Տնտեսություն 

Հայաստանը ներկայացնող ԵՏՀ նախարարների գլխավոր խնդիրներից է ադապտացնել երկիրը ԵՏՄ–ին. Մինասյան

Հայաստանը ներկայացնող ԵՏՀ նախարարների գլխավոր խնդիրներից է ադապտացնել երկիրը ԵՏՄ–ին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը` նախօրեին ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում անցկացված «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովի ժամանակ։



Ինչպես հաղորդում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը, Մինասյանը նշել է, որ կան միավորման գործընթացին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք լրամշակում են պահանջում։ Դրանք, մասնավորապես, կապված են միգրացիայի և անուղղակի հարկման հետ, սակայն այդ խնդիրները քննարկվում են, օպտիմալ լուծումներ են գտնվում։



ԵՏՀ նախարարն առանձին նշել է հայ ձեռներեցների հետաքրքրությունը համատեղ նախագծերի իրականացման նկատմամբ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, նա վստահություն է հայտնել, որ այս ոլորտում մասնակից երկրները մեծ ներուժ ունեն։



Մինասյանը նաև նշել է, որ 2014 թվականն առանձնահատուկ էր եվրասիական ինտեգրման համար։ Նա հիշեցրել է, որ մեկ տարվա ընթացքում մասնակից երկրները ստորագրել են երեք լուրջ փաստաթուղթ` ԵՏՄ–ի մասին պայմանագիրը, ինչպես նաև երկու պայմանագիր Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության մասին։



ԵՏՀ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՏՄ երկրների խորհրդարանների անդամներին առաջին երկու փաստաթղթերն օպերատիվ կերպով վավերացնելու համար։



«Պատրաստման փուլում գտնվող Ղրղըզստանի պայմանագիրը դրա արձանագրությունների մշակումից հետո մեր պետությունների կառավարությունների կողմից ևս կներկայացվի խորհրդարաններին։ Եվ մենք հույս ունենք, որ աջակցություն կստանանք վավերացման հարցում», – նշել է ԵՏՀ նախարարը։



Նրա խոսքով` հիմա անհրաժեշտ է իրականացնել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ «Իհարկե, 2015 թ.–ը տնտեսական տեսակետից հեշտ և բարենպաստ չէ ինտեգրման գործընթացի համար։ Սակայն բոլորը շատ լավ հասկանում են, որ նախագծի մասնակից երկրները, անկախ միությանն անդամակցելուց, տնտեսական տեսակետից սերտորեն կապված են և ամեն դեպքում կզգային աշխարհում և Ռուսաստանում գոյություն ունեցող տնտեսական անկայունության բացասական հետևանքները», – ընդգծել է նա։



Ինչպես նշել է Մինասյանը, տարբերությունը միայն այն է, որ հիմա կան հարթակներ և հնարավորություններ խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները համատեղ գտնելու համար։ «ԵՏՄ երկրների համար տնտեսական ճգնաժամի հետևանքները կարելի է նվազեցնել միայն ինտեգրման խորացման միջոցով», – եզրափակել է նա։



Միջոցառմանը մասնակցել են ՌԴ ՊետԴումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Ղազախստանի Մեջլիսի նախագահ Կաբիբուլլահ Ժակիպովը, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, Ղրղըզստանի Ազգային ժողովի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կանիբեկ Իմանալիևը, ԵՏՄ երկրների պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ և գործարարներ։



Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ՏՏ և ԵՏՏ մասնակից պետությունների տարածքում։ 2014 թ.–ի մայիսի 29–ին ՏՏ ԵՏՏ մասնակից երկրները ստորագրել են ԵՏՄ ստեղծելու պայմանագիրը։



Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ին։

Նույն շարքից