Մշակույթ 

Վեպ՝ երեք բառից. Shakespeare and Company

1919 թվականին Սիլվիա Բիչը  հիմնում է Shakespeare and Company գրախանութը, որը նաև գրադարան էր: Գրախանութի ողջ տեսականին Բիչը ընտրել էր բծախնդրորեն. հնատիպ հրատարակությունների,  բարձրարժեք ստեղծագործությունների  կողքին իրենց տեղն էին գտել նաև այնպիսիք, որոնք ինչ-ինչ պատճառներով համարվում էին արգելված: Այստեղից, օրինակ, կարելի էր ձեռք բերել Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի «Լեդի Չաթերլիի սիրեկանները»: Սա Բիչի գրախանութի ամենագրավիչ առանձնահատկություններից էր՝  գրահրատարակչությամբ զբաղվելու հետ միասին: Նա էր, որ 1922 թվականին առաջին անգամ  հրատարակեց  Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ը, երբ ամենուր մերժել էին  հրատարակել այն: Ի դեպ,առաջին անգամ «Ուլիսես»-ը Նահանգներ է հասնում Էռնեստ Հեմինգուեյի «թեթև ձեռքով»:

 

 

Shakespeare and Company-ն մի վայր էր, ուր ի թիվս մշտական այցելուների  իրենց ժամանակի մեծ մասն էին անց կացնում  Շերվուդ Անդերսոնը, Գերթրուդա Սթայնը, Էզրա Փաունդը, Թոմաս Էլիոթը, Հենրի Միլլերը, Անաիս Նինը, Թորոնթոն Ուալդերը, Սքոթ Ֆիցջերալդը, Պոլ Վալերին, Ժակ Լականը, Անրի Միշոն, Վալերի Լարբոն, Էռնեստ Հեմինգուեյը, Ջեյմս Ջոյսը:Կորած սերնդի հսկաները հավաքվում էին Բիչի ստեղծած կախարդական անկյունում և պատմության մաս դառնում: Բիչը մշտապես օգնում էր ընկերներին գումարով, գրքերով, ապաստան տալիս:

 

 

1941 թվականին, երբ գերմանացի մի սպա մտնում է գրախանութ և ցանկանում գնել Ջ. Ջոյսի «Ֆինեգանի հոգեհաց»-ի վերջին օրինակը, Բիչը հրաժարվում է վաճառել այն: Սպան սպառնում է և հեռանում՝ խոստանալով վերադառնալ: Բիչը մի քանի ժամում դատարկում է գրախանութն ու հեռանում: Վեցամսյա կալանքից, սակայն, խուսափել նրան չի հաջողվում: Բիչն այլևս չի վերաբացում գրախանութը, չնայած որ գրադարանն ամբողջությամբ պահպանված էր:



Սիլվիա Բիչին  բազմաթիվ անգամներ է հիշատակել իր՝ Փարիզի մասին պատմող «Տոն, որը միշտ քեզ հետ է» գրքում Էռնեստ  Հեմինգուեյը: Բիչի մասին նա ասում էր. «Երբեք ինձ ոչ ոք այդքան լավ չի վերաբերվել»:


Ջեյմս Ջոյսը` Shakespeare and Company գրախանութում

 


Սիլվիա Բիչը` Shakespeare and Company գրախանութում


1951թվականին խելառ ու թափառաշրջիկ պոետ  Ջորջ ՈՒիթմենը՝ Ուոլթ ՈՒիթմենի թոռը Փարիզում բացում էմի վայր, որը ապաստանում է թափառաշրջիկ գրողներին, արվեստագետներին ու հասարակ ընթերցողներին:Գրախանութը կոչվում էր  Le Mistral, սական 1964-ին Բիչի համաձայնությամբ այն վերանվանվում է Shakespeare and Company:

Այստեղ կարելի է որոշ ժամանակ ապրել՝ մի քան ժամ աշխատելու, օրական մեկ գիրք կարդալու և կարճ ինքնակենսագրություն թողնելու դեպքում: Shakespeare and Company–ում գրքերն ամենուր են.նոր և օգտագործված գրքեր գրադարակներին, հատակին,   պատուհանագոգերին... Ուիթմենի համար շատ կարևոր էր  գրքերի ընտրությունը:Սիմոնա դե Բովուարի մահից հետո Ուիթմենը գնում է նրա ողջ գրադարանը:



Shakespeare and Company-ն դառնում է Բիթնիկների սերնդի ապաստաններից մեկը: Ուիթմենի մոտ հաճախակի լինում էին Գրեգորի Կորսոն, Լորենս Ֆեռլինգետին, Ալեն Գինգզբերգը, Ուիլյամ Բերրոուզը,Ռիչարդ Ռայթը ... նաև Ուիլյամ Սարոյանը:



Ուիթմենը Shakespeare and Company-ի ոգին էր, փոթորիկների կենտրոնը, Լատինական թաղամասի Դոն Կիխոտը: Սոցիալական ուտոպիա՝ քողարկված գրքերի կրպակով: Վեպ՝ երեք բառից: Ահա թե ինչ էր Shakespeare and Company-ն Ուիթմենի համար:

Այժմ գրախանութը ղեկավարում է Ուիթմենի դուստրը՝ Սիլվիա Ոիթմենը, որը աշխատում է պահպանել  ավանդույթները: Shakespeare andCompany-նչի դադարում  ապաստանել  շրջիկ հոգիներին, հրատարակել արժեքավոր ատեղծագործություններ, գրական հնչեղ իրադարձությունների կենտրոն լինել:Այստեղ ամեն տարի շարունակում են ապրել ու ստեղծագործել հարյուրավոր արկածախնդիրներ:

Ահա թե ինչպես իրար հետ կապ չունեցող երկու գրախանութ միախառնվեցին և միմյանց շարունակություն դարձան:

 

Նյութը պատրաստեց Սոնա Հարությունյանը

Նույն շարքից