շեշտեց, որ ներքին աղբյուրներից հավաքվել է մեկ տրիլիոն 127 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհներից՝ 17 միլիարդ դրամ, հարկեր և տուրքեր՝ 1 տրիլիոն 64 միլիարդ դրամ: Նախատեսված ծախսերը եղել են մեկ տրիլիոն 246 միլիարդ դրամ, փաստացի արձանագրվել է մեկ տրիլիոն 235 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 52 միլիարդ դրամով։
ՀՀ գլխավոր գանձապետը նշեց, որ Հայաստանի պետական պարտքը դեռ ռիսկային դաշտում չէ: Հարկեր և տուրքեր ծրագրային մասի կատարողականում արձանագրվել է մեկ տրիլիոն 64 միլիարդ դրամի կատարողական կամ ՀՆԱ-ի 23,51 տոկոսը:
Նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել է 23, 41 տոկոս: Սակայն նախորդ տարվա համեմատ աճել է պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմելով 27,3 տոկոս:
Պաշտոնական դրամաշնորհների մասով ստացվել 17 մլրդ դրամ:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգմավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե որքան է ՀՀ արտաքին պարտքը և որքան է մնացել ռիսկային դաշտում հայտնվելու համար:
Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 441,5 միլիոն դոլար: Սրա վտանգավորության աստիճանը հետևյալն է, եթե պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60%-ը, երկիրը դառնում է պարտքի կառավարման տեսանկյունից ռիսկային:
Բայց կա նաև զգուշավորություն դրսևորելու մեխանիզմ, երբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մոտենում և անցնում է 50%-ը: