Հարցազրույց Մշակույթ 

Հայ հանդիսատեսը պետք է պահանջկոտ լինի. Յաննա Գաբրիելյան

analitik.am

Թատրոն․ վայր ուր մարդիկ գնում են գիտակցաբար խաբվելու և այլ իրականության մեջ հայտնվելու համար։ Մեր օրերում այնքան շատ են ժամանցի վայրերը, որ երբեմն կարծիք է ստեղծվում, թե մարդիկ շատ քիչ են թատրոն հաճախում։ Դա այդպես չէ։ Հիմնականում թատրոն գնում են նրանք, ովքեր հասկանում և գնահատում են արվեստը և բոլորովին պարտադիր չէ,որ թատրոն գնան բոլորը․ թատրոնը սրճարան չէ և ամեն մեկի համար չէ։ Ինչպիսի՞ն է այսօր երիտասարդ դերասանի, ռեժիսորի մտածելակերպը, երազանքներն ու աշխատանքը թատրոնում։ Ահա այս ամենի մասին կզրուցենք երիտասարդ դերասանուհի, ռեժիսոր Յաննա Գաբրիելյանի հետ։



  Ինչո՞ւ   որոշեցիք  դերասանուհի  դառնալ։

Այն ժամանակ դեռ դպրոցում էի սովորում: Երևան եկավ Վարդան Պետրոսյանը: Բերել էր Ֆրանսիայում բեմադրված «Հիսուս Քրիստոսի»  թեմայով մի ներկայացման տեսանյութ, որը բեմադրել էր աշխարհահռչակ դերասան Ռոբեր Օսեյնը: Վարդանը պատրաստվում էր համադրել այդ ներկայացումը և իր երաժշտական ծրագիրը: Դա միջազգային ծրագիր էր, որին հրավիրված էին դերասաններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրազիլիայից և իհարկե Հայաստանից: Հայաստանյան դերասանների թվում էր նաև իմ հայրը՝ Երևանի Հ․ Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Գաբրիելյանը: Ես հայրիկիս հետ պատահաբար հայտնվեցի ժապավենի ցուցադրման վայրում: Բեմադրիչները՝ Վարդան Պետրոսյանն ու Արթուր Սահակյանը, ինձ շատ հավանեցին և առաջարկեցին բեմ դուրս գալ մասսայական տեսարաններում, սակայն փորձերի ընթացքում նկատելով իմ ընդունակությունները, վստահեցին նաև երկու Էպիզոդիկ դեր, ինչի համար միշտ շնորհակալ կլինեմ նրանց: Ներկայացումը կոչվում էր « Խաղում ենք 1700 », նվիրված էր Հայաստանում Քրիստոնեության 1700 ամյակին և այսպես, Աստծո կամքով, ես մուտք գործեցի թատրոնի աշխարհ:



Նախընտրում եք լինել ազատ դերասանուհի , թե՞ աշխատել որևէ թատրոնում:

 Ճիշտն ասած կցանկանայի աշխատել մի թատրոնում, որտեղ տիրում է արվեստի մթնոլորտ, որտեղ չկա նախանձ և ինտրիգներ դերերի համար: Որտեղ դերասանները գնահատվում են ըստ շնորհքի և աշխատասիրության: Լինի մի թատրոն, որտեղ  դերասանն այնքան վարձատրվի, որ «հացի խնդիր» չունենա ու չմտածի կողմնակի եկամուտի մասին: Քանի դեռ ես չեմ գտել իմ երազած թատրոնը, ես նախնտրում եմ մնալ ազատ ստեղծագործող: Եթե մի օր լսեք, որ ես մի պետական թատրոնում եմ աշխատում, ապա հաստատ իմացեք, որ այն կրում է վերոնշյալ բոլոր հատկանիշները:



Ձեզ համար ինչո՞վ են առանձնանում դերասանի և ռեժիսորի մասնագիտությունները։

Ռեժիսորի մասնագիտությունը շատ ավելի բարդ է և հետաքրքիր: Դերասանության դեպքում դու վերապրում ու վերարտադրում ես միայն քո կերպարի ապրումները՝ փոխազդեցության կամ հակազդեցության մեջ մտնելով այլ կերպարների հետ: Ռեժիսուրայի դեպքում դու ապրում ու միջովդ անցկացնում ես բոլոր կերպարները, երաժշտությունը, բեմի նկարչական ձևավորումն ու զգեստները, լուսավորությունն ու ամեն մանրուք: Ռեժիսորն է մեղավոր, եթե դերասանը սխալ կատարեց խնդիրը, լույսը սխալ տեղում մարեց, ռեկվիզիտը չկա, երաժշտությունը բարձր էր,  տեքստը չլսվեց և այլն: Հսկայական պատասխանատվություն է դրված ռեժիսորի ուսերին, իսկ դերասանը պատասխանատու է միայն իր խաղի համար:


Ըստ Ձեզ՝ այսօր հայ հանդիսատեսին ի՞նչ է հարկավոր, և նա ստանո՞ւմ է դա:

 Մեր հանդիսատեսը և առհասարակ հայ ազգը դժվար տարիներից սովորել է բավարարվել եղածով: Եթե չկա այն, ինչին ձգտում ես, ընտելանում և սկսում ես ուտել այն, ինչ կա ձեռքիդ տակ, որ սովից չմահանաս: Ինձ թվում է, եթե բեմադրվի ինքնատիպ ու հետաքրքիր ներկայացում, բալետ, օպերա կամ նկարահանվի գեղարվեստական կինոնկար, որը նման չլինի այն համատարածին, ինչին արդեն սովորել է մեր աչքը, ապա կկոտրի բոլորի պատկերացումներն ու կարծրատիպերը առհասարակ արվեստի մասին։ Այդ ժամանակ հանդիսատեսի գլխում հեղաշրջում տեղի կունենա,  և արվեստը վերածնունդ կապրի Հայաստանում:


 

Դուք աշխատել եք նաև հեռուստատեսությունում,նկարահանվել եք սերիալներում, ֆիլմերում։  Ի՞նչ կարծիք ունեք այդ  մասինհաջողվա՞ծ է Հայաստանում սերիալը որպես այդպիսին  և կա՞  ֆիլմարտադրություն առհասարակ։

 

Այո,  նկարահանվել եմ բազմաթիվ սերիալներում և լինեմ անկեղծ՝ կա առաջընթաց, կա աճ, կա զարգացում: Իմ վերջին աշխատանքն էր  «Մեր Գյուղը» 

 սերիալը: Տասնվեց մասից բաղկացած հայկական գյուղի կոլորիտով ու հումորով լեցուն փոքրիկ ֆիլմ: Ռեժիսորը՝ Ելենա Արշակյանն էր,  և բոլորը կերպարները մարմնավորում էին պրոֆեսիոնալ դերասաններ: Նկարահանվել եմ նաև գեղարվեստական կինոնկարներում և՛ ազգությամբ հայ և՛ այլազգի ռեժիսորների մոտ: Կարող եմ ասել, որ կինոարտադրությունն էլ գտնվում է իր զարգացման փուլում: Պարզապես կա ցանկություն, որ սյուժեներն ու դերասանների ընտրությունը ժամանակ առ ժամանակ թարմացվի, քանի որ կան շատ նոր ու հետաքրքիր թեմաներ և դերասաններ:

 


Դուք նաև դասավանդում եք  «Զիս» թատրոն-ստուդիայում, ըստ Ձեզ, ինչի՞ց  պետք է սկսեն այն պատանիներն ու աղջիկները, ովքեր ուզում են դերասան դառնալ։

Պետք է սկսել հարցից, թե ինչու՞ է նա ուզում դերասան դառնալ: Եթե փառասիրությունից կամ սերիալում նկարահանվելու ցանկությունից, ապա պետք չէ ընտրել արվեստի ճանապարհը: Արվեստը պետք է մաքուր ձեռքերով բռնել: Պետք է գիտակցել, որ դառնալով արվեստի գործիչ, ակամայից լինելու ես ուշադրության կենտրոնում և պետք է օրինակ ծառայես՝ քո նիստ ու կացով, արտաքին տեսքով, զարգացվածության և կարդացվածության մակարդակով: Մի խոսքով,  ինչպես ասում էր իմ առաջին ուսուցիչ Արմեն Մազմանյանը «Դա առավելություն չէ, այլ պարտականություն»:


 Եվ վերջում,  ի՞նչ եք մաղթում հայ հանդիսատեսին։

 Հայ հանդիսատեսին մաղթում եմ, որ որևէ թատրոն մտնելիս անջատեն բջջային հեռախոսները, քանի որ դրանք խանգարում են ներկայացման ընթացքին: Իսկ ավելի լուրջ, մաղթում եմ լինել պահանջկոտ, բայց ոչ խիստ, շնորհակալ, բայց ոչ համբերատար և ամենակարևորը՝ մաղթում եմ սիրել թատրոնը:


Վիկտորիա Հարությունյան

Նույն շարքից